Թաքնված ադամանդն ու շողշողուն ապակին


«ՄԷԿ ԿԱԴՐ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 14-րդ փառատոնին (նախագահ` Գագիկ Ղազարէ) անհամեմատ մանրախնամ էին նախապատրաստվել Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ): Հայկական ֆիլմարտադրությունը գեթ նվազագույն դրամական մրցանակներով յուրովի խթանելու դավանանքին հավատարիմ` խորհրդանշական գումարով տոմսեր էին փորձել իրացնել «ՄԷկ քառակուսի մետրի» ուշագրավ թատերախաղերի և մի քանի երիտասարդ կինոռեժիսորների ինքնատիպ կարճամետրաժ ֆիլմերի երկամսյա ցուցադրություններով: Այսպիսով հաջողել էին կինոփառատոնի «ՌԲԵՆ» բազային հիմնադրամի (նախագահ` Էդվարդ Պալասանյան) ընձեռած հնարավորությունների սահմանը փոքր-ինչ ընդարձակել: Եվ անթաքույց խանդավառությամբ ջանացին նորովի իմաստավորել հունիսյան կինոհանդիսանքի 7-օրյա ընթացքը: ՆՓԱԿ-ի ընդարձակ սրահներում անկանգ պտտվում էին 14-րդ կինոփառատոնի ֆիլմացանկում ներգրավված ժապավենների գովազդային դիտարժան հոլովակ ները: Կինոդահլիճ տանող ճանապարհին իրենց ուրույն ասելիքով այցելուներին գայթակղում էին 2014-ին իր «Հաղթահարում» կտավով ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանացած նկարիչ Գոռ Գյուրջյանի արտասովոր ենթատեքստերով հագեցած դիմանկարները: Բացման արարողությանը հնչեցրած ողջերթում պատանեկան հուզմունքը հորդում էր ալեզարդ Էդվարդ Պալասանյանի հոգու թարգման շուրթերից.

- Անհավատալի է... Արդեն 14 տարի: Առաջին 13 «Մէկ կադր»-երի հեղինակներն այսօր 28 տարեկան են: Փառատոնի կայացմանն էապես նպաստած կինոգետ Զավեն Բոյաջյանը, վստահ եմ, կհաստատի, որ մեր խենթ նվիրումով, ամենամյա պարբերականության ջանադիր պահպանմամբ մեզ հաջողվեց արմատավորել «Մէկ կադրի» գրավչությունը: Ի կատար ածվեց մեր կարևորագույն գաղափարը` 1 րոպեանոց ֆիլմերի ստեղծմամբ խթանել նոր, հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմերի ծնունդը: Քիչ չէ, 15-ից ավելի կարճամետրաժ ֆիլմեր են թողարկվել այս տարիների ընթացքում` լավագույն մեկ րոպեանոց կադրերի ներշնչանքով:

2016-ի հայաստանյան առաջին միջազգային կինոփառատոնի բովանդակային բազմազանությանը ակնածանքով է ծանոթացնում «Մէկ կադրի» անդավաճան երկրպագուներին փառատոնի նախագահ Գագիկ ՂԱԶԱՐԷՆ.

- Այս տարի մասնակիցների 80 տոկոսին չենք ճանաչում, նոր անուններ են մեզ համար: «Լավագույն մէկ կադր» անվանակարգում մրցակցում են 31 աշխատանք, որից 5-ը` հայկական, իսկ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում ներկայացված 200 հայտերից 66 ենք ընդգրկել: Լավագույններին թատերագետ Արա Էդոլյանի և կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի գլխավորած հանձնախմբերի որոշումներով խրախուսելու միտումով արձանիկներից բացի սահմանվել է 2 դրամական մրցանակ: «Մէկ կադրին»` 100 հազար ՀՀ դրամ, «Կարճամետրաժին»` 200 հազար ՀՀ դրամ: 3-րդ` «Կինո առանց սահմանի», անվանակարգի պատասխանատուն ինքս եմ, առայժմ հատուկ հանձնախումբ չենք կարողանում ձևավորել:

Որքան էլ որ հագեցած էր կարճամետրաժ ֆիլմերի ՆՓԱԿ-յան փառատոնի բովանդակությունը, օրավուր ցավալիորեն անապատացավ կինոսրահը, սակավամարդ դարձան ֆիլմերի քննարկումները: Կինոռեժիսորներից, արձակագիրներից, կինոլրագրողներից, սցենարիստներից ձևավորված հանձնախմբերը մրցութային բոլոր ֆիլմերի արժանիքներն ակտիվորեն դասդասելով` ջանացին լավագույնների ընտրությունն:

- Աշխարհում 4 հազար կինոփառատոն կա, այսինքն օրական 10-5 փառատոն է բացվում,- ասաց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ում «Հավաստի հերոսի անատոմիան» կինոդասախոսությունը ներկաներից շատերը բարձր գնահատեցին: - Քչերն են ծառայում որոշակի գաղափարի: «Մէկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնն այդ քչերից է: Որպես կարճ ֆիլմերի մրցութային հանձնախմբի նախագահ` հավաստիացնում եմ, որ ամենևին էլ հեշտ չէ տեսնել ֆիլմում թաքնված ադամանդը և ըստ արժանվույն գնահատել շողշողուն ապակու փայլը...

Նրանք, ովքեր մասնակցեցին «Մէկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի մրցանակաբաշխությանը, անվերապահորեն ընդունեցին Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը» և Արցախյան պատերազմին մասնակցած 11 կանանց հարցազրույցների հենքով «ԴԵ կոլեկտիվի» ստեղծած «Անվավերագիր» կինոժապավենների «ադամանդափայլը»: Ոչ մի կերպ չմերվեցին Մուշեղ Մովսիսյանի «շողշողուն ապակի» «Մահը» 1 րոպեանոց ֆիլմին վերագրված «ադամանդափայլի հետ: Մեծահոգի ներողամտությամբ ընդունեցին հանձնախմբերի մրցանակային մի շարք «վերջնագրեր», առանձնապես չտրտնջացին «Հատուկ հիշատակում»-ների «հասցեատերերից»... Ասենք, երբեք ու երբեք «հալած յուղի տեղ» չեն ընդունվում որևէ մրցութային հանձնախմբի բոլոր որոշումները: Գաղտնիք չէ, որ ամենաանաչառ ընտրություն անում է միայն Ժամանակի դաժան «գրաքննությունը»: Այդուհանդերձ, բարյացակամ գնահատանքով ամփոփվեց «Մէկ կադր» 14-րդ կինոփառատոնը: Ամենից առաջ կինոարվեստում երիտասարդներին իրենց հմտությունները դրսևորելու հավելյալ ասպարեզ տրամադրելու «ՆՓԱԿ»-յան սրտացավ պատրաստակամությամբ:

Թող որ մեր ֆիլմարվեստի ապագայով լրջորեն մտահոգված տասնյակ ռեժիսորների ու դերասանների, փառատոնի հիմնադիր ակտիվի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի (տնօրեն` Գևորգ Գևորգյան) նվիրատվություններն առավելապես բարոյահոգեբանական ազդակ եղան: Այդուհանդերձ, հատկապես սկսնակ և երիտասարդ կինոգործիչների համար` նոր մտահղացումներ իրագործելու հուսալի մեկնակետի արժեք ձեռք կբերեն:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ