«ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ» ՄԵԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատարներից մեկն է` բուհերում սահմանված վարձավճարների չափով: Մեր մի շարք բուհերում վարձերը հասնում են 700 հազար դրամի, իսկ միջինը 400 հազարն է: Եվ սա այն դեպքում, երբ մեզանում նվազագույն աշխատավարձը 32.500 դրամ է: Սա, անշուշտ, դուրս է տրամաբանությունից, սակայն իշխանավորները այս երևույթը բացատրում են նրանով, որ պետական բյուջեն չի կարող ապահովել բուհերի բոլոր պահանջները: Նախարար Արմեն Աշոտյանը ևս չի հերքում այդ իրողությունը.
- Շատ երկար պատասխան պահանջող հարցադրում է, բայց ես կարճ համաձայնեմ, որ մենք ունենք կրթության մատչելիության խնդիր` սոցիալական պատճառներից ելնելով: Սա է նաև մեզ դրդող այն հանգամանքը` մասնավոր հատվածից ներդրումներ, կրթաթոշակներ բերելու, կառավարությունը նույնպես միջոցներ է հատկացնում Երիտասարդական հիմնադրամի միջոցով:
Թե որքան և ում են հատկացնում` գիտեն հատկացնողներն ու շատ քիչ օգտվողները, սակայն այսօր հրամայական պիտի դառնա կրթավարձերի և կրթաթոշակների համաչափության խնդիրը: Ավելին, պետությունն իսկապես պիտի փորձի կրթությունը դարձնել իր գերակա ուղղություններից մեկը` լուծելով նաև դասախոսների աշխատավարձերի խնդիրները: Մեր մի շարք բուհերում դասախոսները ստանում են ՀՀ նվազագույն աշխատավարձից շատ ավելի ցածր վճարներ…