ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՇԵՄԻՆ


Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները նոր ոչինչ չավելացրեցին այս երկրի քաղաքական երանգապնակին և քաղաքական իրադրությանը: Նորից հաղթեց Էրդողանի կուսակցությունը, ինչը նշանակում է, որ երկիրը վերջնականապես որդեգրել է ավտորիտարիզմի սկզբունքները` չկամենալով մոտենալ եվրոպական այն արժեհամակարգերին, որոնց մասին տարփողվում են այստեղ: Անգամ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հեղափոխական պայթյունները դասեր չեղան Էրդողանի և նրա կուսակիցների համար, ովքեր ամբողջապես տիրացել են իշխանությանն ու շարունակում են գլորվել դեպի իսլամական-ֆունդամենտալ պետության խորքերը: Դեռևս ընտրություններից առաջ Ռեջեփ Էրդողանը վստահաբար հայտարարում էր, որ հաղթելու է իր կուսակցությունը, որովհետև այն ամենահզորն է: Այստեղ հզորութ յան հարց, իհարկե, չկա: Քաղաքական հզորությունը շատ վաղուց դուրս է մղված թուրքական իշխողների գիտակցությունից` իր տեղը զիջելով բռնությանն ու ֆիզիկական ուժի կիրառմանը: Ավելին, ընտրություներից առաջ Էրդողանի հրահանգով ձերբակալվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ` մեղադրվելով «Էրգենեկոն» խմբավորմանը մասնակցության մեջ: Այս քայլով վարչապետն ու կուսակցապետը հարթեց իր ճանապարհը: Թուրքական ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն դարձավ, որ արգելվեց հայ թեկնածուների առաջադրումը: Թուրք առաջադեմ քաղաքագետ ներից ոմանք հայտարարեցին, թե ի՞նչ պիտի աներ մեկ հայը 500 հոգուց բաղկացած մեջլիսում, եթե անգամ նրան հնարավորություն տրվեր ամբիոնից խոսք ասել: Ասվածի մեջ ճշմարտություն կա, սակայն այստեղ ոչ այնքան հիմնարար գործունեությունն է կարևորվում, որքան` ընտրությունների ազատությունը: Իսկ Թուրքիայում այդ ազատության մասին խոսելն անգամ դարձավ ավելորդ: Իհարկե, չի բացառվում, որ թուրք պատգամավորների մեջ լինեն հայկական արմատներ ունեցողներ, քանզի այսօր և´ մուսուլմանացած հայերն են շատ Թուրքիայում, և´ նրանք, ովքեր սերում են հայ նախնիներից: Սակայն խոսքն էթնիկ հայերի մասին է, որոնք ամբողջապես դուրս են մղվել քաղաքական գործընթացներից: Ոմանք Թուրքիայում հակված են կարծելու, թե ամեն ինչ պայմանավորված է հայկական համայնքի, պասիվությամբ: - ...Հայկական արմատներով թեկնածուներին չընդգրկելը ժողովրդավարության տեսանկյունից ինձ համար խնդրահարույց չէ, որովհետև այսօր Թուրքիայում հայ համայնքը խորհրդարան պատգամավոր մտցնելու պոտենցիալ, կշիռ և հնարավորություն ունեցող հավաքականություն չէ: Հայ համայնքը այդքան բազմամարդ չէ, որ կարողանա այդ պրոցեսի վրա ազդել: Բացի այդ, ռազմավարական կշիռ ունեցող մարդ չկա, որը երկրում գործարար կամ քաղաքական աշխարհում այնպիսի հեղինակութ յուն ունենա, որը կարողանա իրեն խորհրդարան առաջնորդել: …Չկան, որովհետև օբյեկտիվ նախադրյալներ չկան: Եթե օբյեկտիվ համեմատություն անենք, վերջին տարիներին` 90-ականների կեսերին, խորհրդարանում մեկ պատգամավոր կար ազգային փոքրամասնություններից. հրեա համայնքնից Ջեֆի Կամհն էր, նա բարձր կշիռ ունեցող գործիչ էր թե երկրի ներսում, թե երկրից դուրս: Բացի այդ, Թուրքիան այդ ժամանակ Իսրայելի հետ ռազմավարական գործընկերության ճանապարհ էր որդեգրել… Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Իսրայելի դեպքում Թուրքիան դրական նպատակներ էր հետապնդում` ի տարբերություն Հայաստանի հետ ընթացող պրոցեսներին, որտեղ չկամության երևույթներ են առկա, այսինքն` նպատակները ոչ թե դրական են, այլ բացասական,- գրել է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը: Սակայն սա ևս կեղծ պատճառաբանություն է, որովհետև հայ համայնքն ամբողջապես ինտեգրված է թուրքական կյանքին, իր մասնակցությունն է բերում բիզնեսի ու մշակույթի ձևավորումներին: Խնդիրն այն է, որ հատկապես հիմա, երբ անգամ թուրք հասարակությունն է ուզում քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը` պաշտոնական Անկարան և նրա տերերը կամենում են ամեն կերպ հայերին դուրս մղել քաղաքական գործընթացներից անգամ` իրենց հաշվարկներով, մոռացության մատնելու համար Ցեղասպանության ճանաչումը: Այս կարծիքն, ի դեպ, վերջին շրջանում տեղ է գտել նաև մի շարք թուրքական հրապարակումներում, որոնց հեղինակները պարզորոշ հասկացնել են տալիս իշխանություններին, որ ընտրական իրադարձությունները կարող են հետաքրքրել եվրոպական այն կառույցներին, որոնց անդամ է Թուրքիան: Իսկ Թուրքիան, որքան էլ հոխորտա ու «խրոխտ» հայտարարություններ անի, այնուամենայնիվ եվրոպական կառույցների առջև պատասխանատու լինելու խնդիրն ունի: Անկարան իսկապես կամենում է ստանձնել տարածաշրջանային լիդերի դերը, որովհետև այսօր գրեթե կազմաքանդվող Արևելքը մնացել է առանց լիդերի, առանց այն պետության, որը կկարողանա իր շուրջ նոր ալյանսներ և նոր հարաբերություններ ձևավորել: Հենց այս հանգամանքն էլ որոշակի մարտահրավերներ է առաջադրում Թուրքիային: Ընտրություններից հետո Էրդողանի արած առաջին հայտարարություններից մեկն այն է, թե կամենում է ստեղծել իրավահավասարություն ողջ պետության մեջ: Սա, իհարկե, զավեշտի նման է հնչում, որովհետև արդեն նախընտրական փուլում խախտվել է իրավահավասարությունը: Թուրքիան արդեն թույլ է տվել մարդու իրավունքների ոտնահարում` այսպիսով առիթ տալով, որ Եվրախորհրդում առաջիկայում քննարկվի նաև այս հարցը: Իսկ չքննարկվել չի կարող, քանզի մոնիտորինգի հանձնաժողովն արձանագրել է նաև այս հանգամանքը: Իհարկե, չպետք է հուսալ, թե քննարկումների ժամանակ Թուրքիան կհայտնվի չափազանց ծանր կացության մեջ. նա ունի իր պաշտպանները: Կան պետություններ, որոնք հանուն իրենց շահերի, ամեն ինչ կանեն` Թուրքիային «ջրից չոր դուրս բերելու» համար, սակայն անհնար կլինի ճնշումներ գործադրել հանրային կարծիքի վրա, որն արդեն իսկ ձևավորվել է: Նշենք, որ հատկապես վերջին օրերին Ֆրանսիայում և Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Թուրքիայում ընտրական իրավահավասարության խախտման հարցը: Իսկ սա նշանակում է, որ Թուրքիայի` Եվրամիության անդամակցությանը խոչընդոտող երկրները մեկ անգամ ևս հնարավորություն են ստանում արդարացնելու իրենց ժխտողական կեցվածքն ու հիմնավորելու Թուրքիայի անդամակցության աննպատակահարմարությունը: Մարտահրավերների նոր առիթ կարող է դառնալ նաև Սիրիայի հետ ունեցած սահմանի բացման մասին արված հայտարարությունը: Իբրև թե Սիրիայում ապրող ազգային փոքրամասնություններին փրկելու համար Թուրքիան պատրաստ է բացել իր սահմանն ու ապաստան տալ փախստականներին: Այս հայտարարությունը կարող է ավելի սրել Թուրքիա-Սիրիա հարաբերությունները` Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի արձագանքները հասցնելով նաև Թուրքիա: Այս հեռանկարի մասին օրերս Էրդողանին զգուշացրել են Թուրքիայի մի խումբ գեներալներ: Սակայն գիտենք նաև, որ Էրդողանը խնդիրներ ունի գեներալների հետ, որոնք մարտականորեն են տրամադրված վարչապետի դեմ և պատրաստ են պետական հեղաշրջման: Ուրեմն, Թուրքիայի համար օրավուր մեծանում են մարտահրավերների սպառնալիքները: Իսկ սա նշանակում է, որ Թուրքիայի ներսում գործում են այնպիսի ուժեր, որոնք ոչ թե ամերիկյան ու ռուսական, այլ բոլորովին այլ կողմնորոշումներ ունեն և պատրաստ են ցանկացած պահի այստեղ փոխել իրավիճակը: Այսինքն, մղվել դեպի ապակայունացումները, որոնք էլ կթուլացնեն Էրդողանի բռնապետությունն ու դիրքերը` կրկնելով արևելյան սցենարները նաև այս երկրում...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ