ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

Հանդիպում Պարույր Սևակի և Սերո Խանզադյանի հետ` Նոր Հաճըն ավանում

1966, թե 1967 թվականի աշնանային մի գեղեցիկ երեկո էր: Արևի շողքը, որ փոխում է կյանքը, զվարթացնում է ամեն բան, այդ օրվա իր վերջին ճառագայթներն էր ուղարկում Նոր Հաճըն նորաստեղծ ավան, որտեղ գտնվող տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանի աշխատանքային օրվա առաջին հերթափոխն ավարտվել էր:

Ես այդ տարիներին վերը նշված գործարանի գլխավոր ճարտարագետն էի: Օրվա վերջին իմ փոքր առանձնասենյակում նշումներ էի կատարում անցած օրվա նկատված աշխատանքային բացթողումների և հաջորդ օրվա որոշ խնդիրների մասին: Հանկարծ հնչեց հեռախոսի զանգը: Գործարանի անցակետի հերթապահն էր:

- Ընկեր Գալոյան,- դիմեց նա,- քանի որ դիրեկտորը գործուղման մեջ է, Ձեզ եմ դիմում: Անցակետում են բանաստեղծ Պարույր Սևակը և գրող Սերո Խանզադյանը, ցանկություն ունեն մտնել գործարան…

Շատ անսպասելի էր: Ես մի պահ շփոթվեցի այդ տաղանդավոր անհատների անունները լսելու անակնկալից…

Պարույր Սևակ: Որքա˜ն նվիրական անուն, հանճարեղ բանաստեղծ, բնության պես խորիմաստ, ամենակարող... Բայց «ուշքի եկա» և հերթապահին ասացի, որ ես անմիջապես կմոտենամ: Գնացի անցակետ, բարևեցի մեծապատիվ հյուրերին և ուղեկցեցի իմ աշխատասենյակ:

Սերո Խանզադյանը պատմեց, որ իրենք հագստանում են Արզնի առողջարանում, այդ օրվա բուժման ընթացակարգն ավարտվել է, և իրենք ցանկություն ունեն տեսնել Նոր Հաճըն ավանն ու այնտեղ տեղակայված գործարանը, ստանալ որոշ տեղեկատվություն:

Ես պատմեցի, որ 1958 թվականի մայիսը նշանակալից էր Հրազդան գետի աջափնյա գեղատեսիլ սարահարթի վրա տեղակայված «Սիլավոյ» անհրապույր անունը կրող` Արզնի հիդրոէլեկտրակայանի շինարարությունում աշխատողների բանավանի համար: Այդ ամսում, ԽՍՀՄ Մինիստրների Սովետի որոշմամբ, այնտեղ հիմնադրվեց տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանը: Գործարանի բացումը, ի թիվս բազմաթիվ այլ դրական կողմերի, նաև հնարավորություն էր ընձեռում աշխատանքով ապահովել ավանի աշխատունակ բնակչությանը, ովքեր Արզնի ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո, արդեն մի քանի տարի զրկված էին այդ հնարավորությունից: 1958 թ. նոյեմբերին ավանը ստացավ Նոր Հաճըն անվանումը` ի հիշատակ Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքի: Ի դեպ` որոշ բնակիչների պնդմամբ, այդ անունը ծագել է «հայն աճեց» բառերից: Կան նաև այլ կարծիքներ, օրինակ` հաճըն նշանակում նաև հաճելի վայր: Հաճընը Կիլիկիայի` ավելի քան 35 հազար բնակիչ ունեցող ծաղկուն քաղաք էր, որը թուրքերի կողմից հայաթափվել էր Մեծ եղեռնի ժամանակ: 1918-20 թթ. մոտ ութ հազար հաճընցիներ վերադարձել են հայրենի քաղաք, սակայն 1920-ին թուրքերը դարձյալ պաշարել են Հաճընը: Ութ ամիս տևած հերոսական ինքնապաշտպանության ընթացքում, անհավասար մարտերում բազմաթիվ հաճընցիներ զոհվել են` այդպես էլ ոչ մեկից օգնություն չստանալով: Հաճընն ընկել է: Թուրքերը` իրենց ձեռագրին հարազատ, խաղաղ բնակիչներից շատերին կոտորել են: Հրաշքով փրկված ոչ մեծ թվով հայեր ցրվել են աշխարհով մեկ: Հաճընցիներով բնակեցված գաղթօջախներ կան Արգենտինայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Հունաստանում և այլուր: Արգենտինայում հրատարակվում է «Նոր Հաճըն» ամսագիրը, որի խմբագիրն է Ա. Գրաճեանը: Ես հյուրերին ցույց տվեցի այդ ամսագրի մի քանի համարներ:

Խոսքս ավարտելուց հետո Պարույր Սևակն իր մտախոհ հայացքն ուղղեց մեզ և իր հոգու խորքից եկող հայրենասիրական երանգով ասաց.

- Ցավոք սրտի, պատմական Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի թագավորության բազմաթիվ բանուկ քաղաքներ և բնակավայրեր ոսոխների ձեռքով ոչնչացվել են, և մեզ են հասել միայն նրանց անունները` Հաճըն, Մուսա լեռ, Կիլիկիա, Սասուն, Մալաթիա, Արաբկիր Զեյթուն և այլն, և այլն, որոնց անուններով անվանակոչվել են այսօրվա Հայաստանի բնակավայրերը: Թվում է, թե մեր ներկա տարածքով փոքր հայրենիքը պատմական Հայաստանն է, բայց … միայն անուններով…:

Մենք մի պահ լռեցինք, ամեն մեկս մեր պատկերա-ցումներով վերապրեցինք Հայաստան աշխարհի անցյալը, ներկան ու ապագան:

Այնուհետև նշանավոր հյուրերին առաջնորդեցի գործարանի երկրորդ հերթափոխում աշխատող մի արտադրամաս, ծանոթացրի կորունդի մշակման տեխնոլոգիայի որոշ առանձնահատկություններին:

Գործարանից դուրս գալուց հետո նրանք չմերժեցին իմ խնդրանքը և մենք առանձնացանք մի փոքր սեղանի շուրջ: Սերո Խանզադյանը գինով լի բաժակով խմեց հայ ժողովրդի կենացը: Բարձրացնելով երկրորդ բաժակը, նա ասաց.

- Ես առաջարկում եմ բարձրացնել բաժակները և խմել ընտանիքի նեցուկ հայ կանանց կենացը, ցանկանալ, որ նրանք հնարավորինս շատ զավակներ ծնեն, որ այսօրվա մեր փոքր հայրենիքն ունենա ավելի շատ բնակչություն, որ նա տեսանելի լինի աշխարհի քարտեզի վրա` ինչպես դարեր առաջ էր, երբ աշխարհի պետությունները հաշվի էին նստում նրա հետ... Այդ է իմ բաղձանքը:

Բավական երկար նստեցինք: Այնուհետև իմ ծառայողական մեքենայով Պարույր Սևակին և Սերո Խանզադյանին ուղեկցեցի Արզնիի ձորի մի բարձունքում գտնվող Հայկական ԽՍՀ կառավարության պոլիկլինիկայի «Արզնի» եռահարկ առողջարան, ուր գտնվում էին նրանց հատկացված հատուկ հարկաբաժինները:

Արդեն գիշեր էր, նշմարվում էր լուսինը, երկնքում շողշողում էին աստղերը… Ես մեկնեցի տուն: Մտքումս անընդհատ տաղանդաշատ բանաստեղծ Պարույր Սևակի խոսքերն էին, ականջներումս` նրա ձայնը…

Այդ անմոռանալի հանդիպումից անցել են բազմաթիվ տարիներ, բայց ամեն անգամ, երբ վերընթերցում եմ Պարույր Սևակի անմահ «Անլռելի զանգակատուն» պոեմը, կամ պատեհ առիթով այցելում եմ նրա տուն-թանգարան ու հարգանքի տուրք մատուցում նրա շիրիմին, կամ հետաքրքիր հատվածներ եմ կարդում Սերո Խանզադյանի «Անդրանիկ» վեպից, վերհիշում եմ Պարույր Սևակի հայրենասիրական խոսքերը և Սերո Խանզադյանի մաղթանքները, որոնք լսեցի Նոր Հաճըն ավանում` գրեթե կես դար առաջ…

Կիմ ԳԱԼՈՅԱՆ