Երբ արթնանում է հայի ոգին…


Արցախյան գոյապայքարի տարիները հավերժ դրոշմվեցին մեր պատմության մեջ` դառնալով ամենաբեկումնայինն ու հերոսականը… Եվ որքան էլ ժամանակն առաջ ընթանա, ավելի ու ավելի է արժևորվելու հաղթանակը` մեզ պարտադրված այդ պատերազմում: Երբեք չեն մոռացվելու հաղթանակի անմիջական կերտողները դարձած խիզախ մարտիկները, նրանց սխրանքն ու նվիրումը: Ծնունդով վանաձորցի ազատամարտիկ Աշոտ Գրիգորյանը դեռ 21-ամյա երիտասարդ էր, երբ լսեց Սումգայիթի ոճրագործության մասին: Ադրբեջանցիների վայրագութ յունները խորը հետք թողեցին նրա սրտում: Ապա չարաբաստիկ երկրաշարժի ավերումները հասան նաև Վանաձոր: Աշոտն աշխատում էր Ճշգրիտ հաստոցաշինական գործարանում: Պատրաստվում էր դուրս գալ, բայց ուժեղ ցնցումից շենքի անկյունը փլվեց` լուրջ վնասվածք պատճառելով նրան: Բուժումը ձգվեց մինչև 1989¬ի ամառը: Հակառակորդի` օրեցօր ավելի ու ավելի թեժացող հարձակումների մթնոլորտում գրեթե բոլոր շրջաններում ձևավորվում էին կամավորական ջոկատներ: Ամենափոքր հնարավորության դեպքում անգամ Աշոտը մասնակցում էր սահմանամերձ շրջանների պաշտպանությանը: Անդամագրվեց «Զորավար Անդրանիկ»-ին: Ապա այս և «Գարեգին Նժդեհի» ջոկատների մարտիկները միավորվեցին` ակտվիորեն մասնակցելով Նոյեմբերյանի, Կողբի, Բաղանիսի, Ոսկեպարի պաշտպանությանը: Սակայն Արցախ մեկնելու միտքն Աշոտին հանգիստ չէր տալիս: 1992¬ի հունվարյան մի առավոտ` դեռ լույսը չբացված, նրան տեղեկացրին, որ սփյուռքահայ ազատամարտիկների մի խումբ մեկնում է Արցախ: Առանց վայրկյան իսկ տատանվելու` միացավ նրանց Հայրը ողջունեց որդու այդ քայլը, բայց մոր սիրտն անհանգիստ էր: «Մեծն Մուրադ» ջոկատն էր` լիբանանահայ Գևորգ Գյուզելյանի ղեկավարությամբ: Հավանաբար շատերին է ծանոթ ԱՍԱԼԱ¬ի (ՀԱՀԳԲ) անդամ հայորդու անունը, ով նաև հայտնի «Վան» գործողության իրագործողներից էր. 4 սփյուռքահայ երիտասարդներ մեկնել էին Փարիզ, 16 ժամ գրաված պահել թուրքական հյուպատոսարանը` պատանդ վերցնելով շուրջ 60 հոգու և հայտարարելով, որ որևէ բռնության չեն դիմելու: Պատճառը կրկին մեր դարավոր ցավից ծնված պահանջատիրությունն էր` Արևմտահայաստանի ազատագրումը: Դատավարության ժամանակ արգելվեց երիտասարդների հասցեին հնչեցնել ահաբեկիչ բառը: Այնուամենայնիվ, նրանք պատժի ենթարկվեցին: Դրա ավարտից հետո Գ. Գյուզելյանը Հայաստանում ստեղծեց «Մեծն Մուրադ» ջոկատը, որի կազմում էլ Աշոտ Գրիգորյանը նետվեց գոյապայքարի: Շուրջ 6 ամիս մասնակցեց Հադրութի մարտերին, ապա` Մարտակերտի: Գնդացրորդ էր: - Մեր հրամանատարը մեզ հետ հավասար մասնակցել է բոլոր մարտերին, նույնիսկ այն ժամանակ, երբ վիրավոր էր: Ընդհանրապես, հրամանատարի կերպարից, մարդկային որակներից շատ բան է կախված: Մեծ ձիրք ուներ, տիրապետում էր ռազմական գործի հմտություններին, քանի որ նաև ԱՍԱԼԱ¬ի անդամ էր: Նաև մեզ էր փոխանցում իր փորձը: Շատ խիզախ տղաներ ունեինք, ովքեր իրենց չխնայելով` պայքարում էին ամեն մի թիզ հողի համար: Հենց այդպես նվաճեցինք հաղթանակը: Ուժերը խիստ անհավասար էին` բոլոր առումներով: Բայց դա չէր էականը: Մեր ոգին էր հզոր: Երբ արթնանում է հայի ոգին, երբ նա ոտքի է կանգնում, կարող է ամեն ինչ հաղթահարել,¬ պատմում է ազատամարտիկը: Երբ որևէ մեկը գանգատվում էր փամփուշի կամ սնունդի բացակայությունից, հրամանատարն ասում էր. - Դուն խենթցե՞ր ես, գյուղը սպասում է. վերցնենք` ամեն ինչ կլինի: Ազատամարտիկը հպարտությամբ է հիշում, թե ինչպես էին յուրաքանչյուր մարտից հետո մեծ քանակությամբ զենք վերցնում հակառակորդից, ինչպես ընկերը խոցեց թշնամու ՏՍ-21 ինքնաթիռը: Հուշերը շատ են ու բոլորն էլ` թանկ: Դրանց մեջ թե´ հաղթանակի բերկրանք կա, թե´ կորստի ցավ: 1993¬ին Աշոտը մի քանի օրով վերադարձավ տուն: Սիրած աղջիկը սպասում էր: Ծնողները որոշեցին նրանց շուտափույթ ամուսնացնել` գոնե այդ եղանակով փորձելով իրենց որդուն հեռու պահել մարտի դաշտից: Սակայն, ընդամենը 15 օր անց, Աշոտը կրկին զենք վերցրեց: Այս անգամ` Քելբաջարում: 1994¬ին Մարտունիում ծանր վիրավորվեց: Վիճակը գրեթե անհույս էր: Մի ակնկարթ թվաց` հրաժեշտ է տալու կյանքին: Հանեց ժամացույցը, հանձնեց ընկերոջը` որպես հիշատակ և խնդրեց ընտանիքին մենակ չթողնել: Բայց… կարողացավ պայքարել և ապրեց: Ազատամարտիկը մեծ խանդավառությամբ է խոսում մեր բանակի մասին. - Մեծ հպարտությամբ եմ ասում, մեր բանակը շատ հզոր է: Ինչ¬որ այսօր ունենք` անցած տարիների մեծ աշխատանքի արդյունք է և մեծ ձեռքբերում: Եվ այս գործում իրենց ներդրումն ունեն նաև բոլոր ազատամարտիկները: Այսօր խիզախ զինվորներ ունենք, պետք է պարզապես ավելի զգուն և աչալուրջ լինել: Պիտի պատվով ծառայել հայրենիքին, ինչպես այն ժամանակ մենք արեցինք: Եբր գնում էինք կռվելու, ուրիշ ոչ մի բանի մասին չէինք մտածում: Դա մեր պարտքն էր, մեր հայրենիքն էինք պաշտպանում, մեր ընտանիքը, քանի որ թուրքը սրբություն չի ճանաչում: Հիմա հաճախ են հարցնում, թե նոր անհրաժեշտության դեպքում կգնա՞մ հայրենիքը պաշտպանելու: Միանշանակ` կգնա´մ: Մեր հակառակորդն այսօր էլ քանակային առումով գերազանցում է մեզ, բայց մենք ուժեղ ենք: Խոսք չի կարող լինել մեր պարտության մասին: Հարկ եղած դեպքում կտրորենք նրանց: Աշոտ Գրիգորյանը խիզախության համար պարգևատրվել է ՀՀ նախագահի «Մարտական ծառայության», Պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, «Հայաստանի երկրապահ», «5¬րդ բրիգադ» հուշամեդալներով:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ