ՂԱՐԱԲԱՂ. տարբեր շահերի խաչմերուկում


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը զգալիորեն ակտիվացել է: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 6 անգամ, ավելի հաճախակիացել են միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների այցերը տարածաշրջան: Այս ամենը թերևս վկայում է, որ միջազգային հանրությունն արդեն ընդգծված շահագրգռվածութուն է ցուցաբերում հակամարտությունը հնրավորինս շուտ կարգավորելու հարցում: Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե աշխարհի հզորների այդ շտապողականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու բարի կամքի դրսևորում է ընդամենը: Մինչդեռ, շատ կարևոր է իրապես հասկանալ, թե հակամարտության կողմերից և միջնորդներից յուրաքանչյուրն առանձին ի՞նչ տեսանկյունից է դիտարկում ղարաբաղյան խնդիրը: Թվում է` շատ պարզ ու հասարակ հարց է առաջարկվում: Սակայն, հակամարտության կարգավորումը դժվարանում է նաև այն պատճառով, որ հայկական կողմի համար Ղարաբաղը ժամանակի աշխարհաքաղաքական վայրիվե րումներին կուլ գնացած և 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարում հազարավոր հայորդիների կյանքի գնով ազատագրված հայրենիք է, իսկ ադրբեջանցիների համար այն հայրենիք համարվել չի կարող: Շատ-շատ` նրանցից մի մասի համար Ղարաբաղը մի տարածք է, որտեղ ճակատագրի բերումով նրանք ծնվել են, իսկ հայրենիքը շատ ավելի լայն հասկացություն է և դարերի խորքը հասնող արմատներ ունի, ինչը չես ասի ադրբեջանցիների պարագայում: Եվ արդյո՞ք սա չէր Աղդամից ոչ հեռու մ. թ. ա. I դարում կառուցված հայկական Տիգրանակերտ քաղաքի ավերակների հայտնաբերման առիթով ադրբեջանցիների վայնասուն բարձրացնելու պատճառը: Սակայն միջազգային հանրության համար Ղարաբաղը բոլորովին այլ արժեք ունի: Խնդիրն այն է, որ գնալով ավելի է սրվում էներգակիրների և ընդհանրապես կովկասյան կոմունիկացիոն միջանցքի համար Արևմուտքի ու Ռուսաստանի միջև պայքարը: Իսկ ղարաբաղյան խնդիրը մեծ արժեք է ձեռք բերել այդ ռազմավարական մրցակցության մեջ: Ադրբեջանը հասկացրել է Արևմուտքին, թե ինքը կհամաձայնի մասնավորապես «Նաբուկոյին», եթե վերադարձվի Ղարաբաղը: Ճիշտ է, վերջերս Բաքվում ստորագրված գազային գործարքով Ռուսաստանը կարծես վիժեցրեց «Նաբուկոն», սակայն Ադրբեջանի ունեցած` անվստահելի ու անկանխատեսելի գործընկերոջ համբավը թույլ չի տալիս համոզված լինել, որ հիշյալ գազատարի հարցն ընդմիշտ փակված է: Անցած շաբաթ ութնյակի գագաթաժողովում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, այսինքն` Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում կոչ էին անում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին` շուտափույթ համաձայնության գալ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: Սա արդյո՞ք նշանակում է, որ Ռուսաստանը, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ինչ-որ համաձայնության են եկել Ղարաբաղի, որ նույնն է, թե կովկասյան կոմունիկացիոն միջանցքի հարցում: Դժվար թե: Պարզապես մասնակցելով վերոհիշյալ հայտարարությանը, Ռուսաստանը, թերևս, չի ցանկանում զատվել միջազգային հանրության գետից: Մյուս կողմից էլ անհանգստացնող է այն, որ չնայած «Մադրիդյան» անունն ստացած սկզբունքներում հավասարապես կարևորվում են տարածքային ամբողջականության պահպանումն ու ինքնորոշման իրավունքը, սակայն Մինսկի խմբի համանախագահները մշտապես խոսել են իրենց բառերով` գրավյալ, իսկ իրականում` ազատագրված տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և այնտեղ ադրբեջանցի փախստականներին բնակեցնելու մասին: Իսկ Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից մազապուրծ 400 հազար հայ փախստականների մասին «մոռանում են»: Եռանախագահները խոստանում են, որ բանակցային գործընթացի ինչ-որ փուլում բանակցություններին կմիանա նաև Ղարաբաղը: Սակայն պաշտոնական Բաքուն, կարծես ի պատասխան բանակցություններին Ղարաբաղի մասնակցության մասին պահանջին, առիթը բաց չի թողնում պնդելու, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադբրեջանի տարածքային ամբողջականության վերականգնման և գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերման միջոցով: Շուտով սպասվում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը: Խուսափելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր տհաճ անակնկալ զարգացումներից, օրեր առաջ Ստեփանակերտում ՀՅԴ կազմակերպած համահայկական համաժողովի ընդունած բանաձևում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը կոչ է արվում չստորագրել Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ` առանց ԼՂՀ իշխանությունների համաձայնության: Դե ինչ, կարծես` ժամանակին կատարված նախաձեռնություն է: Սակայն, անհասկանալի է, թե ինչո՞ւ առանց քաղաքական մյուս ուժերի մասնակցության: Մի՞թե դարձյալ գործեց համազգային խնդիրները սեփականաշնորհելու, դրանցով մտահոգվող միակ քաղաքական ուժի հերոսական կեցվածք ընդունելու դաշնակցական եսակենտրոնությունը: Ինչևէ: Չնայած` Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումից հետո Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրում չի սպասվում, սակայն վերը թվարկված իրողությունները պարտադրում են զգոն լինել: Իսկ առայժմ ստիպված ենք սպասել` Հայաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակով առաջիկա բանակցություններին:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ