Արտասովոր երեքշաբթին


Երեք երկրների ժողովրդական արտիստուհի Սոֆիա Ռոտարուն աղմկոտ տոնակատարությունների սիրահար չէ: Սիրելի ամուսնու` Անատոլի Եվդոկիմենկոյի մահից հետո իր ծննդյան օրը նշում էր միայն նեղ ընտանեկան միջավայրում որդու` Ռուսլանի, հարսի` Սվետլանայի ու թոռների` Տոլիկի ու Սոնեչկայի հետ: Սիրելի երկրպագուներին ընդունելություն էր կազմակերպում այդ առթիվ մերձբալթյան Նիկիտա ավանի իր ամառանոցում` հյուրասիրելով իր պատրաստած կարկանդակները, շամպայն ու մոտակա ռեստորանում պատվիրված բուտերբրոդներ: Ամառանոցի շեմին ամեն տարի հավաքվում էր մոտ 200 մարդ: Սանդղամուտքից Սոֆիա Միխայլովնան ողջունում էր կարմիր հովհարով, մտերմիկ զրույցի բռնվում` նկատելով իր անդավաճան երկրպագուների մինչև անգամ սանրվածքի փոփոխությունը, հարցուփորձելով հականե-հանվանե ծանոթների ընթացիկ հոգսերից: Հեղեղելով սիրելի երգչուհուն ծաղիկներով, մատուցելով նվերները` հյուրերը շուտով հեռանում էին` որպես բարեմաղթանք մտապահելով հրաժեշտի ջերմ խոսքերը. «Դուք գիտե՞ք, որ ես երգում եմ միայն ձեզ համար»… 60-ամյա հոբելյանին, այդուհանդերձ, որոշեց աննախադեպ շուք հաղորդել: Չլսված բացառության կարգով իրավունք ստացավ տնօրինելու Լիվադիայի հանրահայտ պալատը, որը զբոսաշրջիկների բազմությունը այցելում էր ամեն օր` տեսնելու, թե որտե՞ղ են հանդիպել Ստալինը, Ռուզվելտն ու Չերչիլը, Իտալական բակի ո՞ր նստարանին է արցունքներ հեղել Մարգարիտա Տերեխովան «Շունը խոտի դեզի վրա» ֆիլմում… Ինչևէ: Հանդիսությունների համար թանգարանային կահույքից ազատեցին Ճերմակ սրահը: Պատերից կախեցին հոբելյարի հնագույն սև-սպիտակ դիմանկարները, աջ ու ձախ տեղադրեցին անցած տարիների համերգային հագուստով զգեստավորված մանեկեններ: Խաղողի արհեստական որթերով, ծաղիկներով, ճերմակ շղարշե սյունաշարերով զարդարեցին Իտալական բակի ամենախուլ անկյուններն անգամ: Տոնակատարության երեքշաբթին արտասովոր էր ամեն ինչով: Երբևէ ոստիկանի չհանդիպած տեղաբնակների զարմանքը առաջնահերթ հարուցեցին Լիվադիայի մուտքը խիտ շարքերով օղակած ուկրաինական իրավապահները, որոնց համազգեստի գորշագույնը ձուլվել էր շրջապատի լերկ զառիթափերին` կազմելով մեկ ամբողջություն: Ռուսական միապետների հռչակավոր պալատի ճանապարհին խմբված խանդավառ ամբոխը, նախ, դիմավորեց Ռուսլան Եվդոկիմենկոյի սպորտային մեքենայով սեփական տոնակատարությանը ժամանող անվանի երգչուհուն, ապա` միմյանց հաջորդող 80 հյուրերին, որոնց թվում և ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովային: Երբեք սրտակից ընկերուհիներ չլինելով` հաճախ նույնիսկ իրար չնկատելով` հանրահայտ աստղերն իրենց կյանքում առաջին անգամ էին սիրալիր հանդիպում ունենում` ապշեցնելով հավաքվածներին անկաշկանդ մտերմությամբ: Պաշտոնատար անձանցից Ռոտարուին անձամբ շնորհավորեցին ուկրաինական 3 քաղաքագլուխներ` Կիևինը, Յալթայինը և Սևաստոպոլինը, Վիկտոր Չերնոմիրդինն ու Մոլդովական Հանրապետության ներկայացուցիչները: Գիշերամուտին, երբ տոնական հանդիսությունն իր ամենահախուռն փուլն էր թևակոխել, նախագահական մեքենաների շարասյունը ցրեց հետաքրքրասեր ամբոխին, և հայտնվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Ճերմակ սրահում թնդում էր ուրախությունը: Հյուրերից յուրաքանչյուրը փայլում էր ոչ միայն բաժակաճառերի ճարտասանությամբ, այլև երգարվեստով. Կոբզոնը, Կիրկորովը, Դոլինան, Ալսուն, Պուգաչովան, Բաբկինան … Չնայած մթամած խավարին (Լիվադիայում էլեկտրաէներգիան տնտեսում են. հսկայական կանաչ տարածքը աղոտ լուսավորում են մի քանի ջարդուփշուր լապտերներ), հասարակ մահկանացուները, հանգստացողներն ու անօթևանները ակնդետ նայում էին պալատի վարագուրված պատուհաններին, ուշի-ուշով որսալով գիշերային անդորրը ճեղքող երգ-երաժշտության զվարթ հնչյունները: Նիկոլաևյան ժամանակներից այստեղ, ասես, ոչինչ չի փոխվել` պարոնայք զվարճանում են, հաճոյակա տար ամբոխը ակնապիշ հմայվում նրանց խրախճանքով… Մինչ Սոֆիա Միխայլովնան շարունակում է ընդունել շնորհավորանքներն ու ճոխ նվերները, պալատի մուտքին համարձակ մոտենում է ծաղկեփնջով մի ուսանողուհի. «Թույլ տվեք, ես ցերեկը չհասցրեցի, թույլ տվեք ծաղիկներս նրան նվիրել»: Պահապանները խղճահարվում են աղջկա արցունքներից, կանչում իրենց ավագին: «Ես կփոխանցեմ»,- լինում է վերջինիս հատու պատասխանը: Աղջիկը հեծկլտալով գլխիկոր հեռանում է` կորչելով գիշերային խավարում, ինչպես որ նրա համեստ ծաղկեփունջը էլիտար ծաղկեզամբյուղների օվկիանոսում…