ԹԵՂՈՒՏԻ ԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՎՈՒՄ Է


 

Թեղուտի շուրջ ձևավորված աղմուկն ու անհանգստություններն օրավուր նոր ծավալներ են ընդգրկում: Այժմ արդեն հայաստանյան ակտիվիստներին, ովքեր պայքարում են Թեղուտի անտառների պահպանման համար, միացել են նաև Կանադայի բնապահպանները: Թեղուտն, իհարկե, Հայաստանի` բնական պաշարներ պարունակող ամենամեծ տարածքներից մեկն է: Այն Հայաստանի ամենալավ պահպանված անտառն է ու նաև երկրի պոտենցիալ ամենահարուստ մետաղական հանքերից մեկը: Հանքի պաշարները հաստատվել են 1991թ.-ին` 453 մլն 800 հազ. տ հանքաքար, որում պղինձ` 1 մլն 600 հազ. տ և մոլիբդեն` 99 հազ. տ:

Դեռևս 2001-ին, գլխավորապես մտահոգված հանքարդյունաբերության զարգացման խնդիրներով, Հայաստանի կառավարության որոշմամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն ստացավ Թեղուտի հանքը 25 տարով շահագործելու լիցենզիա: Սա մի ընկերություն է, որի 19.3% բաժնեմասը պատկանում է Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեջլումյանին, իսկ 80.7% բաժնեմասը` «Վալլեքս Էֆ. Էմ. Իսթեբլիշմենթ» ընկերությանը, որը գրանցված է Լիխտենշտեյնում: Ըստ սեփականատեր Վալերի Մեջլումյանի, ընկերությունը ոչ թե պայքարում է անտառի հետ, ոչ թե Լոռին զրկում է կանաչ տարածքներից, այլ բաց հանքի միջոցով արդյունահանելով պղինձ` մտահոգված է, որպեսզի վերականգնվի անտառաշերտը, տնկվեն նոր ծառեր, ինչպես ասում են` վերականգնվի այն ամենը, ինչը ժամանակավորապես ավերվելու է: Թվում է, որ ընկերության սեփականատիրոջ բացատրությունը տրամաբանական է, որովհետև նա չի կամենում ոչնչացնել անտառը, ավելին, խոստանում է նոր ներդրումների միջոցով ավելացնել նոր կանաչ գոտիներ: Սակայն այստեղ իրար դեմ են ելնում հանքի շահագործման և կանաչ գոտու պահպանման գերակայությունները, որոնք էլ ձևավորվել են այն պատճառով, որ կառավարությունը որոշում կայացնելուց առաջ` չի պատվիրել փորձագիտական եզրակացություն, չեն կատարվել ուսումնասիրություններ: Թեղուտի հանքավայրն առաջին հերթին, բնականաբար, եկամուտներով է ապահովելու Վալերի Մեջլումյանին` նրա գլխավորած ընկերությունը: Միաժամանակ, մոտ 3600 աշխատատեղի հարց է լուծվելու, Հայաստանի հանքարդյունաբերությունը դառնալու է առաջատար, ավելանալու են արտահանման ծավալները:

Կարճ ասած` ակնհայտ են եկամուտների տեսլականները, արդյունավետության խնդիրը ճաքեր չունի: Սակայն ինչպե՞ս վարվել, երբ մյուս կողմից էլ դրված է բնապահպանական խնդիր, որը պակաս կարևոր չէ: Ալավերդին ու նրա շրջակայքը շատ վաղուց գտնվում են բնապահպանական աղետի գոտում, պղնձի ու մոլիբդենի արտադրության կազմակերպման պատճառով անտառազուրկ են դարձել շատ սարալանջեր, աղտոտվել է թթվածինը, մի շարք բնակավայրերում անհնար է զբաղվել գյուղատնտեսությամբ: Ուրեմն, նաև բնապահպանական շահ, որն այս դեպքում դառնում է չափազանց կարևոր: Բայց այս ամենի մեջ մեզ զարմացնում է մի հանգամանք:

Ժամանակակից գիտության նվաճումներն ակնհայտ են. ամբողջ աշխարհում գիտնականները գտել են հանքերի փակ շահագործման ձևերն ու եղանակները, աշխարհի շատ երկրներում հանքարդյունաբերությունը վտանգ չի սպառնում բնությանը: Մի՞թե չի կարելի, որ մեծ եկամուտներ ակնկալող ընկերությունը հրավիրի գիտնականներին, համատեղ քննարկումներ կազմակերպի, պատվիրի տեխնոլոգիական նոր սկզբունքներ և համակարգեր` այսպիսով թե´ լուծելով հանքարդյունաբերության զարգացման, թե´ բնապահպանական անվտանգության խնդիրները: Թվում է, թե հարցն իսկապես անլուծելի չէ, թե կան ուղիներ, սակայն, չգիտես ինչու` Վալերի Մեջլումյանը որդեգրել է կոշտ դիրքորոշում, կանգ առել արդեն մեկ անգամ կայացված որոշման վրա և չի կամենում առաջ շարժվել:

Ժամանակակից արդյունաբերության կարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ նա առաջին հերթին հենվում է գիտատար սկզբունքների վրա, ձգտում գիտության հետ սերտացման, առավել արդյունավետ մեթոդների կիրառման: Ի վերջո, դեռևս խորհրդային իշխանության տարիներին հենց Հայաստանում ստեղծվեցին գիտաարդյունաբերական միավորումներ, որոնց ձեռքբերումները պայմանավորված էին գիտական ներուժի ներդրմամբ: Ուրեմն, հավանաբար ժամանակն է, որպեսզի արդյունաբերող-սեփականատերն ու բնապահպանական ակտիվիստները նստեն կլոր սեղանի շուրջ, հրավիրեն նաև գիտության մարդկանց և փորձեն գտնել փոխզիջումային ու գիտականորեն հիմնավորված սկզբունքներ: Այդ դեպքում միայն հնարավոր կլինի հասնել հիմնարար և օգտակար արդյունքի:

Լ.Մ.