Թիրախն Օբամայի ընտրաշտաբն է
Միացյալ Նահանգների դատախազությունը երեքշաբթի օրը դատարանում պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել ընդդեմ երկրի 3 քաղաքացիների, ովքեր մտադրվել էին ահաբեկչական գրոհներ իրականացնել` տարբեր վայրերում (գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):
Բրայան Չարչը, Բրենտ Բիտեռլին և Ջերեջ Չեյզը ձերբակալվել են Չիկագոյում կայացած` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ: Դատախազության տվյալներով` այս եռյակը ծրագրել էր հրդեհել ոստիկանության 4 տեղամասեր` հականատօյական զանգվածային բողոքների ժամանակ: Այդուհետ պետք է գրոհեին Բարաք Օբամայի չիկագոյան ընտրական շտաբը, Չիկագոյի քաղաքապետ Ռեմա Իմանուելի սեփական առանձնատները, ինչպես նաև քաղաքի ֆինանսական շրջանը, ուր գտնվում են բանկերը:
Մեղադրյալները 20-28 տարեկան են և «Սև բլոկ» անարխիստական կազմակերպության անդամներ:
Ի դեպ` մայիսի 20-21-ը Չիկագոյում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ուղեկցվել է բողոքի ցույցերով և ցուցարարների ձերբակալություններով: Նրանցից երկուսին ներկայացվել է ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու և Չիկագոյում կամուրջ պայթեցնելու նպատակ հետապնդելու մեղադրանք: