ԿՀԱՐԹՎԵ՞Ն ԽՈՒԹԵՐԸ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հովվապետական այցով Վրաստան էր մեկնել հիրավի բարդ ժամանակաշրջանում` իր այցով ու ներկայությամբ հույս ներշնչելով, որ հանդիպումները կվերածվեն կառուցողական ու խորքային երկխոսությունների: Անշուշտ, շատերիս համար ցնցուղի դեր կատարեց Ռոբերտ Սթուրուայի հայտարարությունը, որում վերլուծելով Վրաստանում ստեղծված քաղաքական և տնտեսական կացությունը, արտահայտելով իր ընդդիմադիր մոտեցումները` նա մեղադրել էր նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն: Մեղադրանքի հիմքում էլ դրել էր նախագահի... հայկական ծագումը: - Մեր նախագահը երկիրը դեպի կործանում է տանում, որովհետև հայ է,- ահա այսպես էր արտահայտվել մեծ բեմադրիչը, ով միշտ համարվել է հայերի լավագույն բարեկամը, ում ծննդյան 70-ամյակը երկու տարի առաջ շուքով նշվեց Երևանում: Այն էլ այն դեպքում, երբ վրաց իշխանություններն ու վրաց ժողովուրդը մոռացության էին մատնել համաշխարհային թատրոնում մի ամբողջ դարաշրջան ձևավորած բեմադրիչին: Անշուշտ, Սթուրուայի դեմ ելան «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ներկայացուցիչները, դատապարտեցին նրան, բոյկոտ հայտարարեցին Ռուսթավելու թատրոնին, որի գեղարվեստական ղեկավարն է Սթուրուան: Դժվար էր հավատալ այն բանին, որ Վրաստանում հայ լինելը դառնում է քննադատության ու մեղադրանքի թիրախ այն դեպքում, երբ հայկական ծագում ունեն վրացական մշակույթի ու գրականության, գիտության ու քաղաքականության շատ նշանավոր գործիչներ. առավել ևս` «վարդերի հեղափոխության» առաջնորդներ Նինո Բուրջանաձեն, Միխեիլ Սահակաշվիլին և Միխայիլ Ժվանիան... Կաթողիկոսի այցը համընկավ նաև այն շրջանին, երբ որոշակի արգելքներ են դրվել հայկական կրթության առջև, արգելվում է Հայաստանից «Հայ ժողովրդի պատմություն» դասագրքի առաքումը Ջավախքի ու վրացական մյուս տարածքների դպրոցներին, երբ նորից քննարկվում են հայկական եկեղեցիների պատկանելության հարցերը: Ուրեմն, կաթողիկոսը պիտի իր այցի շրջանակներում անդրադառնար այս ամենին` «ժողովրդական դիվանագիտության» մեթոդներով հարթելու այն խութերը, որոնք ձևավորվել են հայ-վրացական հարաբերություններում: Իսկ երկու պետությունների հարաբերությունների հստակեցումն այսօր դառնում է պատմական և քաղաքական անհրաժեշտություն, քանզի ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ «փոխում» են խաղի կանոնները տարածաշրջանում` առաջ մղելով Թուրքիային և Ադրբեջանին: Ըստ պաշտոնական տեղեկությունների, նախագահական նստավայրում նախագահ Սահակաշվիլու, Համայն Վրաստանի Պատրիարք Իլիա Բ-ի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպման ընթացքում քննարկվել են վիրահայությանն ու Վիրահայոց թեմին մտահոգող խնդիրներ: Մասնավորաբար շոշափվել են այն հիմնահարցերը, որոնք արդեն տևական ժամանակ ոչ միայն բուռն քննարկումներ են ձևավորել, այլև դարձել են հակամարտությունների դրդիչներ: Վրաստանի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ լուծվել է կարևորագույն խնդիրներից մեկը. նախագահը խոստացել է լուծել Վրաստանում Հայ եկեղեցու իրավական կարգավիճակի հարցը` մեր եկեղեցուն գրանցվելու հնարավորություն տալով: Իսկ սա անհրաժեշտություն է, որովհետև երկար ժամանակ է, ինչ Եկեղեցին գործում է օրենսդրական դաշտից դուրս` այսպիսով ստեղծելով վտանգավոր իրավիճակ, երբ ցանկացած պահի վրացական իշխանությունները կարող են դադարեցնել նրա գործունեությունը: Գարեգին Բ-ն էլ իր հերթին է խոստացել շուտափույթ լուծում տալ Հայաստանում վրաց եկեղեցական համայնքի գրանցման հարցին, քանզի այս կրոնական համայնքը որևէ մտադրություն չուներ պաշտոնական գրանցում ստանալ: Իհարկե, չի քննարկվել այն խնդիրը, թե ինչ հիմունքներով և տրամաբանությամբ է վրաց եկեղեցին ստեղծել Լոռվա թեմ, երբ հատկապես այդ շրջանում վրացիներ չկան: Հավանաբար, այս հարցը հետագայում կարող են դարձնել քննարկման նյութ` կանխելու համար վրացիների կողմից հանդես բերվող ինքնօրինակ ագրեսիան: Մեզ համար առաջնային է հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամքի և հոգատարության դրսևորման հարցը, որովհետև մի շարք եկեղեցիներ արդեն իսկ փլուզվել են, իսկ շատերը կանգնած են խոնարհման վտանգի առջև: Վրաստանի նախագահն ու Կաթողիկոս-Պատրիարքը խոստացել են զբաղվել այս խնդրով, սակայն եկեղեցիների վերադարձման հարցը թողնվել է «հաջորդ փուլին»: Մտահոգությունն ահա այստեղ է. արդյո՞ք կվերականգնվեն այն եկեղեցիները, որոնք խլել են հայկական համայնքից ու թեմից, արդյո՞ք փլուզումները պատճառ ունենալով` վրաց իշխանությունները դրանք հիմնովին չեն քանդի` այսպես «լուծելով» հիմնահարցը... Ցավոք, հանդիպումների և այցերի ընթացքում այդպես էլ չեն շոշափվել ջավախահայության խնդիրները, մանավանդ որ նրանք այսօր արդեն խորապես հիասթափված` հեռանում են իրենց պատմական բնավայրերից: Մսխեթցի թուրքերի «ինտենսիվ» բնակեցումը Ջավախքում լուրջ վնաս է հասցնում էթնիկ միասնությանը, փոխում Ջավախքի ժողովրդագրական նկարագիրը: Այս իրավիճակը պետք է քննարկվեր հանդիպումների ընթացքում, որպեսզի ամրապնդվեր անհամբերությամբ Ամենայն հայոց կաթողիկոսին սպասող ջավախահայերի վստահությունը: Սակայն շրջանցվել է այս հարցը` գուցե այն թողնելով պետական-դիվանագիտական «հարթություններին»: Իսկ Հայաստանը պարտավոր է հիմնովին զբաղվել ջավախահայերով, որովհետև մեզ համար Ջավախքն ունի նաև ռազմավարական հույժ նշանակություն:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ