Տարեգրության էջերից


15 հունիսի Ղարաբաղյան շարժման զարթոնքին ԽՍՀՄ ղեկավարությունը, հիմնական ուշադրությունը բեւեռելով սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, փորձում էր շրջանցել ԼՂ-ի խնդրի քաղաքական լուծման անհրաժեշտությունը: Մյուս կողմից, սակայն, համաժողովրդական ճնշման տակ 1988-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանը որոշում է ընդունել, որով իր համաձայնությունն է հայտնել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմի մեջ ընդունելու վերաբերյալ: Նման որոշման համար հիմք է ընդունվել ազգերի ինքնորոշման իրավունքը, որը մշտապես ճանաչվել է որպես խորհրդային պետության ազգային քաղաքականության հիմնադրույթային սկըզբունք: 1988-ի հունիսին ԼՂԻՄ մարզխորհրդի դիմումը քննարկվել է նաեւ Ադրբեջանական ԽՍՀՄ ԳԽ-ում եւ մերժվել, որով հարցը մտել է փակուղի: Այլ տարեթվեր: 1763 թվականի այս օրը Ռուսասատնի կայսրուհի Եկատերինա 2-րդը արձակեց մանիֆեստ, որով արգելվում էին հասարակական հանգիստը խանգարող անխոհեմ խոսքերն ու ճառերը: Իսկ 1903 թվականի այս օրը, դարձյալ Ռուսաստանում, ընդունվեց օրենք, որով ձեռնարկատերերը պատասխանատվության էին ենթարկվում արտադրությունում բանվորների դժբախտ պատահարների համար: 1940 թվականի հունիսի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտը հրաման ստորագրեց ատոմային ռումբ ստեղծելու մասին: 1943 թվականի հունիսի 15-ին Թուրքիան հաստատեց ԽՍՀՄ-ի եւ Գերմանիայի հետ իր համաձայնագրերը չհարձակվելու վերաբերյալ: 1993 թվականի հունիսի 15-ին Կուբայից հեռացան խորհրդային վերջին զորամասերը: 15 հունիսի ԼՂՀ Նախարարների խորհրդի 1992 թ. հունիսի 16-ի որոշմամբ (նախագահ` Ս. Դավթյան) ստեղծվել է բռնագաղթածների ու փախստականների ընդունման ու տեղավորման հատուկ հանձնաժողովը: Նպատակն էր բռնագաղթածների եւ փախստականների տեղավորումը, սննդի կազմակերպումը, հագուստով, դեղորայքով եւ այլ պարագաներով ապահովումը: Գործել է հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի անդամներից կազմվել են փախստականների տեղավորման, տրանսպորտային, կոմունալ-կենցաղային ծառայությունների, բուժսպասարկման, գյուղատնտեսական մթերքների մթերման հարցերը կարգավորող ենթախմբեր: Հանձնաժողովի աշխատանք ներին մասնակցել են նաեւ արհմիութենական մարմինների աշխատողներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, պաշտոնական անձինք, ակտիվիստներ:

Զ. ՍԱՐԳՍՅԱՆ