Ազգային, տնտեսական շահի գերակայությամբ


- Ես հակված եմ մտածել, որ առաջիկայում մեխանիզմներ կստեղծվեն, ինչն էլ Եվրասիական միության ձևավորման հիմք կհանդիսանա,- ասում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

Ինչպե՞ս կարելի է բնութագրել Հայաստանի Հանրապետության տնտեսական ներկա վիճակը:

- Կարճ կարելի է ասել, որ կայացման փուլում է: Հայաստանում առայժմ չի ձևավորվել ազգային տնտեսություն: Համախառն ներքին արդյունքն անգամ այն տարիներին, երբ ունեցել ենք երկնիշ աճ, որոշակի կախվածություն է ունեցել առանձին ճյուղերի զարգացումից: Իսկ ՀՆԱ-ն պետք է դիվերսիֆիկացված լինի, որպեսզի առանձին մեկ-երկու ճյուղերից կախվածությունը շատ չլինի: Նույնը վերաբերում է նաև արտահանմանը, որի կառուցվածքը հիմնականում ի հաշիվ հանքարդյունաբերության է և պայմանավորված է մեկ-երկու-երեք ճյուղերով: Ազգային տնտեսության մոդելն էլ ձևավորված չի. ոչ միայն ինչ արտադրել, այլ նաև` ինչպես արտադրել: Այս երկու հարցերը կարևոր են մեզ համար: Տնտեսության զարգացման առնչությամբ բազմաթիվ փնտրտուքներ են եղել. անկախության առաջին տարիներից փորձել ենք նմանակել տարբեր մոդելներ, որոնք երբեմն նաև պարտադրված են եղել: Տնտեսության մեջ պետության դերի նվազեցումը` նեոլիբերալիզմը, իրականում պարտադրվել է զարգացող երկրներին, իսկ զարգացած երկրները երբեք առանց պետության մասնակցության չեն զարգացրել տնտեսությունը: Սա առավել ցայտուն դրսևորվեց գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին, երբ ակնհայտ դարձավ, որ զարգացած աշխարհը ուղղակի կեղծ գաղափարախոսություն է պարտադրում զարգացող երկրներին:

- Ո՞ւմ է ձեռնտու:

- Զարգացած երկրներին: Վերջինները նեոլիբերալիզմ պարտադրելով` իրենք գնացել են պետության դերի արժևորման ճանապարհով, ինչը ոչ մի աղերս չունի նեոլիբերալիզմի սկզբունքների հետ, ըստ որի` շուկան ինքը պետք է կարգավորի տնտեսությունը:

Այդ ամենի արտահայտությունը չէ՞ արդյոք, որ մեզանում հանքարդյունաբերությունը կարծես դարձել է անվերահսկելի:

- Դրա արդյունքում Հայաստանը, ինչպես նաև Հայաստանի նման երկրները դարձան շատ խոցելի, որովհետև պետությանը չի թույլատրվել բավարար վերահսկողութ յուն սահմանել, հարկ եղած ժամանակ` նաև պաշտպանել խոցելի ճյուղերը: Իսկ հանքարդյունաբերությունն այսօր իհարկե բավական տեսակարար կշիռ, լուրջ դերակատարություն ունի տնտեսության զարգացման մեջ: Բայց եթե վերամշակող ճյուղերը և վերամշակող արդյունաբերությունը չզարգանան, ապա կարող ենք ասել, որ այս կարգավիճակով Հայաստանը հայտնվել է 18-րդ, 19-րդ դարին բնորոշ իրավիճակում, երբ միայն հումքն է արդյունահանվում և արտահանվում. թերզարգացած երկրին բնորոշ իրավիճակ: Բարեբախտաբար վերջին 2-3 տարիներին պետությունը սկսեց վերանայել իր դերը տնտեսության մեջ, բայց կարծում եմ` շատ թույլ քայլեր արվեցին: Ակնկալում եմ, որ ներկայիս կառավարությունը պետք է ավելի համարձակ ծրագրեր իրականացնի` կայացնելու վերամշակման ճյուղերը:

- Դուք կարծես կանխեցիք իմ հարցը. որո՞նք են այս վիճակից ելքերը:

- Իմ խորին համոզմամբ Հայաստանում պետք է իրականացվի ռեսուրսների հաշվառում: Մենք լիարժեք տեղեկատվության չենք տիրապետում, թե մարդկային ինչպիսի ռեսուրսներ ունենք ըստ մասնագիտությունների, ինչպիսի և ինչ ծավալների հանքահումքային ռեսուրսներ ունենք… բոլորը ընդհանուր դատողությունների և առանձին ընկերությունների աշխատանքների արդյունքներ են: Երրորդը. արտադրական, արդյունաբերական ռեսուրսներ և ֆինանսական ռեսուրսներ: Այս ամենի իրական պատկերը ունենալով միայն կարող ենք ծրագրեր մշակել: Եվ դրանցում սկզբնական փուլում պետք է խիստ ակտիվ լինի պետության հիմնավոր, բայց ժամանակավոր մասնակցութ յունը: Մրցակցային տնտեսությունը ենթադրում է, որ չափից շատ չի կարելի միջամտել և խանգարել: Պետության հիմնական դերը պետք է լինի առողջ մրցակցային միջավայրի ձևավորումը, օլիգոպոլիաների, մոնոպոլիաների վերացումը:

- Իսկ մեր տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանում առկա զարգացումները: Մասնավորապես նկատի ունեմ Իրանի ակտիվացումը, այն կարծես փորձում է Եվրոպային գազ մատակարարել ոչ Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքով:

- Կարծում եմ` պետք է հաշվի առնենք մեզ շրջապատող բոլոր երկրների առանձնահատկությունները և զարգացումները: Ցավոք` Հայաստանում պարզունակ են պատկերացումները Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում առկա զարգացումների և տարածաշրջանային միջպետական ծրագրերի վերաբերյալ: Իրանի պարագայում ես ավելի լավատես եմ, կարծում եմ` Հայաստանի և Իրանի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, ռազմավարական շահերը շատ հարցերում համընկնում են: ՀՀ-ն պետք է փորձի ակտիվացնել իր կապերը նաև Վրաստանի հետ: Մենք բավարարվում ենք Վրաստանի հետ միայն եղբայրական հարաբերություններով և չենք կարողանում տնտեսական օգուտներ քաղել:

Մի հարց` Մաքսային Միությանը մեր հնարավոր անդամակցության մասին: Վերջերս Մինսկում կայացած գագաթնաժողովում այդպես էլ պարզություն չմտցվեց ՄՄ, Եվրասիական Միության հարցում: Բելառուսի նախագահը կարծեմ առաջարկում է մոտ 10 տարով հետաձգել Եվրասիական Միության մասին փաստաթղթի ստորագրումը: Ձեր կարծիքով ի՞նչ կարելի է սպասել այդ Միությանը մեր անդամակցությունից. ի վերջո, ի՞նչ կտա այն մեր տնտեսությանը: Այս մասին կարծիքները ևս տարբերվում են:

- Նախ պետք է հաշվի առնել, որ ցանկացած երկիր չի կարող իր տեղը գրավել համաշխարհային տնտեսության մեջ, եթե այն ինտեգրված չէ տարածաշրջանում: Տարածաշրջան ասվածը պետք է լայն դիտարկել: Հետխորհրդային տարածքը չի կարող այլ երկրների մենաշնորհ լինել: Շատ օրինաչափ է, որ այդտեղ հետխորհրդային երկրները առավել ծանրակշիռ են` Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը նաև արդյունաբերական ներուժ ունեն: Ենթադրելով, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան Եվրամիության հետ, շատ օրինաչափորեն պետք է տնտեսապես ինտեգրվենք նաև հետխորհրդային տարածքում: Խնդիրն այն է, որ առայժմ ձևավորված չեն գրավիչ տնտեսական մեխանիզմներ: Ես հակված եմ մտածելու, որ մոտ ժամանակներս նման մեխանիզմներ կստեղծվեն, ինչն էլ հիմք կհանդիսանա Եվրասիական Միության ձևավորման համար: Պետք է հաշվի առնենք և´ դրական, և´ բացասական կողմերը` գերակա համարելով ազգային, տնտեսական շահը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ