ՀՈԲԵԼՅԱՆ. «Հարուստ եմ եղել ու եմ` ունեցածս քչով…»


Ջեմմա Անանյանն այն անհատներից է, ում կերպարը դժվար է ամբողջացնել: Նրա անցած ուղին, աշխատանքային կենսագրությունը, հիրավի, ազնվության, շիտակության և նվիրումի օրինակ կարող են ծառայել: Մարդ, ով մշտապես մնաց իր բարձրության վրա` ապրելով ժողովրդի հոգսերով և մտահոգություններով: Հենց նույն ժողովրդի հավատը, սերն ու վստահությունն էլ դարձան նրա ամենամեծ գնահատականը: Իջևանցիներն այսօր էլ սիրով են հիշում և պատմում, որ երկու¬երեք տասնամյակ առաջ շրջանի հմուտ ու սրտացավ ղեկավար Ջ. Անանյանի շնորհիվ Իջևանը` իր ծաղկանոցներով, վարդաստաններով, գունաերաժշտական շատրվաններով ու հարյուրից ավելի քանդակներով վերածվեց քաղաք-պարտեզի: Իսկ կոմունիստական հասարակարգում ճանաչումն ու հաջողությունները ոչ մեկի սկուտեղի վրա չէր մատուցվում: Առավել ևս` կանանց: Համառ ու հետևողական աշխատանքի, հարուստ կենսագրութ յան շնորհիվ միայն կարելի էր հասնել բարձր պաշտոնի ու բարի համբավի: Տիկին Ջեմման անդուլ աշխատանքի հարուստ կենսագրություն էր հյուսել, որը, իրոք, սերտորեն միահյուսված էր պատմությանը: Շուրջ 10 տարի Իջևանի միջնակարգ դպրոցում, հայոց լեզու և գրականություն է դասավանդել, ապա ընտրվել է ՀԿԿ Իջևանի շրջկոմի քարտուղար, այնուհետև երկրորդ քարտուղար, շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, շրջկոմի առաջին քարտուղար: Եղել է ԽՄԿԿ XXVII և XXVIII համագումարների պատգամավոր. վերջինիս կողմից ընտրվել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի վերահսկիչ հանձնաժողովի նախագահության անդամ: 1991 թ. մայիսին հանդես է եկել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ. Խ. Գորբաչովին ուղղված` կուսակցության կենտկոմի, Քաղբյուրոյի, ԽՍՀՄ կառավարության ու պետական մարմինների կողմից վարվող բացահայտ հակահայկական քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ և դուրս եկել նախագահության կազմից: Իսկ հայտարարության մեջ հստակ ասել էր. - Իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ Ձեր քամահրանքը, լեռնային փոքրիկ Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող հակաիրավական դաժան քաղաքականությունը այսօր բացել է Սումգայիթից մինչև Գետաշեն կատարված դեպքերին ծանոթ յուրաքանչյուրի աչքերը: Այն, ինչ այսօր անում է Ձեր գլխավորած կենտրոնը, ընդհանուր ոչինչ չունի ո´չ դեմոկրատիայի, ո´չ մարդասիրության, ոչ էլ քաղաքակիրթ երկրի գործելակերպի հետ… Ես չեմ կարող մնալ քաղաքական կազմակերպության այն վերադաս մարմնի կազմում, որի համար շարունակում են «անտեսանելի» մնալ ճշմարտությունն ու արդարությունը, որը համարձակություն և կարողություն չունի քաղաքական արժանի գնահատականներ տալու մերօրյա ցասպանության վանդալիզմի պետական տեռորի դրսևորումներին: Հայաստանի անկախացումից հետո էլ նրա վաստակը չանտեսվեց. Իջևանի շրջանային խորհրդի անդրանիկ նստաշրջանում նա ընտրվեց շրջխորհդի գործկոմի նախագահ: Երեք անգամ անընդմեջ ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի պատգամավոր, առավել աչքի ընկնել քաղաքական և քաղաքացիական իր կենսադիրքով` տասնհինգ տարի լինելով ժողովրդի հոգսերի թարգմանն ու ազգային շահերի պաշտպանը: - Դուք աշխատել եք թե´ նախորդ, թե´ ներկայիս հասարակարգերում: Սովետմիության ամենադժնի տարիները ստալինյան ժամանակներն էին: Բայց այսօր էլ երբեմն լսում ենք պաշտամունքի խոսքեր «հայր» Ստալինի մասին: Դո՞ւք էլ շարունակում եք նրան հավատալ: - Ստալինի պաշտամունքը, իրոք, ահռելի չափերի էր հասել: Ամենայն Հայոց բանաստեղծուհին` մեր անմոռաց Սիլվա Կապուտիկյանը, շատ լավ է բնութագրել այդ տարիների մեր հոգեկերտվածքը պարտադրված գաղափարական միակարծության պայմաններում` «կուրորեն հավատում էինք, հավատից` կուրանում»: Հետո հասկացանք իրականությունը... Բավական է հիշել 1949 թ. հունիսի 14-ի սահմռկեցուցիչ գիշերը: Խիստ գաղտնի պայմաններում, նախապես խնամքով մշակված պլանի համաձայն իրականացվեց Խորհրդային Հայաստանի բնակչության մի հոծ զանգվածի արտաքսումը հայրենի երկրից: Ալթայի երկրամաս բռնագաղթեցին հազարավոր մարդիկ: Այդ օրը ես Երևանում էի: Հիշում եմ, թե բարեկամուհիս ինչ սարսափելի հոգեվիճակում էր: Սպասում էր, որ ամեն գիշեր իրենց դուռն էլ կթակեն: Հազարավոր ընտանիքներ նույն ահուդողի մեջ էին: Ստալինին քննադատելով հանդերձ` ես սոցիալիստական համակարգի ջատագովն եմ և երբեք այն չեմ նույնացնում Ստալինի հետ: Սոցիալիստական համակարգը ոտքի կանգնեցրեց հայ ժողովրդին: Այո´, 70 տարիների ընթացքում մեր երկրի բնակչության թիվը 800 հազարից հասավ 3.5 միլիոնի: Գերագույն խորհրդի այն նիստում, որտեղ Հանրապետության նորընտիր առաջին Նախագահը երդում էր տալիս, հայտարարեց, որ մենք ժառանգություն եք ստացել զարգացած գիտություն, արդյունաբերութ յուն և գյուղատնտեսություն ունեցող մի երկիր: Պետք չէ սոցիալիզմը նույնացնել Ստալինի հետ: Նրանք, ովքեր ապրել են այլ համակարգում, երբեք չեն կարող մոռանալ դրա առավելությունները` չմոռանալով նաև անցյալը: Ճիշտ է ասված. ով չի հիշում, արժևորում, խիղճ ու սիրտ չունի, իսկ ով ուզում է այն հետ բերել` խելք չունի: Եկեք խիղճ, սիրտ և խելք ունենանք և այսօրվա դժվարություններին դիմակայելով` մեր խիղճն ու սիրտը նվիրաբերենք իր քսանամյա հոբելյանը դիմավորող մեր Ազատ ու Անկախ Հայաստանին: Ու երանի տանք գալիք այն սերնդին, որն իրականացնելու է մեր նախապապերի, պապերի և մեր բաղձանքը ու տեսնելու է Ազատ, Անկախ ու Միացյալ մեր մեծ Հայաստանը: - Աշխատելով նաև միակուսակցական համակարգում` ի՞նչ տարբերություններ եք տեսնում այսօր: Ինչպե՞ս եք վերաբերվում կուսակցություների միջև ծավալվող հաճախ անպտուղ պայքարին: - Բազմակուսակցությունը քաղաքական բազմակարծության դրսևորման զարգացած ձև է, նաև` ժողովրդավարության բաղկացուցիչ: Կողմնակից եմ առողջ քննադատությանը, որը չի անցնում խելամտության սահմանները և չի վերածվում միջկուսակցական անպտուղ բանավեճերի: Ինչպես մեծն Ավ. Իսահակյանն է ասել. «Ամեն մի հայի կյանքը շատ անգամ ավելի թանկ է, քան տասնյակ կուսակցությունների նեղ եսասիրական շահերը, եթե դրանք չեն բխում, չեն ելնում ժողովրդի համազգային շահերից»: - Իսկ ի՞նչ է այսօր պահանջում ազգային շահը: - Քաղաքական ուժերի համագործակցություն, օրենքի գերակայություն, քաղաքացիական համերաշխություն: Պետք է տիրի այնպիսի վիճակ, որ օրենքը կառավարի մարդկանց, բանականությունը` օրենքին: - Ձեր ապրած տարիները նշանավորվել են վիթխարի աշխատանքով: Երբ հայացք եք ձգում անցյալին, հատկապես ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը: - Իսկապես հսկայական աշխատանք է կատարվել գրեթե բոլոր ոլորտներում` գյուղատնտեսության կառուցվածքային փոփոխություններ, արդյունաբերական նոր արտադրամասերի շինարարական կազմակերպությունների ստեղծում, լայնաթափ շինարարական աշխատանքներ, հատկապես բնակարանային, սոցիալական, կուլտուր¬մշակութային ոլորտները ևս ուշադրության կենտրոնում են եղել: Հպարտությամբ կարող եմ խոսել նաև ավելի քան 100 կմ ձգվող պետական սահմանի ադրբեջան ցիների կողմից մեզ պարտադրված սահմանային խժդժությունների ու վերաճած ռազմական գործողությունների հակազդման աշխատանքները, ինչը պատվով են իրականացրել մեր երկրապահները և մեր ողջ ժողովուրդը: Կատարվածի, ունեցած ձեռք բերումների մեջ, իհարկե, կարող եմ առանձնացնել ինձ առավել հպարտություն պատճառողները. քրիստոնեական մեր երկրի հյուսիսարևելյան պետական սահմանը ճշտորոշող, այն ազդարարող, նախորդ համակարգի պայմաններում անգամ մեր զորավոր խաչը ճակատին` «Հայոց օջախ»¬ի կառուցումը: Սահմանում առկա ռազմական խժդժությունների ու պատերազմական գործողությունների պայմաններում անգամ` սահմանամերձ մեր տարածքի երիտասարդությանը բարձրագույն կրթություն, հայեցի դատիարակություն ընձեռող Մայր բուհի մասնաճյուղի ստեղծումը: Նաև մեր ազգային Ոգու, Հոգու կերտման ու պահպանման հազվագյուտ գանձերից մեկի` Մակարավանքի վերակառուցումն ու անգամ այդ համակարգի պայմաններում այն տարածաշրջանի առաջին գործող եկեղեցին, ուխատեղին դարձնելը: Վերջինիս իրականացման և հայրապետական փառահեղ վերաբերմունքի համար այս պահին էլ ուշացած չեմ համարում խորին երախտագիտության խոսք ուղղել այն ժամանակ Արարատյան թեմի հոգևոր առաջնորդ, այսօր` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Հող, գիրք, հավատ. հայի ինքնության պահպանման համար ավելի հզոր ազդակ կա՞… Չկա: Լուրջ ձեռքբերումներ են եղել հոգևոր կյանքի ոլորտում: Յոթ տարի անընդմեջ Իջևանում անց են կացվել քանդակի միջազգային սիմպոզիումներ: Աշխարհի 17 երկրներից Իջևան ժամանած 96 քանդակագործները 45 օր շարունակ աշխատել են և իրենց աշխատանքները` թվով 116 քանդակ, նվիրել քաղաքին: Շատ են եղել ձեռքբերումները: Հնարավոր չէ բոլորը թվարկել: Իջևանը ծփում է վարդերի մեջ, դարձել էր քաղաք¬պարտեզ: Աշխատանքային իմ գործունեությամբ, քաղաքական և քաղաքացիական իմ կենսադիրքով եմ, որ հպարտ եմ շատ: Հպարտ եմ, որ անցած ճանապարհիս ոչ մի տառով չեմ դավել որևէ մեկին, երբեք շահաշատ աշխարհի օրենքներով չեմ առաջնորդվել և հարուստ եմ եղել ու եմ` ունեցածս քչով: - Տիկին Անանյան, Ձեր «Հայոց օջախ¬ը` պատանդ» գիրքը արժանացել է ընթերցողների ջերմ հավանությանը: Գրախոսականներից մեկում այն ներկայացվել է որպես մեր ապրած կյանքի հայելապատկեր: Դուք չե՞ք ուզում շարունակել այն: - Ասելիք շատ ունեմ, ժամանակ` քիչ: Շարունակելու մասին չեմ մտածում: - Ի՞նչ երազանք ունի Ջեմմա Անանյանը: - Կուզեի` Տարոնիկս եղբայր ունենա, Ջեմուլիկս` քույր: - Ի՞նչ կպատգամեիք հայ երիտասարդությանը և «Ավանգարդի» ընթերցողին: - Վ. Փափազյանի բնորոշմամբ` «Երիտասարդները դալար, ճապուկ ճյուղերն են պապենական խորարմատ մեր ծառի»: Մաղթում եմ, որ երիտասարդները հավատարիմ մնան խորարմատ մեր ծառին: Իսկ «Ավանգարդը» շարունակի ճիշտ ուղղություն ցույց տալ ահելին ու ջահելին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ