ԹԱՏԵՐԱԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ՞


Իտալական Ակվիլայում «Մեծ ութնյակի» եռօրյա գագաթաժողովին մասնակցում էին նաև միջազգային կառույցների, Համաշխարհային Բանկի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի, հատկապես աֆրիկյան պետությունների շուրջ 30 այլ ղեկավարներ: Քննարկվեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման, տնտեսապես թույլ զարգացած պետություններում հնարավոր սովի կանխման, միջուկային զենքի տարածումն արգելելու, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և ամբողջ մոլորակի համար հրատապ նշանակություն ունեցող բազմաթիվ այլ հարցեր: Ակվիլայի գագաթաժողովը իրավական առումով պարտադիր կատարման ենթակա որևէ փաստաթուղթ չընդունեց: «Մեծ ութնյակն» այդպիսի իրավասություն չունի էլ: Սակայն այն խնդիրները, որ քննարկվեցին այդ գագաթաժողովում, անկասկած, հսկայական ազդեցություն են գործելու մեր մոլորակի քաղաքական կլիմայի վրա, կանխորոշելու են միջազգային քաղաքական զարգացումների հետագա ընթացքը: Այդ առումով բացառիկ նշանակություն կարող է ունենալ Իրանի միջուկային ծրագրերի մասին գագաթաժողովի հայտարարությունը, որը հրապարակեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Հայտարարությամբ մինչև սեպտեմբերի 24-ը, այսինքն մինչև «Մեծ 20-ի» հերթական հանդիպումը, ժամանակ տրամադրվեց Իրանի Իսլամական Հանրապետությանը` կատարելու իր միջուկային ծրագրերի իրականացումը դադարեցնելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի պահանջները: - Եթե մինչ այդ առաջընթաց չարձանագրվի,- «Ութնյակի» անունից հավաստեց Ֆրանսիայի նախագահը,- մենք ստիպված կլինենք որոշումներ կայացնել: Պարզից էլ պարզ է, որ ակնարկը սպառնալիք էր պարունակում և ենթադրում էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառում: Չնայած բոլորն էլ հասկանում են, որ Թեհրանին պատժամիջոցներով սպառնալն անհեռանկար գործ է: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 5 մշտական անդամների մեջ այդ հարցում լիակատար համաձայնություն չկա: Չինաստանն ու Ռուսաստանը, օրինակ, մինչև այժմ վճռականորեն դեմ էին արտահայտվում ցանկացած պատժամիջոցի: Սակայն Ակվիլայի գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ջուրը բերանն առավ և խոսք անգամ չասաց, թե Թեհրանի հետ սպառնալիքներով խոսել չի կարելի: Ինչո՞ւ: Որովհետև Մոսկվան շահագրգռված է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի բարձրացրած աղմուկը բանակցությունների միջոցով հարթվի: Քանի որ Վաշինգտոնը Եվրոպայում, կոնկրետ Չեխիայում և Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգեր, առաջին հերթին ռադիոտեղորոշիչ կայանքներ տեղադրելու մտադրությունը մինչև այժմ էլ արդարացնում է` իր անվտանգության համար ու իբրև թե` Իրանից բխող հրթիռային սպառնալիքները չեզոքացնելու մտահոգությամբ: Փարիսեցիություն է. Իրանն առաջիկա 100 տարում սպառնալիք չի կարող լինել Միացյալ Նահանգների համար: Մանավանդ պնդում է, թե ինքը միջուկային զենք ստեղծել չի պատրաստվում: Սակայն կարելի է հասկանալ Բարաք Օբամային: Նա չի կարող խոստովանել, թե Բուշի վարչակազմը բացահայտորեն հենց Ռուսաստանի դեմ ուղղված թշնամական քայլ էր արել` նախատեսելով Չեխիայում ու Լեհաստանում հակահրթիռային առաջնային պաշտպանության համակարգերի տեղադրում: Օբաման ակնհայտորեն ցանկանում է սրբագրել իր նախորդի սխալը, սակայն նա նաև իր երկրի քաղաքական դեմքը փրկելու խնդիր ունի: Այսինքն, փորձում է ձևացնել, որ Վաշինգտոնը Եվրոպայում ռադիոտեղորոշիչ կայանքներ տեղադրելու մտքից հրաժարվեց ոչ թե Մոսկվայի ճնշման տակ, այլ այն պատճառով, որ Իրանից բխող սպառնալիքն արդեն վերացավ: Մոսկվային չափազանց ձեռնտու կլիներ, եթե Իրանը համաձայներ մասնակցել այդ թատերախաղին: Կամ` առնվազն համաձայներ, որ իր միջուկային ծրագրերը դրվեն ՄԱԳԱՏԷ-ի լիակատար վերահսկողության տակ, ինչից մինչև այժմ հրաժարվում էր` պնդելով, թե դա իր ներքին գործերին խառնվել է նշանակում և վիրավորական է պետական ինքնիշխանության տեսակետից: Եթե Իրանն այդպիսի զիջման համաձայնի, ապա անխտիր բոլորը կշահեն: Վաշինգտոնը առիթ կունենա առանց ինքն իրեն խայտառակելու` հրաժարվել Եվրոպայում բացահայտորեն հակառուսական հակաօդային պաշտպանության ռադիոտեղո րոշիչ կայանքներ տեղադրելու մտադրությունից: Մոսկվան կազատվի մինչև Ուրալյան լեռնաշղթան հասնող իր տարածքն ամերիկյան ռադիո-հետախուզական սարքերի սևեռուն ուշադրության օբյեկտ դարձնելու տհաճ հեռանկարից: Թեհրանն էլ համաշխարհային հանրությանը կներկայա որպես մի ողջախոհ երկիր, որը հանուն աշխարհում վստահության մթնոլորտի վերականգնման` քաջություն ունեցավ զոհաբերել իր միջուկային ծրագրերը: Մնում է սպասել` կկայանա՞, արդյոք, այդ թատերախաղը:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ