ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՅԱԼԱՆՉԻՆԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿԸ
Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, բնականաբար, շատերի ուշադրությունը պիտի սևեռվեր նախագահական ընտրություններին: Եթե ընտրությունները սովորաբար քաղաքական ակտիվության գլխավոր ցուցիչներն են, ապա հայաստանյան մի շարք գործիչների համար «փյունիկվելու» և «հարություն» առնելու շրջանն են, որովհետև էլ ե՞րբ, եթե ոչ ընտրությունների ժամանակ կարող են հանրության մոտ այն տպավորությունը ձևավորել, թե իբր կան ու գոյություն ունեն, թե իբր իրենք են կազմավորում քաղաքական զարգացումների կորագծերը:…
Ուրեմն, Հայաստանում սկիզբ է առել քաղաքական գործիչների և քաղաքական «յալանչիների» վերազարթնումի ժամանակը, որի «առաջին ակորդը» հնչեցրեց ոչ անհայտ Արամ Կարապետյանը` գրեթե գոյություն չունեցող «Նոր ժամանակներ» կուսակցության հին առաջնորդը: Այս գործիչն իր փշուր-փշուր եղած կուսակցությունը չփորձեց ընդգրկել խորհրդարանական արշավի մեջ: Հասկանալի է` չուներ այն ներուժը, չկար մարդկային այն զանգվածը, որը կարող էր ներկայանալ որպես կուսակցություն:
Եվ հիմա, մեր քաղաքական յուրատեսակ հյուրախաղորդը, ով գրեթե չի լինում Հայաստանում, նորից հայտարարել է նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին` «լուծելով տասը տարվա մշտական բնակության հարցը»: Պարզվում է, որ ընտրություններին մասնակցության գլխավոր գրավականը, ըստ այս գործչի, տասը տարվա խնդիրն է: Ուրիշ ոչինչ: Բայց, գուցեև զգալով իր ձեռնարկի ձախավերությունն ու դատապարտվածությունը, նա արդեն հայտարարություններ է տարածում, թե կարող են իշխանություններն իրեն թույլ չտալ գրանցվելու` հենվելով հենց «տասը տարվա» գործոնի վրա: Սա, թերևս, ապագա ձախողումն արդարացնելու այն պոպուլիստական մեթոդն է, որով նրա նմանները ներկայանում են իբրև «հալածված առաքյալ» և հանրությանը ցույց տալիս, թե` Հայաստանում իշխանությունները խանգարում են իր հաղթանակին:
Հենց Արամ Կարապետյանի հայտնության և արդեն իսկ հրամցվող շանտաժի փաստը վկայությունն է, որ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ ընդդիմությունը կանգնած է լուրջ խնդիրների առջև` չունենալով ինչպես ներկայանալի անհատներ, այնպես էլ հստակ արտահայտված ծրագրեր: Արդեն վստահաբար կարող ենք ասել, որ Արամ Կարապետյանը ոչ հայաստանյան նախագիծ է, որին ընտրությունների ժամանակ ներդնում են որոշ ոչ կառուցողական ուժեր` նրա միջոցով ինչ-որ անհասկանալի շարժումներ առաջացնելու համար: Դժվար չէ ենթադրել, որ այս գործչի թիկունքին կանգնած են ռուսաստանյան որոշ հայ և ռուս գործարարներ, որոնք գործում են ոչ թե քաղաքական, այլ` ֆինանսական շահերի դրդումներով: Քաղաքական շահի առկայության պարագայում Ա. Կարապետյանը կունենար ծրագիր և վառ արտահատված նպատակադրումներ, կունենար քաղաքական թիմ: Այդ թիմը չկա: Բացակայում է նաև ծրագիրը: Մինչդեռ քաղաքական շանտաժն արդեն պատրաստ է, որովհետև այդ անձը ոչ թե խոսում է ծրագրեր և դիրքորոշումներ ներկայացնելու, այլ` նոր «բացահայտումներ» անելու մասին: Խոստովանենք, որ սա ընդդիմություն ներկայացնող մի թևի արդեն ցայտուն արտահայտված ճգնաժամի դրսևորումն է:
Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր ամենաթույլ օղակը հենց ընդդիմությունն է, որը խորհրդարանական ընտրությունների նախօրյակին իսկապես կազմաքանդվեց, իսկապես կորցրեց համախմբվելու հնարավորությունն ու վերածվեց մանր կղզյակների` չունենալով կառուցողական առաջարկությունների և հայեցակարգերի նպատակադրումներ: Բնականաբար, ընդդիմության բացակայության պայմաններում օրինաչափ է համարվում իշխանության հաղթանակը: Եվ այն արձանագրվեց:
Նախագահական ընտրությունների նախօրյակին ևս արդեն ուրվագծվում է ապագա ընտրությունների սցենարն ու ելքը` առաջատար դարձնելով իշխանությանը և նրա թեկնածուին, քանի որ ընդդիմությունը սկսել է ներկայանալ ոչ թե ծրագրերով ու այդ ծրագրերը կրող դեմքերով, այլ շատ վաղուց «գործածությունից հանված» «յալանչիներով»… Սա պարտության առաջին նախանշանն է: Ուրեմն, դեռևս ընտրությունները չսկսված` «նախառաունդում» ընդդիմությունը գրանցում է իր առաջին պարտությունը: Սպասենք հաջորդ մրցափուլին` հունիսի 26-ին կայանալիք Կոնգրեսի հանրահավաքին: Գուցե այդ հանրահավաքը միջոց դառնա ընդդիմություն ձևավորելու և քաղաքական ծրագրերով հանդես գալու համար: