«ԱՊՐԵԼՆ ԻՆՔՆԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է»


ՀՀ ժողովրդական արտիստ, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Վոլոդյա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հայ թատրոնի այն նշանավոր անհատականություններից է, ում կարելի է համարել մեր նորագույն շրջանի կերտողներից մեկը: Անհատականություն, ով 1950-ական թվականների սկզբներից մասնակցել է թատերական ընթացքների ձևավորմանը, աշխատել տարբեր թատրոններում, ապա իր խարիսխը նետել Վանաձորում, ուր ապրում է մինչև օրս` իր ապրած 85 տարիների բարձունքից նայելով աշխարհին ու իր ապրած օրերին: - Ձեզ կարելի է լեգենդար անձնավորություն համարել, որովհետև բեմ եք բարձրացել մեր բեմի շատ մեծերի հետ, վայելել Վահրամ Փափազյանի բարեկամությունը: Ինչո՞ւ հուշեր չեք գրում, մանավանդ որ բազմաթիվ պիեսների ու հոդվածների հեղինակ եք: - Ես տարիներ առաջ խաղում էի Վարդան Ադամյան` Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ» պիեսի բեմադրության մեջ: Մի տեքստ կար հուշեր գրելու մասին. «Երբ մարդիկ տեսնում են, որ իրենց մոռանում են, սկսում են հուշեր գրել»... Իհարկե, գիտեմ, որ չեմ մոռացվել, որ, չնայած բեմ չեմ բարձրանում, բայց մոռացության չեմ մատնվել, սակայն հիմա արդեն դժվարանում եմ անցնել հուշերին: Շատ բան խամրել է հիշողությանս մեջ, ֆիզիկական բեռն էլ մեծ է: Նաև մտավախություն ունեմ, որ հուշեր գրելով` կփակեմ հաշիվներս աշխարհի հետ: Իսկ ապրելն ինքնին երջանկություն է: Երբեմն նայում եմ շուրջս ու տեսնում, որ իմ շատ ընկերներ չկան... Տխրում եմ, կարծես ավելորդ եմ համարում իմ ապրելը, բայց հաջորդ պահ հասկանում եմ, որ ես մնացել եմ` գոնե իմ զրույցներով կենդանացնելու իմ գնացած ընկերների հիշատակները... Ծանր է միայն հիշատակների մասին մտածելը, բայց... Եկել եմ այն համոզման, որ հիշատակն ու ներկան, նաև ապագայի մասին մտածումները պիտի միատեղվեն. այդպես հեշտ կլինի և´ առաջ գնալ, և´ կորուստներ չունենալ: Ամենավատն այն է, երբ շատանում են կորուստները, երբ խամրում է հիշողությունը: - Ձեր կյանքն ինքնին օրինակ է շատերի համար, հատկապես երիտասարդների: Դպրոցն ավարտել եք գերազանցությամբ, իրավունք նվաճել առանց ընդունելության քննությունների ընտրել ցանկացած բուհ, սակայն գնացել եք թատրոն: Ինչու՞: - Մի ձմռան օր դպրոցից տուն էի դառնում: Ձյան մեջ ընկած երկու տոմս գտա: Վերցրեցի ու նույն երեկոյան գնացի Ալավերդու պետական թատրոնի ներկայացումը դիտելու: Այդ հրաշալի քաղաքում էինք ապրում, հրաշալի էր նաև փոքրիկ թատրոնը, ուր աշխատում էին հետագայում նշանավոր դարձած շատ արվեստագետներ. Վերջալույս Միրիջանյան, Գևորգ Ասլանյան, Արաքսյա և Հովհաննես Մսրյաններ` վաղամեռիկ իմ տաղանդավոր Վլադիմիր Մսրյանի ծնողները, Վահագն Գասպարյան, ում որդին` Հրաչյա Գասպարյանը օրերս ժողովրդական արտիստի կոչում ստացավ... Սիրահարվեցի թատրոնին, բեմին... Ժամանակ անց արդեն գլխավոր դերեր էի խաղում... Իհարկե, հետագայում ինձ Արմեն Գուլակյանը հրավիրեց թատերական ինստիտուտ, միանգամից երրորդ կուրսի ուսանող դարձա, բայց գիտելիքներս հիմնականում ձեռք եմ բերել ինքնակրթությամբ: Կյանքն էլ իմ համալսարանն է եղել: Ես կրթության հանդեպ մեծ հարգանք ունեմ, ուստի բարձրագույն կրթություն են ստացել իմ չորս զավակները, հիմա էլ` թոռներս: Բարձրագույն կրթությունը փոխում է մարդու աշխարհայացքը, նրան տանում է դեպի կանոնավորված ապրելաձևը, ընդգծում է մարդու տեղը հասարակության մեջ: - Վահրամ Փափազյանի հետ եք բարեկամություն արել: Ինչո՞վ էր հետաքրքիր այդ մեծ դերասանը: - Մեծերը հետաքրքիր են ամեն ինչում և ամեն բանով: Դեռ երիտասարդ, այո, վայելեցի նրա մտերմությունը: Զարմանալի մարդ էր` իր կենցաղով, սովորություններով, իր նախապաշարումներով, դերասանական իր տաղանդով... Բացառիկ էր: Եզակի: Նրա կերպարը առեղծվածներից ու հակադրություններից էր հյուսված: Երբ ուզում էի մնալ Երևանում ու Արմեն Գուլակյանի հրավերին ականջալուր` աշխատել Սունդուկյանի անվան թատրոնում, ինձ կանչեց իր մոտ ու ասաց. «Մանչս, մի կտրվիր քո բնությունից, ճանաչումն այնտեղ էլ կգա»: Չսխալվեց: Իսկ մի օր էլ ինձ ընծայագիր նվիրեց. «Յուղը կճուճիցը, հացը մառանիցը, արվեստը սրտիցդ, ես էլ` մտքիցդ, անպակաս լինենք»... Փիլիսոփա էր, միայն դերասան չէր: Մանկական չարաճճիություններ, կամակորություններ էր անում, սակայն այդ բոլորը նրա խաղի մի մասն էր: Անհունորեն սիրում էր թատրոնն ու հանդիսատեսին, սիրում էր ամենահեռավոր գյուղերում անգամ ներկայացումներ խաղալ: Ժողովուրդն էլ իրեն էր սիրում: Մի անգամ գնում էինք Շամշադին: Երբ ասացի, որ Ցլիկ Ամրամի հայրենիքն ենք գնում` մանկան նման հրճվեց: Ճանապարհը վատն էր, իսկ մեզ տանող մեքենան էլ անսարք էր: Ամբողջ ճանապարհին դժգոհում էր, ցանկանում էր հետ դառնալ: Զայրույթի պահին գոռաց. «Ցլիկ Ամրամին մարը սիրեմ, ետ դառնանք»: Բայց երբ հասանք Բերդ, ու կիսամութի մեջ ժողովուրդը նրան ընդունեց հրապարակում, վառվող մոմերից հրդեհ սարքած` չոքեց, համբուրեց հողը... - Մի տևական ժամանակ ապրեցիք Ստամբուլում, ծանոթացաք տեղի հայ մտավորականների հետ... - Գնացել էի հայ դերասան ու հայ թատերասեր փնտրելու, ուզում էի Պարոնյանի «Պաղտասար աղբարը» բեմադրել: Ավաղ... Հայ թատրոնի օրրան Պոլսում այսօր հայ թատրոն չկա, հայ դերասան չկա... Շատ տխուր էր: Հիասթափությունս մեծ էր: Բայց մնացի մի որոշ ժամանակ: Ինձ պահողը Պոլսի մտավորականներն էին, իմ լավ բարեկամ Արման Վարդանյանը, Րոպեր Հատտեճյանը, Զարեհ Խրախունին, մյուսները... Ճշմարիտ հայեր են, սակայն մի մեծ բան փշրված է նրանց հոգիներում: Իրենց բնավայրում են ապրում, սակայն կարծես հյուր լինեն, որովհետև նրանց մեջ տասնամյակներ շարունակ հենց այս զգացողությունն են արմատավորել... Հասկացա, որ ամեն մարդ իր հողի վրա պիտի ապրի, իր երկնքի տակ, իր ազգային միջավայրում: Արշակ թագավորին հիշու՞մ ես... Անհուշ բերդում փակված` նա միայն աշխուժանում էր, երբ ոտքերի տակ հայոց հողն էր զգում... Ես Ստամբուլում տեսա շատ հայաստանցիների, ովքեր եկել էին աշխատելու: Նրանց հայացքներն այլ էին, այլ էին դեմքերի արտահայտութ յունները... Մեր արևի պակասը կար: Իսկ արևն ամեն տեղ յուրովի է ջերմացնում: - Գիտեմ, որ «Ավանգարդ» թերթի հին ընթերցողներից եք եղել: Այս թերթը հաճախ է անդրադարձել Ձեր դերակատարումներին, Ձեր հիմնադրած դերասանական ստուդիային, որի սաների մեջ եղել են Գրետա Մեջլումյանը, ես, ուրիշներ... Ի՞նչ կասեք մեր թերթի ընթերցողներին: - Հիմա միշտ չէ, որ կարդում եմ թերթեր: Դե, ես քիչ եմ դուրս գալիս տանից, թոռներիս էլ չեմ ուզում նեղություն տալ: Բայց ժամանակ առ ժամանակ կարդում եմ թերթը: Ուրախանում եմ, ոգևորվում, որ իր դեմքը պահպանել է: Ընթերցողների որակը հիմա շատ է փոխվել, ուստի ուզում եմ, որ լավ թերթեր կարդան, գրագետ ու պրոֆեսիոնալ թերթեր կարդան... Կարծում եմ, որ հասկացար, թե ինչ եմ ուզում ասել` չվիրավորելով մյուս թերթերին... ... Ես հեռացա Վոլոդյա Գրիգորյանի տանից` ինձ հետ տանելով նրա մեծագույն պատգամը. «Ապրելն ինքնին երջանկություն է»: Հրաշալի է ասված:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ