«Սպանվածի» տեսաելույթը
Անցյալ շաբաթ արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցներ ցնծությամբ ծանուցում էին, թե սպանվել է «Ալ-Քաիդա»-ի երկրորդ դեմք Աբու Յախյի ալ-Լիբին: Իսկ երկու օր առաջ այդ ոգևորությունը սառը ցնցուղով «ջրել» է նույն ալ-Լիբիի` իսլամիստական կայքերում տեղադրված տեսաուղերձը (հաղորդել է Reuters գործակալությունը):
«Սպանյալն» արմատական իսլամիստներին կոչ է արել սատարել զինված կազմավորումներին, որոնք պատերազմ են սանձազերծել Սիրիայի կառավարության դեմ:
- Մենք կոչ ենք անում Իրանի, Հորդանանի և Թուրքիայի մեր եղբայրներին` օգնության հասնելու իրենց եղբայրներին (Սիրիայում),- հայտարարել է ալ-Լիբին` նշելով, որ հույս չկա, թե այդ երկրում «հեղափոխությունը» խաղաղ կլինի:
Կայքում նշված ամսաթիվը, սակայն, հավատ չի ներշնչում, թե ելույթը տեսագրվել է «սպանվելուց» հետո: Իսկ տեսագրության վրա ամսաթիվ չկա: Ավելին, ալ-Լիբին որևէ ակնարկ չի անում Միացյալ Նահանգների կողմից իրեն սպանված հռչակելու փաստի առթիվ: Տեսագրությունը թվագրված է միայն այս տարեթվով` մուսուլմանական օրացույցի 1433 թ.:
Ահաբեկիչների հոգևոր առաջնորդ Աբու Յախյի ալ-Լիբին, ում իսկական անունը Մոհամեդ Հասան Քաիդ է, ճանաչված է նրանով, որ 2005 թ. փախուստ էր կատարել Աֆղանստանի ամերիկյան բանտից: Անցյալ տարի մայիսին Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո ծագումով լիբիացի ահաբեկչական խմբավորման «պաշտոնացանկում» ալ-Լիբին դարձել էր «2-րդ համարը»: Նա պատասխանատու էր Պակիստանի` Աֆղանստանին սահմանակից տարածքներում գրոհայինների գործողությունների համաձայնեցվածության համար:
Նրան «որսալու» դիմաց ամերիկյան Պետդեպարտամենտը խոստացել էր 1 միլիոն դոլար պարգև: