ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԱԾ Է


«Երևան Ջուր» ընկերությունը հայտարարել է, որ խոշոր ներդրումների կարիք ունի` տարօրինակ դարձնելով վերջերս կայացված որոշումը, թե նման պայմաններում ինչու և ինչպես որոշվեց բնակչությանը մատակարարվող խմելու ջրի սակագինը 7 դրամով նվազեցնել: Թեև ջրի նոր գինը սկսել է հաշվարկվել ընթացիկ ամսվա 8¬ից, սակայն չի բացառվում, որ այն ընդամենը մի քանի ամիս գործի: Ջրամատակարարման նվազագույն չափանիշներն ապահովելու համար «Երևան Ջրին» 600 միլիոն դոլար է անհրաժեշտ: Նշվում է, որ գործող խողովակների միջին տարիքը 4 տասնամյակ է, և դրանք վաղուց պիտանի չեն գործածության համար: Վերջին տասը տարիներին Համաշխարհային բանկի հատկացումների և Ընկերության միջոցների հաշվին շուրջ 40 միլիոն դոլար է հաջողվել ներդնել, որով խողովակների 6-7 տոկոսն է միայն թարմացվել: Հավանական է, որ ջրատարները նորերով փոխարինելն առաջիկայում շատ ավելի հրատապ դառնա: Ըստ տեղեկությունների` նոր ֆինանսական միջոցների հայթայթման խնդիրն անհետաձգելի է դարձել հատկապես նախորդ շաբաթ Նուբարաշենում տեղի ունեցած զանգվածային թունավորումներից հետո: