<Գործող իշխանությունը Սերժ Սարգսյանն է >


ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից հետո առկա գործընթացների շուրջ է զրույցը ՀԱԿ մամուլի խոսնակ Արման ՄՈՒՍԻՆՅԱՆԻ հետ: - Վերջին հանրահավաքը թեև շատ հարցեր հստակեցրեց, բայց ինչպե՞ս կարելի է բնութագրել ներկա իրավիճակը, երբ արմատական ընդդիմությունը` դուք, շարունա կում եք պնդել արտահերթ ընտրությունների մասին պահանջը, իսկ իշխանությունները մերժում են այդ թեմայի շուրջ բանակցությունները` առաջարկելով երկխոսության համար օգտագործել մամուլը: Ոմանց կարծիքով էլ ՀԱԿ-ի և իշխանությունների միջև երկխոսությունն արդեն առկա է: - Հանրահավաքում սպառիչ պատասխաններ տրվեցին հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերին, որոշ առումով նաև թյուր ընկալումներին կամ միտումնավոր հրապարակ նետվող սադրիչ բնույթի մտքերին: Համաձայն չեմ, որ իշխանությունը մերժեց: Ես «Հանրապետական» կուսակցության որոշ գործիչների արձագանքը չեմ համարում իշխանության պաշտոնական դիրքորոշում, ավելին` մեզ չեն հետաքրքրում այդ հայտարարությունները: Գործող իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի, դեռ չի արձագանքել երկխոսություն սկսելու մեր պատրաստակամությանը և պատվիրակություն ձևավորելու խնդրին: Երբ կպատասխանի, այդ ժամանակ մենք հանդես կգանք քաղաքական գնահատականով: - Բայց խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ներկայացնող ուժը` ՀՀԿ պատգամավորական խմբակցությունը, մերժում է պատվիրակություն կազմելու գաղափարը, բայց պատրաստակամություն է հայտնում երկխոսելու ցանկացած հարցի շուրջ` բացի արտահերթ ընտրություններից: Խորհրդարանի խմբակցության ղեկավարի ասածը մի՞թե որպես իշխանության դիրքորոշում չի ընկալվում: - Ես կարծում եմ` դուք գիտեք Հայաստանի իրականությունը` ընդունելու համար, որ Հայաստանում այսօր խորհրդարան և խորհրդարանական մեծամասնություն հասկացությունները շատ պայմանական են: Երկխոսության մեր պատրաստակամությունը, որ մենք հայտնել ենք, լինելու է գործող իշխանության հետ: Այսինքն` այն անձի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչների հետ, որոնք որոշում կայացնողներ են: - Գործող իշխանություն ասելով նկատի ունեք միայն Հանրապետության նախագահի՞ն: - Ես նկատի ունեմ գործող իշխանությունը` հանձին Սերժ Սարգսյանի: - Բայց իշխանության մաս է խորհրդարանը, նաև խորհրդարանում քաղաքական մեծամասնությունը: - Ես քիչ առաջ նշեցի` Հայաստանի պարագայում դա ավելի դեկորատիվ բնույթ է կրում, և Ձեր նշած անձինք` խմբակցությունը, որոշումների կայացման հարցում ունեն մինիմալ, եթե ոչ զրո դերակատարություն: - Վերջերս ՀՀՇ-ից անջատվեց մի թև, որը մինչև անջատվելը նրա վարչության անդամ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ նոր կուսակցություն ձևավորեց` Ազատ դեմոկրատներ անվամբ: Ընդ որում, շատերն այսօր պնդում են, որ քաղաքական այդ նոր միավորը ստեղծվել է ամերիկյան հովանավորությամբ, որպեսզի գալիք խորհրդարանում ներկայացված լինի կա´մ ՀԱԿ-ը, կա´մ այդ նոր կուսակցությունը: - Ես տեղյակ չեմ այդ վերլուծություներին: Դրանց առնչվող հարցերն ուղղեք դրանց հեղինակներին: Ես առայժմ զերծ կմնամ այդ առումով մեկնաբանություններից, բայց վստահ եմ` ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Նաև վստահ եմ, որ այսօրվա հայաստանյան հասարակությունը քաղաքականապես հասուն է բավականաչափ, որպեսզի այլևս թույլ չտա իրեն մոլորեցնել: - Քոքոբելյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ընդդիմության հետ: - Չեմ մեկնաբանում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ