ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ


Երբեմն մամուլը ստիպված է լինում ոչ այնքան դրական բնորոշումներով անդրադառնալ որոշ պատգամավորների և այլ պաշտոնյաների արարքներին, ինչը, բնականաբար, վերջիններիս դուր չի գալիս: Այս տիպի մարդիկ հավանաբար մտածում են, որ եթե իրենք տվյալ շրջանում հեռու են մնացել սկանդալային պատմություններից, ապա մամուլն էլ պարտավոր է լռել ու իրենց մասին ընդհանրապես չխոսել: Ամեն ինչ սկզբից սկսելու կարիքը չկա: Հիշեցնենք, որ «Երկիր» թերթը մեջբերել էր նախկին վարչապետ Հ. Բագրատյանի գնահատականը` ուղղված ներկայիս պատգամավոր Տ. Արզաքանցյանին: Եվ 288 հազար դրամով հատուցեց` իր միանգամայն անմեղ հիշատակման համար: Ընդ որում, այս պատմությունը շատ նման է այն ամենին, ինչը տեղի է ունենում կազինոյում... Նշված գումարը թերթից պոկելու համար պատգամավորը 568 հազար դրամ է ծախսել: Եվ գումարի չափից անկախ` դժվար է հասկանալ, թե դատարանն ինչու հատկապես թերթին տուգանեց, երբ պատգամավորը ժամանակին իրեն տրված գնահատականի համար կարող էր հենց Հ. Բագրատյանի հետ հաշիվները պարզել: Մի խոսքով, այս գործում հաղթողը` տվյալ դեպքում գործարար պատգամավորն, ավելի անմխիթար իրավիճակում հայտնվեց, քան թերթի խմբագրությունը: Տ. Արզաքանցյանը ոչ միայն ֆինանսապես տուժեց. դատական գործընթացում նրան տրված բնորոշումները լրատվամիջոցներն ստիպված եղան բավական հաճախ մեջբերել: Մամուլի դեմ «արշավանքի» մեկ այլ դրվագում մի խումբ օլիգարխներ համախմբված գործունեության արդյունքում ավելին շահեցին: «Հայկական ժամանակը» Ս. Ալեքսանյանին, Ռ. Հայրապետյանին և Լ. Սարգսյանին երկուական միլիոն դրամ պետք է վճարի: Ստացվում է, որ թերթի հրապարակումից մինչև հոգու խորքը վիրավորված եռյակն իր պատիվն ու արժանապատվությունը գնահատում է ինչ¬որ (թեկուզ յոթանիշ) գումարով: Միայն օլիգարխ պատգամավորները չէ, որ չափից ավելի զգայուն են դարձել և փորձում են «խելքի բերել» մամուլին: Հենց նույն օրերին վիրավորվել են նաև նախկին նախագահ Ռ. Քոչարյանի որդին ու կինը` դատական հայց ներկայացնելով մեկ այլ թերթի` «Ժամանակի» դեմ: Նրանց պահանջն արդեն ոչ թե մի քանի հարյուր հազար, այլ մի քանի միլիոն դրամ է: Ու եթե Քոչարյանների ընտանիքին հաջողվի 3 միլիոն էլ «Հրապարակ» օրաթերթից կորզել, ապա կարելի կլինի եզրակացնել, որ Հայաստանում տարբեր պաշտոնյաների կողմից թերթերին դատի տալն աստիճանաբար շահութաբեր գործ է դառնում: Իսկ վիրավորանքի գինը որոշվում է «ում ատամը որքան կկտրի» չգրված կանոնով... Ավելին, ամեն ինչ այդչափ տարօրինակ չէր թվա, եթե ամեն ինչ այդչափ կազմակերպված ու միաժամանակյա բնույթ չկրեր: Ի վերջո, ում մասին ինչ ասվել է` կրկնությունն է այն հայտնի փաստերի, որոնք տարբեր ժամանակներում արդեն հրապարակվել են: Այսինքն, վաղուց հայտնի ճշմարտությունները հիմա ընդամենը վերաշարադրվում են: Եվ հետաքրքիր է, որ ոչ վաղ անցյալում, երբ ռուսական մամուլն էր հիմնավորապես պատռում մեր օլիգարխների դիմակները, նրանք լռում էին` «ուտելիս չեն խոսում» սկզբունքով: Հիմա ուտելով խոսում են, խոսելով` ուտում: Պարզապես ռուսաստանյան դատարաններում նրանք հազիվ թե կարողանային հիմնավորել իրենց հայցապահանջները:)