Կենդանի վահաններ
Սիրիայում ստեղծված իրավիճակն օրավուր ավելի լարվում է. քաղաքացիական պատերազմ ասվածն արդեն իր ժանտ դեմքով է ներկայանում: Երկու օր առաջ սարսափազդու ահազանգ է հնչեցրել ՄԱԿ-ի` Երեխաների և զինված բախումների հիմնախնդիրներով հատուկ քաղգործակալ (էմիսար) Ռադիկա Կումարասվամին: Սիրիայից տիկին պաշտոնյան ու նրա աշխատակիցները վերադարձել են «սոսկալի զեկույցներով»: Մասնավորաբար պատմել են, թե սիրիական բանակը երեխաներին օգտագործել է որպես կենդանի վահան:
Դժվար է պատկերացնել, որ իր հայրենիքի կամ իր պետության առաջնորդի համար պայքարող զինվորը կարող է զոհաբերել երեխաներին. այսինքն` երկրի ապագան: Բայց Կումարասվամին հավաստիացրել է`
- Բազմաթիվ նախկին զինվորներ պատմում էին քաղաքացիական շրջանների գնդակոծման մասին, երբ նկատելի է, թե ինչպես են սպանում և խեղում երեխաներին:
ՄԱԿ-ի տվյալներով` սիրիացի երեխաներին կտտանքների են ենթարկում նաև ազատազրկման վայրերում. ծեծում են, կապում նրանց աչքերը, նրանց մարմինների վրա սիգարեթ հանգցնում, հարցաքննությունների ժամանակ էլեկտրաշոկ կիրառում:
- Մենք նաև լսել ենք, որ նրանց օգտագործում են որպես մարդկային վահաններ: Նրանց կանգնեցնում են տանկերի վրա, որպեսզի տանկերը չգնդակոծվեն. սա մեզ պատմել են իրենք` երեխաները,- պատմել է տիկին էմիսարը:
Նա քննադատել է և նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին` «Սիրիայի ազատ բանակ»-ից. սրանք էլ երեխաներին օգտագործում են որպես վարձու մարտիկներ: