Կգտնվի՞ «ոսկե միջինը»

ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախաձեռնությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ոչ պարենային ապրանք արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր իրազեկել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ օրենսդրական դաշտում տեղի ունեցած նոր փոփոխություններին: Դրանց համաձայն` երրորդ երկրներից ներմուծված ոչ պարենային ապրանքները պետք է Հայաստանում հավաստագրվեն (սերտիֆիկացվեն): Հակառակ դեպքում դրանց վաճառքը կկասեցվի հայկական շուկայում: Բացի այդ, առանց այդ փաստաթղթի թույլ չի տրվի դրանք Հայաստանից արտահանել ԵԱՏՄ այլ երկրներ:

Ինչպես և սպասվում էր, նոր փոփոխությունը բավական բուռն արձագանքի արժանացավ, քանի որ ներկաները պնդում էին, թե այն ժամանակավրեպ է: Ներկայացվող օրինակներից մեկն այն էր, որ եթե շուկայում վաճառվող 100 դրամանոց գուլպայի որակի սերտիֆիկատ ստանալու համար տնտեսվարողը պետք է 40 հազար դրամ լրացուցիչ գումար վճարի, ապա այն մի կողմից կավելացնի կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից կթանկացնի վաճառվող ապրանքի գինը: