ՀԱ´ ԷԼԻ

ԷՅՄՈՆ ԳԻԼՄՈՐԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑ


 

Երևան այցելած ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը խոսեց սահմանային միջադեպերի մասին, սակայն զերծ մնաց որևէ դատապարտող խոսք հնչեցնելուց: Ավելին, երբ լրագրողները նրան հարցրին, թե լավ չի՞ լինի, եթե այցելի Լեռնային Ղարաբաղ, նա շատ կտրուկ պատասխանեց, որ չի այցելի, քանի գոյություն ունի ԵԱՀԿ ձևաչափ:

Եվրոպական դիվանագետի և միջազգային ճանաչում ունեցող կառույցի նախագահի նման բացատրությունն առնվազն ծիծաղելի կարող է դիտվել, եթե չասենք` դիվանագիտական անգրագիտություն կամ էլ Ադրբեջանի հանդեպ քծնանք ու վախ: Անկախ իր ունեցած կարգավիճակից, Լեռնային Ղարաբաղը մաս է կազմում եվրոպական ընտանիքի: Եթե անգամ առաջնորդվենք Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության սկզբունքներով, ապա Ղարաբաղը դարձյալ եվրոպական սուբյեկտ է, հետևաբար այնտեղ այցելելը չի´ կարող դիտվել այս կամ այն երկրի մենաշնորհը: Մանավանդ` այդ հպարտ երկրամասի ժողովուրդը պայքարում է իր իրավունքների և իր հռչակած անկախությունը ողջ աշխարհում լեգիտիմացնելու համար:

ԵԱՀԿ գործող նախագահի նման պահվածքը ոչ այլ ինչ է, եթե ոչ արհամարհանք, Ղարաբաղը եվրոպական տարածքից դուրս դնելու քայլ: Ով-ով, բայց Իռլանդիայի արտաքին գործերի նախարարը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում պայքար անկախության համար, ու հիմա այդ ամենը գիտեցող մարդը նման պահվածք է դրսևորում Ղարաբաղի ու ղարաբաղցիների հանդեպ:

Նման պահվածքի դրսևորումն, իհարկե, պայմանավորված է նաև մեր չափազանց համեստ կեցվածքով: Հայաստանյան քաղաքական գործիչներն ու արտաքին քաղաքականության պատասխանատուները շատ հաճախ «կուսական» պահվածք են դրսևորում միջազգային կառույցների հանդեպ, մինչդեռ Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս պահանջողի դիրքերից: Եվ որոշ միջազգային կառույցներ, վախենալով Ադրբեջանից, ռևերանսներ են անում նրան` ոչ պատշաճ վերաբերմունք ունենալով Հայաստանի հանդեպ:

Հակամարտության գոտի այցելելու մասին Գիլմորն ասել է.

- Ես այդ հարցը կքննարկեմ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ ես մտադրություն չունեմ այցելություն կատարել Լեռնային Ղարաբաղ:

Հետաքրքիր է, ինչո՞ւ է նա Հայաստանում խուսափել հարցը քննարկել հայաստանյան ղեկավարների հետ, բայց ահա պատրաստակամություն է հայտնել... քննարկել Բաքվի իշխանությունների հետ: Արդյո՞ք սա հենց մեր ասածի վկայությունը չէ:

Լ.Մ.