ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԹԱՔՑՐԵԼ ԷՐ


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե` «Նաիրիտի» սեփականաշնորհման հարցում որևէ փաստաթուղթ չի եղել, և կառավարությունն էլ անմասն է մնացել ցանկացած գործարքի, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Փաստերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ«Նաիրիտի» վաճառքի բոլոր գործարքներն անցել են կառավարության «աշխատասենյակներով» և ստացել պետական աջակցություն ու հովանավորություն: Ասվածը հիմնավորելու համար դիմենք մի քանի փաստերի: 2006 թ. կառավարության ընդունած մի շարք որոշումներ հաստատում են, որ նախարարների կաբինետն իր մասնակցությունն ունեցել է վաճառքին, իսկ կառավարութ յան որոշումները երբեք գաղտնի չեն պահվում: Ավելին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարման օրոք բոլոր որոշումներն անմիջապես տեղադրվել են կայքերում, հրապարակվել համապատասխան ժողովածուներում: Հետևաբար, Տիգրան Սարգսյանի դիրքորոշումը մի տեսակ անհասկանալի է: 2006 թ. օգոստոսի 16-ի թիվ 1130 Ա որոշմամբ Հայգազարդ ՓԲԸ-ին թույլ է տրվել ձեռք բերել «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը, իսկ նույն որոշման հաջորդ կետով արդեն գրվել է «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերը վաճառելու մասին: Ներկայացնենք առաջին որոշումը, ուր գրվել է. «Էներգետիկայի նախարարին. թույլատրել «Հայգազարդ» ընկերությանը, որը հանդիսանում է «Նաիրիտ» գործարանի խոշոր բաժնետերը և սեփականության իրավունքով տնօրինում է ընկերության 56.2 տոկոս բաժնեմասը, ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերը, արդյունքում` «Հայգազարդը» կդառնա ընկերության մինչև 90 տոկոս սեփականատերը»: Կառավարության որոշումը փաստում է, որ «Հայգազարդը» «Նաիրիտի» բաժնետոմսերը ձեռք է բերել պետական մասնակցությամբ` «Պետպոլիմեր» ՍՊԸ-ից և «Ռադիո» ընկերությունից: Նույն որոշումը հաստատում է նաև, որ կառավարությունը Կենտրոնական բանկի նախագահին (իսկ այդ ժամանակ նախագահը Տիգրան Սարգսյանն էր) առաջարկել էր ՀՀ ԿԲ սեփականությունը հանդիսացող ընկերության բաժնետոմսերն օտարել «Հայգազարդին»` դրանց անվանական արժեքի 25 տոկոսի չափով: Նույն օրն ընդունվել է երկրորդ որոշումը, որով էներգետիկայի նախարարին հանձնարարվել է թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող «Նաիրիտ» գործարանի 90 տոկոսը` 40 միլիոն դոլար ընդհանուր շուկայական արժեքով, ուղղակի եղանակով վաճառել բրիտանական Rhinoville Property Limited ընկերութ յանը: Իհարկե, եթե միայն հետևենք որոշումների «արտաքին շերտին», ապա կարող ենք ասել, որ ձևականորեն կառավարությունը «Նաիրիտը» չի վաճառել, այլ վաճառքն իրականացրել է «Հայգազարդը»: Սակայն վերջինս պետական մասնակցությամբ ընկերություն է եղել, ուստի «Հայգազարդի» մասնաբաժինը «Նաիրիտում» ավելացել է կառավարության որոշմամբ` այլ պետական ընկերությունների տնօրինության տակ եղած բաժնետոմսերի վաճառքի արդյունքում: Շարունակելով այս թեման, նշենք, որ բրիտանական ընկերությունը ձեռք է բերել «Նաիրիտը»` ունենալով պետական աջակցություն, ինչը հաստատելու համար դիմեցինք ԱՊՀ միջպետական բանկի հաշվետվություններին: 2007 թ. դեկտեմբերի 14-ի` բանկի գործունեության վերաբերյալ որոշման մեջ ասված է, որ ՀՀ կառավարության և Միջպետական բանկի միջև 2005 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված 2005-2012 թ. «Նաիրիտ» գործարանի արտադրության վերականգնման և կաուչուկի ու այլ քիմիական արտադրանքի օպտիմալ ծավալների արտադրության վերականգնման ծրագրի մասին համաձայնագրի դրույթներով` Միջպետական բանկն ակտիվ մասնակցություն պետք է ունենա գործարանի վերակառուցմանը: Ակտիվ մասնակցություն կապակցությունից առաջ դրված է ֆինանսական բառը: Համաձայնագրի ոգուց բխող` 2006 թ. բրիտանական ընկերությանը տրամադրվել է 70 միլիոն դոլար վարկ` գործարանի բաժնետոմսերի ձեռքբերման, ներդրումների իրականացման և արտադրության վերազինման համար: Բրիտանական ընկերությունն իր ձեռք բերած 89.99 տոկոս բաժնետոմսերը փոխանցել է բանկին` որպես գրավ: Պետք է եզրակացնել, որ կառավարության և Միջպետական բանկի համաձայնագրով է հատկացվել վարկը` 5.3 տարի ժամկետով և տարեկան 12.5 տոկոս դրույքով: Այս ամենն էլ վկայում է, որ Տիգրան Սարգսյանը խուսափում է ճշմարտությունից և ցանկանում է երևութականություն ստեղծել, թե կառավարությունը մասնակցություն չի ունեցել «Նաիրիտ»-ի վաճառքին: Իսկ ինչու՞: Գուցե այն ժամանակվա Կենտրոնական բանկի նախագահին ձեռնտու չէ՞ ճշմարտության բացահայտումը...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ