ՆՈՐ «ԿԵՐԱԿՈՒՐ» ՕԵԿ-ԻՑ
Օրերս ՕԵԿ փոխնախագահ Մարգարյան Հովհաննեսն այսպիսի հայտարարություն է արել.
- Շարունակվելու է երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկերի հատկացումը, նախատեսված է ստեղծել 100 հազարից ավելի աշխատատեղեր, երեք անգամ ավելացնելու են ջերմոցների տարածքները, որպեսզի կարողանանք նպաստել գյուղատնտեսական ապրանքների գների նվազմանը: Քայլեր են իրականացվելու երկրի համաչափ զարգացման համար, նախատեսված է որոշ գերատեսչություններ տեղափոխել մարզեր: Մոտ օրերս ՕԵԿ-ը դարձյալ առաջարկներ է ներկայացնելու, որից հետո ծրագիրն ուղարկվելու է Ազգային ժողով:
Ավելացնենք, որ ըստ ՕԵԿ փոխնախագահի, մեր երկրում սրտի վիրահատությունը դառնալու է անվճար, իսկ մարզերից Երևան սովորելու եկած ուսանողների համար էլ ընդլայնվելու է հանրակացարանային ցանցը… Ամեն ինչ հրաշալի է, կարելի է ծափահարել ՕԵԿ-ին ու շնորհակալություն հայտնել, սակայն մինչև ծափահարելն ուզում ենք հուշել, որ սրտի անվճար վիրահատության մասին իրենցից շատ առաջ արդեն հայտարարել էր Հանրապետության նախագահը: Ուզում ենք նաև հարցնել, թե որտեղի՞ց են գտնելու այն գումարները, որոնցով պիտի իրագործեն թվարկված մյուս ծրագրերը: Կամ. այդ ի՞նչ հանրակացարանային ցանց ունենք, որն էլ դեռ ընդլայնվելու է:
Չմոռանանք, որ մի ժամանակ ՕԵԿ-ը պայքարում էր, որպեսզի ուսանողական հանրակացարաններում ապրող ընտանիքներին բնակարանի սեփականաշնորհման վկայագրեր տրվեն: Եվ տրվեցին` մեր մայրաքաղաքում թողնելով ընդամենը մեկ ուսանողական հանրակացարան…