ՀՀԿ-ն պատասխանատվությունից չի խուսափում


 

«Ավանգարդ»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության

պատգամավոր Կարինե ԱՃԵՄՅԱՆԸ

- ԱԺ-ի բոլոր 131 պատգամավորներն արդեն հայտնի են. խորհրդարանի կազմը գրեթե կիսով չափ թարմացված է: Կարծիքներ կան, սակայն, որ այս ԱԺ-ից սպասելիքներն այնքան էլ մեծ չեն, որովհետև նորից ընտրվել են մեծ թվով պատգամավորներ, ովքեր նախորդ հինգ տարիներին առանձնապես «մատը մատին չեն տվել»:

- Նախ ասեմ, որ յուրաքանչյուր անգամ, երբ ԱԺ-ի ընտրություններ են, այո, պետք է թարմացվի կազմը: Բայց այն պատգամավորները, ովքեր ունեն փորձ, ինչը ես շատ կարևորում եմ, անպայման պիտի կարողանան հետագայում ևս աշխատել: Ճիշտ է, թվում է, թե այս անգամ Ազգային ժողովը շատ խայտաբղետ է, բայց դրա մեջ նաև կա լավ որակ, որովհետև բոլոր ուժերն են ներկայացված: Ես կարծում եմ, որ մեզ լուրջ քաղաքական դեբատներ ու երկխոսություններ են սպասվում: Այդ առումով, այս ԱԺ-ը շատ ավելի հետաքրքիր կլինի:

- Հաշվի առնելով, որ ընդդիմադիր մեկ ուժ և՞ս ավելացել է:

- Այո, Հայ ազգային կոնգրեսը, որ մինչև այսօր դրսում էր աշխատում, հնարավորություն ունի քաղաքական բանավեճերի մեջ մտնել արդեն ԱԺ-ում: Բայց շատ կուզենամ, որ ՀԱԿ-ը շարունակի աշխատել որպես ընդդիմություն` ոչ միայն իշխանափոխություն առաջարկելով կամ այդ հարցը բարձրացնելով, այլ ավելի շատ աշխատի կառուցողական դաշտում:

- Իսկ ի՞նչ կասեք այն պատգամավորների մասին, ովքեր տարիներ շարունակ ընտրվում են, բայց օրենսդրական նախաձեռնություններով գրեթե հանդես չեն գալիս, եթե չասենք` երբևէ հանդես չեն եկել:

- Բոլորովին չեմ կիսում այդ տեսակետը: Ընդհանրապես, համահարթեցնել, ասել, թե բոլոր պատգամավորները վատն են, ԱԺ-ը վատն է` չի կարելի: Ես համարում եմ, որ և´ հանձնաժողովներում, և´ լսումների ժամանակ, և´, ընդհանրապես, ԱԺ լիագումար նիստերի ժամանակ շատ ակտիվ աշխատանք է տարվում, և կարծում եմ, որ հետագայում այդ աշխատանքն է´լ ավելի կակտիվանա ու կաշխուժանա: Իսկ ես իրավունքն ունեմ սա ասել, որովհետև միշտ մասնակցել եմ այդ նիստերին:

- Կառավարության կազմը դեռ ամբողջովին ձևավորված չէ, բայց արդեն ակնհայտ է, որ այն միատարր է լինելու: Եթե, իհարկե, չհաշվենք ՀՀԿ-ի կրտսեր գործընկերոջը` ՕԵԿ-ին, որին, ամենայն հավանականությամբ, նախարարական երեք պորտֆել բաժին կհասնի: Ստացվում է, որ գրեթե ամբողջ պատասխանատվությունը ՀՀԿ-ի ուսերին է ընկնում:

- Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա սպասենք` թող կառավարությունը ձևավորվի, հետո նոր կխոսենք: Հետագա քաղաքական գործընթացները ցույց կտան` ինչպես կձևավորվի գործադիրի կազմը, նոր համաձայնագրեր կլինե՞ն, թե ոչ և, ընդհանրապես, ի՞նչ ձևաչափով կաշխատի կառավարությունը: Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա մեզ անվերջ մեղադրում են, որ մենք միայնակ չենք ուզում պատասխանատվություն վերցնել: Բայց սա այն դեպքն է, երբ մենք պատրաստ ենք և մի´շտ ենք պատրաստ պատասխանատվություն ստանձնել ու կրել այդ պատասխանատվությունը մինչև վերջ:

- Օրերս FreedoΗ House հեղինակավոր կազմակերպությունը հրապարակեց հերթական զեկույցը, որտեղ Հայաստանը դասվում է «կիսաավտորիտար երկրների» շարքին: Իշխանությունը, կարծես, շրջանցեց այդ հարցը…

- FreedoΗ House-ին զուգահեռ շատ միջազգային կառույցներ և լուրջ դիվանագետներ հակառակն են մեր մասին ասում, բայց դրա մասին երբեք չի խոսվում: Իսկ ես կողմ եմ, որ մի քիչ էլ դրան ականջալուր լինենք, որովհետև և´ խոսում են մեր Նախագահի` հիանալի առաջնորդ լինելու մասին, և´ խոսում են այն մասին, որ մենք ժողովրդավարության առումով լուրջ զարգացումներ ենք ապրում:

- Բայց FreedoΗ House-ը պակաս հեղինակավոր կազմակերպություն չէ…

- Մենք, իհարկե, լսում ենք, տեղեկացված ենք և անպայման հետևություններ անում ենք բոլորի տեսակետներից:

Նարե ՍՏԵՓԱՆՅԱՆ