«ԼՈՆԴԻԿԸ» ԲԻԶՆԵՍ ՉԻ ԱՆՈՒՄ


 

Զարմանալի մարդ է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը. գուցեև` համեստ: Մարդը ողջ կյանքում աշխատել է, բարձր պաշտոններ է զբաղեցրել… Արտակարգ իրավիճակների վարչության պետ է եղել` համարյա նախարար, հիմա էլ ամենաբերքառատ մարզերից մեկի ղեկավարն է, կարողացել է ինչ-որ բան հետ գցել, ունեցվածք ձեռք բերել ազնիվ աշխատանքով: Ազնիվ աշխատանքով էլ ռեստորանային համալիր է կառուցել, էլի նման բաներ ու հիմա, համեստությունից դրդված, ասում է. «Ես բիզնես անո՞ւմ եմ»…

Մենք չգիտեինք, որ գեներալ մարզպետն իր ռեստորանն օգտագործում է բարեգործական նպատակներով, հաճախորդներից փող չի վերցնում, այստեղ պարտադրողաբար կազմակերպվող «Վերջին զանգերի» ու մարզային նշանակության միջոցառումների ժամանակ ամեն ինչ անվճար է տրամադրում… Գուցե դա իսկապես այդպես է, եթե ինքն է ասում… Մինչդեռ պնդողներ կան, թե մեր շատ պետական պաշտոնյաներ սկսում են հրաժարվել իրենց ունեցվածքից, երբ խոսք է գնում բիզնեսի մասին: Հասկանալի է, նրանք չեն ուզում աչքի ընկնել, չեն ուզում հայտարարել, որ օրենքներ են խախտում: