Փանոսների պալատ թիվ 5 


 

Գնում էինք հիվանդանոց` Ռաֆայելին տեսության:

…Սեղմեցինք վերելակի կոճակը, որ մեզ տանի վերին` 6-րդ հարկ, բայց տեսանք մարդիկ ոտքով են վեր ու վար անում: Այսինքն` էս «Վերվարածների» սերիալն են նկարահանում, ոչ ռեժիսոր տեսանք, ոչ դերասան, ոչ էլ օպերատոր: Հետո ենթադրեցինք` կարող է մեզ են նկարում որպես դերասան, որ սերիալն ավելի բնական ստացվի: Վերևից իջնող հիվանդատեսները տեսնելով` մեր մատը կոճակի վրա է, ասին` է˜, մի սպասեք, լիֆտը չի աշխատում... Չտրտնջացինք, մեր տարած ուտելեղենը շատ թեթև էր, թեթև-թեթև սկսեցինք բարձրանալ: Ամեն հարկ բարձրանալիս, որպես սրտի մխիթարանք ասում էինք` որտե՞ղ ես, Ռաֆո, գալիս ենք, մնաց 4 հարկ. 3, 2, հոպ` 1: Հիմա հարկավոր էր գտնել հիվանդի պալատը: Միջանցքով գնալիս տեսանք իրարից քիչ հեռու նույն համարի երկու պալատ: Մի շրջող հիվանդի հարցրինք.

- Մայրիկ, էս սխալմո՞ւնք է. երկու 1, երկու 5 համարներ տեսանք, հիմա մեր հիվանդին ո՞ր 5-ում գտնենք:

- Ձեր փնտրածը ունևո՞ր է, պաշտոնյա՞ է: Եթե ըտենց է` էդ բախտավորների պալատը աջ կողմում է, եթե ըտենց չի` դրանց հասարակ բուժում է հասնում: Հրեն հա` խեղճուկրակների 5 համարի սենյակը ձախի վրա է:

- Միանգամից ասեիք` ձախորդ փանոսների պալատն է, էլի:

- Վա˜յ, ըտեղ մի Փանոս անունով կիսաշունչ մարդ կար` նրա՞ մոտ եք գնում:

- Չէ´, մեր ընկերոջ` Ռաֆայելի:

- Չէ, իմ ասածը չի, ձերն ուրիշ անունով Փանոս է:

Մեր նորաթուխ Փանոսի պալատի դուռը կիսաբաց էր:

- Հորիզոն, արի, արի, ոնց որ Հրաչուհու գլուխը դռների մեջ երևաց:

- Դե որ տան գլխավորն ինքն է, հիվանդանոցում էլ պիտի իր գլուխը երևա:

Երբ լսեցինք` եկեք, եկեք, Գուրգեն, Հորիզոն, ձայնի վրա թեքվեցինք ձախ` ուղիղ պալատ:

- Էստեղ ենք, էստեղ ենք, ճիշտ եք գալիս,- այս անգամ երևաց ամբողջ Հրաչուհին:

- Մեր ոտնամուտը 3 հիվանդներին էլ վեր թռցրեց: Իսկույն պարզվեց, որ նորաստեղծ խմբի խմբավարը Ռաֆոյի սիրելի կինն էր: Տեսեք, ծանոթացեք, ամուսնուս գրչընկերներն են եկել...

- Հրաչուհի, գրիչ ասածդ հին է, մենք ինքնահոսներով ենք եկել,- սրամտեց Հորիզոնը:

- Հիվանդանոցում էլ ձեր հումորի զգացումը չեք կորցնում, պարոն Հորիզոն:

- Ռաֆայել, հիմա ո՞նց ես,- վրա տվինք երկուսով:

- Հիմի զգացվում է, բժիշկներն ասում են` դեպի լավն եմ գնում, ես էլ եմ զգում, թե չէ էն ինչ էր. պատերից ու օդից բռնելով էի քայլում: Ձեռքերս էլ չէին աշխատում: Բա դե լավ չէի, էլի: Մի օր էլ ընենց էլավ, որ իմ գդալը Հրաչուհին էր բերանս տանում, բա˜ ... Իրեն քանի˜ բերան եմ օրհնել:

- Գո՞հ ես բուժումից:

- Գոհ չըլնեմ, ի՞նչ պիտի անեմ:

- Որ կարգ, պետպատվերով ես, կարգին բուժում են:

- Էն ո՞ր կարգ ունեցողին են կարգին բուժում, որ ինձ բուժեն: Դեղեր ենք առնում, դե սենյակը մաքրում են, էս են անում, էն են անում, ոնց կլինի փող չտաս, ամոթ է, կդժգոհեն:

Ռաֆիկի թույլ տված փոքրիկ դադարներից Հրաչուհին անմիջապես օգտվում էր.

- Հյուրասիրվեք, ամեն ինչ էլ ունենք. բանան էլ, բան-ման էլ: Այս թխվածքները ես եմ թխել, վերցրեք, փորձեք:

- Ճիշտ է ասում, կերեք, էլի, ըհը` տեսեք, թե ես հիվանդ-հիվանդ տեղովս ոնց եմ ուտում, տեսեք ձեռքերս ոնց են ձեր բերած խնձորը բռնում: Ըսենց ուտում եմ, է˜, որ մի քիչ խելքի էկա: Հիմա ինձ նայեք. իմ հետ կապված ուրիշ ոչ մի բան չե՞ք նկատում:

Երկուսով միասին ասեինք` ոնց որ չէ:

- Էհե˜, չի՞ երևում` էս երկու շաբաթ է չեմ ծխում: Ասի` բուժվելն ա բուժվելը, էդ թույնի ընդունումն էլ թարկ տամ, մի կարգին ուզածներիդ պես լավանամ:

- Նյարդային վիճակդ էլ որ կարգավորես, Ռաֆ ջան, էլ նյարդային բաժանմունք չեն բերի:

- Հա, տղերք, ձեր խաթրին էդ էլ թարկ կտամ, ներվերս էլ իզուր չեմ քայքայի: Ուզու՞ւմ եք փորձենք. սուրճը ես պատրաստեմ, տեսեք քայլվածքս, ձեռքերիս շարժումը ոնց է, տեսեք, որ թմրած չէ:

Էդ ասելուն պես մեր նախկին հիվանդ ընկերը արագ ձեռ ու ոտ ընկավ, գնաց սրճի հավարին: Երևի ոչ մի մատուցող չէր կարող այդքան ուրախ սուրճ մատուցել հաճախորդին, ինչպես հիմա առակագիր Ռաֆայել Վարազդատի Հայրապետյանը: Սեղանի շուրջ հրավիրվեցին մյուս պալատականները: Հովիկն ասաց` ես Հովիկն եմ: Հիմա կասեք` համ ջահել ես, համ քայլում եմ, ինչո՞ւ եմ պառկած: Վերջերս գլխիցս գլուխ չէի հանում. սկսել էր կարուսելի նման պտտվել: Ստիպված եկա: Ինչքան ուզեցին` ճարեցի-տվեցի, բայց էլի գլխապտույտս կանգ չի առնում:

- Ռաֆիկիս եփած սուրճը որ խմես, սա պակաս դեղ չի, կլավանաս,- ասաց Հրաչուհին ու ներկայացրեց 3-րդ պալատականին:

- Իմ տղա Տիգրանի պես էս ջահել, սիրուն տղան զինակոչիկ է: Ծառայությունից հանել են- բերել հետազոտեն ու էլի հետ տանեն: Որ տղայի խնդրանքը կատարել են` մեկ օրում լավացավ:

Հեռուստացույցը մի անհամ, անպետք երգ կատարեց, փչացրեց մեր բարեխառն տրամադրությունը: Հորիզոնը նկատելիորեն անհանգստացավ.

- Էդ ի՞նչ են կատարում, ալիքը փոխեք:

- Կարծում ես ուրիշ ալիքով լա˜վ երգ են տալու: Էս հիվանդանոցի հիվանդ հեռուստացույցի ալիքները նման են Մեռյալ ծովի ալիքներին` կենդանություն չկա ոչ մի ալիքում:

Հեռուստացույցի անհամ հաղորդումներից էր, թե մեր երկար նստելուց, Հորիզոնը թեքվեց Ռաֆիկի ականջին ու փսփսաց.

- Չէ, չէ, Հորիզոն, մեր մոտ, հասարակ պալատներում զուգարան չկա, լոգարան էլ չկա, սա հո փողավորների պալատ չէ, մերն ուրիշ է, ընդհանուր է, միջանցքի է˜ն ծայրում է: Մեր ուրախությունն էլ դա է` խմբով գնում, խմբով գալիս ենք:

Հրաչուհին էստեղ չհամբերեց.

- Տո սրանց շնորհքն իրենց գլխին կպչի, ստիպված ես մարդուս երեկ տարա տուն, ձեր հավանած լա˜վ լողացրի, շենք ու շնորհքի բերի ու բերի էստեղ: Բա չէ, սրանց հույսին մնալ կլինի՞: Մի անեկդոտ կա. երեխան մորը հարցնում է` մամա, էս սպիտակ մուշտակն էլ է պապան առե՞լ: Մայրն ասում է` է, որ պապայիդ հույսին մնայի, հիմա դու ծնված չէիր լինի:

Շրջիկ անեկդոտը ոչ միայն հիվանդներին ժպիտ, ծիծաղ պատճառեց, այլ նաև` երգիծաբաններ

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆԻՆ և ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑՈՒՆ