Քաչալ ոզնի տեսե՞լ եք


Խեղճ այդ փոքրիկին գտել են բրիտանական զբոսայգիներից մեկում` լքված ու միայնակ: Ընդամենը 6 շաբաթական արտասովոր կենդանու հանդեպ, սակայն, մարդիկ անտարբեր չեն մնացել: Փրկել են, անվանակոչել Բետի ու հիմա էլ փորձում են նրան «վերադարձնել» ավանդական փշերը` չնայած այսպես ավելի հեշտ է նրան բռնել մերկ ձեռքերով: Անասնաբույժները զննել են Բետիին և հավաստիացրել, որ նա լիովին առողջ է: Ցեղակիցներից լքված կենդանին սեր է գտել մարդկանց շրջապատում: Եվ այդ շրջապատողներն այնքան մտահոգ են նրանով, որ չեն էլ մտածում նորից բնության գիրկն ուղարկել. - Բետին հեշտ որս կդառնա աղվեսների ու փորսուղների համար: Ավելին, քանի որ ոզնու համար վտանգավոր է արևի տակ լինել, իսկ մշտական ջրազրկման պատճառով նրա մաշկը չորանում է, Բետիի նոր բարեկամները թեյածառի յուղով են պատում կենդանու մեջքը: Գազանիկը վախենում է իր ցեղակից փշավորներից, որոնք էլ իրենց հերթին սարսափից չեն մոտենում վտարյալին: Հետաքրքիր է, բնության մեջ ուրիշ անասեղ ոզնի կա՞. գոնե մեկը, որ Բետիի զույգը դառնա: