Քայլերի և հակաքայլերի տրամաբանությունը


Միայն անուղղելի լավատեսները կարող էին պնդել, որ Մաքսային Միություն մտնելու որոշման կայացումից հետո Արևմուտքի դիրքորոշումները և վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոփոխություններ չի կրելու: Նույնքան միամիտ կլիներ ենթադրել, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը ըմբռնումով կմոտենան այն իրողությանը, որ ՀՀ-ն լինելով հետխորհրդային պետություն` ավանդաբար եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում: Կամ, շրջապատված լինելով ակնհայտ թշնամաբար տրամադրված հարևան-պետություններով, պարզապես այլընտրանք չուներ` չենթարկվելու Ռուսաստանի կամքին:

Ենթադրելի էր նաև, որ Արևմուտքի դժգոհությունը և «խռովածությունը» դրսևորվելու է հենց ամենակարևոր և խոցելի խնդրում` ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում: Վերաբերմունքի փոփոխության առաջին «ծիծեռնակները» ի հայտ եկան մի քանի ամիս առաջ, երբ ԵԽ-ում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հերթական փաստաթուղթը ընդունելիս, «հանկարծ» ԵԽ-ն մերժեց ՀՀ պատվիրակության առաջարկը, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգայնորեն ընդունված իրավական նորմերին համապատասխան: Այսինքն, ներառելով նաև ազգերի ինքնորոշման իրավունքը: Սա կարելի է համարել առաջին թեթև ապտակը` Եվրամիության հետ ՀՀ ասոցացման պայմանագրի ստորագրումը վիժեցնելու համար: Այնպես որ, բոլորովին էլ անսպասելի չի կարելի համարել վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարությունը, թե ինչ ելակետեր հիմք ընդունելով կարելի է հասնել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը:

Առհասարակ յուրաքանչյուր դիվանագիտական բնույթի հայտարարություն ճիշտ հասկանալու համար պարտադիր պայման է` վերծանել ենթատեքստերը, գտնել և «կարդալ» տողատակերը: Դա անելուց հետո պարզորոշ ուրվագծվում է ամերիկյան տեսակետը` ինչը հնչեցվեց Մինսկի խմբի համանախագահի շուրթերով: Այն է. Հայաստանը համաձայնվում է հանձնել ազատագրված տարածքները` բացառությամբ Լաչինի միջանցքի, ինչի դիմաց Ադրբեջանը պարտավորվում է ընդունել ԼՂՀ անկախությունը: Իհարկե, որպես ձևական վարագույր` հանրաքվեի միջոցով իր անկախության ցանկությունը վերահաստատելուց հետո: Առաջին տպավորությամբ` ոչ մի ցնցող նորություն չի առաջադրել Ուորլիքը: Եթե կրկին վերընթերցենք դեռ տարիներ առաջ համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները, որի տակ իրենց ստորագրությունն են դրել թե´ Ադրբեջանը, թե´ Հայաստանը, կտեսնենք, որ Ուորլիքը այդ նույն սկզբունքները վերաթարմացնելու հայտ է ներկայացրել: Ի դեպ, Ադրբեջանը այդ փաստաթուղթը ստորագրելուց շատ չանցած ներկայացրեց մի անհեթեթ առաջարկ, ըստ որի` ընդունելով Մադրիդյան սկզբունքները, ունի, ոչ ավել, ոչ պակաս 10 վերապահում: Իսկ դա նշանակում էր, իր իսկ ստորագրած փաստաղթղթից փաստացի հրաժարում: Տարբեր միջազգային հարթակներում այդ փաստը բազմիցս է մատնանշվել հայկական դիվանագիտության կողմից:

Մադրիդյան սկզբունքներն ի սկզբանե անընդունելի էին նաև Հայաստանի համար, բայց իշխանությունները այդ փաստաթղթի տակ ստորագրեցին` երկու կարևորագույն պարագա հաշվի առնելով:

ա. Այն պետք է ստորագրվեր` միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ՀՀ-ն թեպետ զիջումների է գնում, բայց հանուն խաղաղության հաստատման որդեգրում է հնարավորինս կառուցողական մոտեցում:

բ. Այդ սկզբունքները պարունակում էին այնպիսի իրարամերժ և գործնականում անլուծելի մոտեցումներ, որ այսպես թե այնպես անհնարին է դրանք կյանքի կոչել: Այնպես որ, ՀՀ-ն խելացի վարվեց` թույլ տալով, որ Մադրիդյան սկզբունքների տապալման ամբողջ պատասխանատվությունը ընկնի Ադրբեջանի վրա:

Այս ֆոնի վրա փորձենք հասկանալ, թե, այնուամենայնիվ, ինչն էր բացասականը Ուոլիքի` բավականին «բաց» տեքստով հայտարարության մեջ: Բանն այն է, որ Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո շատ ջրեր են հոսել: Միջազգային ասպարեզում տեղի են ունեցել իրադարձություններ, աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ որոշակի փոփոխություններ, ինչը է´լ ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծել` ԼՂՀ հիմնախնդիրը հայանպաստ լուծելու համար:

Ինչևէ: Կրկին ընդգծենք, որ Արևմուտքի կեցվածքի խոշոր կամ մասնակի փոփոխությունները պատահական չեն. ավելին` տեղավորվում են առկա իրողությունների տրամաբանության մեջ: ՀՀ դիվանագետները պետք է պատրաստ լինեն նոր, ոչ այնքան հայամետ դրսևորումների թե´ ԱՄՆ-ի, թե´ Եվրամիության կողմից: Այս պարագայում մշտապես օգտագործելի է այն խաղաքարտը, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում ո´չ նախկինում, ո´չ էլ հիմա Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումները չեն համընկել: Եթե նույնիսկ դիվանագիտության տարրական «պահանջով» երկու կողմերն էլ հայտարարեն, թե միակամ են հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ: Իսկ դա լրջագույն խաղաքարտ է և... պիտանելիության ժամկետ չունի...

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ