ԵԿԵԼ ԵՆ` ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԱՄԲԱՐԵԼՈՒ

Ազդարարվեց 2016 թ. «Արի տուն» ծրագրի մեկնարկը

Գարնան ավետաբեր ծիծառների նման` նորից մայր հայրենիք են եկել հեռավոր ափերում ծվարած հայ մանուկները: Եկել են Սփյուռքի նախարարության «Արի տուն» հորդորին ականջալուր` ամրապնդելով ծրագրի հեղինակների և հյուրընկալող ընտանիքների հավատը, որ այս մանուկներն, ի վերջո, Տուն են դառնալու: Իսկ մինչ վերջնական վերադարձը` նախնյաց կանչին միախառնելու են Հայաստան-հայրենիքում ամբարած ջերմությունը` նրա տեսքն աչքերում ու հոգու նվիրական ծալքերում հավերժ պահելով:

«Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2016 թ. առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

- Սիրելի´ երիտասարդներ, ուրախ եմ այսօր ձեզ ողջունել 2016 թ.-ի «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար: Կատարվել է ձեր բոլորի երազանքը, այսօր դուք մասնակցում եք մի ծրագրի, որը արդեն 7 տարվա պատմություն ունի: Ծրագիրն իր բնույթով, կազմակերպչական ողջ ծավալով, գրավում, հիացնում է մեր երիտասարդներին և օգնում, որ նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, սիրեն Հայրենիքը` նորից վերադառնալու պայմանով: Ես կարծում եմ, որ դուք այս 14 օրերի ընթացքում ունենալու եք շատ մեծ և հետաքրքիր բացահայտումներ, ձեռք եք բերելու ամենակարևորը` ընկերներ և բարեկամներ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր հյուրընկալ ընտանիքներին, ովքեր իրենց դռները բացել և սիրով հյուրընկալել են մեր պատանիներին ու աղջիկներին: Սիրելի´ երեխաներ, հավատացած եմ, որ այս 14 օրերը ձեզ համար հիշարժան են դառնալու: Բարո´վ եք եկել Հայրենիք,- արիտունցիներին ողջունելով` ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Կարևորելով ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին` Նախարարն ազդարարեց դրա մեկնարկը: Ծրագրի ուղեկիցը դարձած ավանդույթի համաձայն` Սփյուռքի նախարարը ամենակրտսեր մասնակցին` սիրիահայ 14-ամյա Գևորգ Բաղդասարյանին անձամբհագցրեց «Արի տուն» տարբերանշանով շապիկն ու գլխարկը և հանձնեց պայուսակը:

Իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին Մարիանա Սահրադյանը և Հայկ Եսայանը: Իսկ ցուցադրված «Արի տուն» ֆիլմը երեխաներին մտովի «տեղափոխեց» այստեղ ապրելիք օրերը:

Ի դեպ, այս տարի նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայաստան: Նախորդ տարիների նման` ծրագիրը կընթանա 8 փուլով և կունենա քառ-օրյա ճամբարային ծրագիր` Ծաղկաձորում: Ասել է թե` 1100 հայ մանուկ ու պատանի Հայրենիքի օդով են զորանալու, ճանաչելու են զմիմյանս և նոր` հայրենակից ընկերներ են գտնելու: Հարուստ հուշեր են կուտակելու ու նաև` կարոտ: Հայրենյա´ց կարոտ: Զգացում, որը մինչ այս անծանոթ է նրանց փխրուն հոգիներին: Զգացում, սակայն, որն ամրացնում է մարդկային հոգին ու ջնջում սառնասիրտ կարծրությունը սրտերի: