Խոստումներ և դառը իրականություն
Երևույթը, որի շուրջ խոսակցություն է ծավալվելու, բարեբախտաբար ներկայումս այնպիսի զանգվածային բնույթ չի կրում, ինչպես տարիներ առաջ: Եթե հիշում եք, ոչ վաղ անցյալում քաղաքի ամենատարբեր հատվածներում` կանգառներում, շենքերի պատերին, էլեկտրասյուներին և այլուր, կարելի էր ամենատարբեր և, որպես կանոն, գայթակղիչ հայտարարությունների հանդիպել, որոնցում գործատուները մեր գործազուրկ հայրենակիցներին շինարարական աշխատանքներ էին առաջարկում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում:
Խոստումներ և դառը իրականություն
Հայտարարությունները հետզհետե սկսեցին տեղ զբաղեցնել մեծ տպաքանակ ունեցող մամուլի էջերում և հեռուստատեսությունների գովազդներում: Շատ-շատերը հավատացին այդ խոստումներին. բարձր և կանոնավոր աշխատավարձ, ժամանակավոր գրանցում, անվճար սնունդ, գիշերելու նորմալ պայմաններ և այլն, և այլն: Շատ չանցած` ՌԴ մեկնելուց մեկ-երկու ամիս անց, այդ խոստումներով ոգևորված մեր համաքաղաքացիներն իրենց մաշկի վրա զգացին նույն այդ հայտարարությունների պերճանքն ու թշվառությունը: Պարզվեց, որ աշխատավարձն ամենևին էլ բարձր ու կանոնավոր չէ, որ գիշերելու նորմալ պայմանները լքված և հակասանիտարական վիճակում գտնվող նախկին անասնագոմերը, կամ էլ վթարային և բնակության համար վտանգավոր ու անօգտագործելի հանրակացարաններն են, իսկ ժամանակավոր գրանցման փոխարեն էլ մարդիկ պետք է գոյատևեին իրավապահների աչքից հեռու, գրեթե հետախուզվողի կարգավիճակում: Այսինքն, աշխատանքային օրվա ավարտից հետո մտնեին իրենց գիշերատեղերն ու քաղաք դուրս չգային, որպեսզի չբացահայտվեին…
Բարեբախտաբար, մեր երկրի և ՌԴ իրավապահների համագործակցության ու հետևողական աշխատանքի շնորհիվ վերը նկարագրվածը ներկայումս նվազագույնի է հասցվել, սակայն իսպառ չի վերացվել: Պատահում են նաև ներկայացվածից ավելի վատթար դեպքեր, ինչի մասին են վկայում ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի հաղորդագրությունները:
Ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոմն Աբրահամյան (մնացած տվյալները պարզվում են)` Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, 1970 թ. ծնված Վլադիմիր Վ.-ին, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Բորիկ Բ.-ին, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Շահեն Վ.-ին և Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ, 1971 թ. ծնված Հրաչյա Հ.-ին 2011 թվականի ընթացքում, մի ամբողջ տարի, առանց վարձատրության շահագործել է ՌԴ Ուֆա քաղաքի արվարձանում գտնվող ֆերմայում:
Մյուս դեպքն արձանագրվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնում, որտեղ ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ձորափ գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Արթուր Պ.-ն օգտվելով Վարդաբլուր գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Սերգեյ Ղ.-ի, Ստեփանավանի բնակիչներ` 1953 թ. ծնված Ժորա Ղ.-ի և 1986 թ. ծնված Արսեն Ղ.-ի սոցիալական ծանր վիճակից` ՌԴ Վլադիմիր քաղաքի շինարարական աշխատանքներում ներգրավելու և ամսական 25.000 ՌԴ ռուբլի աշխատավարձ վճարելու, ժամանակավոր գրանցման հարցը կարգավորելու, սննդի և բնակարանի վարձակալության ծախսերը հոգալու սուտ խոստումներ տալով` նրանց հրավիրել է Մոսկվա մայրաքաղաք: Այնուհետև ժամանակավոր գրանցման հարցը լուծելու պատրվակով վերցնելով անձնագրերը, ուղեկցել և բնակության համար տեղավորել է Վլադիմիր քաղաքում գտնվող, սանիտարահիգիենիկ և կենցաղային տարրական պայմաններից զուրկ կիսակառույց շենքում` վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Երբ վերջիններս հրաժարվել են այդ պայմաններում աշխատել` անձնագրերը չի վերադարձրել և սպառնացել է ՌԴ-ում անօրինական գտնվելու համար նրանց հանձնել իրավապահ մարմիններին` շուրջ 17 օր նշված անձանց հարկադրաբար աշխատեցնելով, շահագործելով և չվճարելով աշխատավարձերը…
Նմանօրինակ աննախանձելի իրավիճակներում չհայտնվելու և դառն իրականության պտուղները չճաշակելու համար մեր հայրենակիցներին կրկին ու կրկին հորդորում ենք զերծ մնալ փուչ և անհեռանկար խոստումներից և տարատեսակ կասկածելի հավաստիացումներից: Իսկ եթե այնուամենայնիվ որոշել եք մեկնել աշխատելու, բայց ինչ-ինչ հարցեր կասկած են հարուցում, ապա առանց ժամանակ կորցնելու բոլոր կասկածները կարող եք փարատել ոստիկանության մոտակա բաժնում: