Դատախազնաջակցել է


 

Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արմեն Դոլինյանը որոշեց վիճելի մեքենան արգելանքից հանել և հանձնել հանցախմբի անդամ Սպարտակ Կարապետյանին: Մեքենայի իսկական տերը` Ներսես Պողոսյանը իրավունք ունի չէ՞ իր մեքենան պահանջի հենց դատախազից...… Պատմեմ սկզբից:

Չորս տարի առաջ Ներսես Պողոսյանը որոշում է վաճառել իր սեփական «Պորշե-Կայեն» մեքենան, որի արժեքը 22 մլն. ՀՀ դրամ էր: Արամ Միլիտոնյանն իմանալով այդ մասին` Ներսեսին առաջարկում է 2,500 ԱՄՆ դոլար կանխավճար և որպես երաշխիք` իր բնակարանի սեփականության-վկայականը` խոստանալով, որ ողջ գումարը կտա մի երկու օր անց ու հետ կվերցնի տան վկայականը: Երկուստեք համաձայնության գալով, նոտարով ձևակերպում են մեքենայի առուվաճառքի պայմանագիրը: Առաջին հայացքից սովորական և հաճախ հանդիպող առուվաճառք է, սակայն այս դեպքում որպես կանխավճար ծառայեց սեփականության կեղծ վկայականը: Ա. Միլիտոնյանը հենց նույն օրն իր «գնած» մեքենան ձևակերպում է ընկերոջ` Արթուր Ասրյանի անունով և շուտափույթ լքում ՀՀ սահմանները: Իսկ Ա. Ասրյանն էլ նույն մեքենան ձևակերպում է իր և Ա. Միլիտոնյանի ընդհանուր ընկերոջ` Սպարտակ Կարապետյանի անունով: Փաստի առթիվ հարուցվում է քրգործ: Կատարվել է նախաքննություն, սակայն կողմնակալ, թերի և օրենքից դուրս… Հա, հա, օրենքից դուրս որոշում է կայացրել նաև Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արմեն Դոլինյանը, որին ոչ ավել ոչ պակաս կարելի է կասկածել, որ նա ևս հանցախմբի անդամ է, այլապես ինչպես հասկանալ այն փաստը, որ արգելանքի տակ դրված և իրենց (դատախազությանը) ի պահ հանձնված վիճելի մեքենան, որն արգելանքից հանելու հայցով Սպարտակ Կարապետյանը դիմում է Արմավիրի I ատյանի դատարան և մերժվում է: Վերաքննիչ դատարանը ևս մերժում է: Եվ այստեղ դատախազ Դոլինյանի նյարդերը չեն դիմանում` «բա որ վճռաբեկն էլ մերժի», և շահագրգիռ դատախազն ինքն է որոշում գործը գլուխ բերել… Ասեմ, որ վատ չի ստացվում: Երևի փորձն էր մեծ:

Ու թեև Ս. Կարապետյանը պարտավորագիր է գրում, որ ավտոմեքենան չի օգտագործվի և չի վաճառվի մինչև քրգործով վերջնական որոշում կայացվելը, սակայն ինչպես տեսանք, օրենքի վրա իշխողներ կան և ստացվեց այնպես, որ դատախազ Դոլինյանի թեթև ձեռքով վիճելի մեքենան արգելանքից հանվում է, և Սպարտակն անմիջապես այն վաճառում է մեկ ուրիշին` Արշակ Ափոյանին, որը նախկինում աշխատել է ՀՀ նախագահի թիկնազորային ծառայությունում և որի հորեղբայրը ներկայումս աշխատում է Ազգային անվտանգությունում… Դժվար չէ համադրել այս ընտրանին ու հասկանալ նաև «խեղճ» Դոլինյանին:

Չսլված ու չտեսնված բան է, որ մեկ օրվա մեջ գլխապտույտ արագությամբ նույն ապրանքը մի քանի անգամ վաճառվի տարբեր մարդկանց, պաշտոնյայի և նաև կալանավայրում իր պատիժը կրող դատապարտյալի…

Ակնհայտ է, որ Ներսեսի դեմ գործել են նախօրոք ծրագրավորված պլանով: Մինչդեռ մեղադրանք է առաջադրվել միայն առաջին «գնորդի»` Արամ Միլիտոնյանի նկատմամբ, իսկ մնացածներին համարել «բարեխիղճ» ձեռքբերողներ… Բա Դոլինյա՞նը… Օրենքը չգիտե՞ր, թե՞ գիտենալով շրջանցեց: Երբ դատախազ Դոլինյանին հարցրեցի, թե օրենքի ո՞ր պահանջով է առաջնորդվել, երբ մեքենան հանել է արգելանքից և հանձնել Սպարտակին (այն դեպքում, երբ դեռևս դատարանը վերջնական վճիռ չի կայացրել), Դոլինյանը մտմտաց-մտմտաց և այդպես էլ չհիշեց, միայն հարցրեց. «Կարո՞ղ է հարցազրույց եք վերցնում» և արագ հեռացավ: Իսկ ես անպատասխան չթողեցի նրան` «կարող է»:

Մեքենայի իրական տերը` պատրաստվում էր դիմել դատարան, բայց ահաբեկիչ զանգ է ստանում. «Ընտանիքդ կվերացնեմ, եթե բողոքեցիր»: Ներսեսը չի բողոքում, սակայն ահաբեկչի հեռախոսահամարը հայտնում է Ազգային Անվտանգության Ծառայությանը` ահաբեկողին հայտնաբերելու համար: Սակայն մինչև օրս պատասխան չի ստացել, իսկ խաբեությամբ և խարդախությամբ հափշտակված ավտոմեքենան այդպես էլ չի վերադարձվում օրինական տիրոջը` օրենքի ուժով:

Թերեզա ԱՍԱՏՐՅԱՆ