ՀՈՒՅՍԻ ՇՈՂ ՄԱՀՎԱՆ ՀՈՎՏՈՒՄ


1. Աշուն, հետմիջօրե, ապազգային ծերանոց... Երևի թե աշխարհիս երեսին գոյություն ունեցող ամենատխուր վայրերը մանկատներն ու ծերանոցներն են` նորածին և երկրային կեցության վերջնագծին հասած մարդ արարածի լքվածության անփառունակ խարանը կրող օթևանները£ Առաջինի «բնակիչները», իրենց վիճակին անգիտակ, հրաշքով կարող են նորափթիթ կյանքում ինչ¬ինչ հետաքրքրություններ, փոքր ուրախություններ գտնել£ Մինչդեռ մահվան շեմին հասած տարեցները, մտքի սթափությունն ու մարմնի տոկունությունը կորցրած լինելով, վաղվա օրվա նկատմամբ միանգամայն անտարբեր, մի կոնկրետ սպասումով են մթնեցնում իրենց բաժին մնացած անցնող օրերը` մահվան հրեշտակի գալստյան… Անպատմելի մի ողբերգություն` ծնված ունայնությունից£ Գրականության մեջ, թատրոնում ու կինոյում բազմիցս արծարծված, ըստ էության հավերժական թեմա£ Ի՞նչ մոտեցում է հանդես բերում պոլսահայ թատերագիր Արման Վարդանյանը իր 13 թատերախաղերի պսակներից համարվող «Ախացել»-ում (1996)£ Ապազգային ծերանոցի աշնանային հետմիջօրեն իմաստավորվում է «գունավոր անցյալ» ունեցած Ոստանիկ Ոսկանյանին հոգեզավակի` Կարինեի այցելությամբ. ուրիշ լուսավոր շող հազիվ թե կարելի լիներ գտնել դրսի աշխարհից իր կեցության կարգավիճակով (օրենքներով) իսպառ կտրված, հոգեսպան, անհյուրընկալ միապաղաղության դատապարտված տարեց մտավորականի համար, ով մի հարկի տակ հավաքված խենթերի, հետսամիտների մեջ նույնիսկ հարմար զրուցակից ունենալուց է զրկված£ Եվ ծայր է առնում Ոստանիկի ու Կարինեի զրույցը, շուտով հագենում անցնող կյանքի մասին խոհերով` հեռանալով բուն կենսական բնութագրական բովանդակությունից, մեջընդմիջվելով նույն հարկի տակ պատսպարված Տաթևիկի ու Շնորհիկի («Մեկը անուշ, մյուսը` կծու հիմարների մեջն է») նյարդայնացնող ներկայությամբ. ամենքն են կարոտ իրենց զբաղեցնող զրուցակցի£ Ամբողջ էջեր լցնող դատողություններից մասնակի կոնկրետանում են միայն Ոստանիկի ու Կարինեի մարդկային նկարագրերը£ Շնորհիկի ու Տաթևիկի անձնական երջանկության ձախողման դրաման այդպես էլ չի հստակվում միօրինակ դատողություններից կցկտուր սպրդող շտրիխներով£ Անարդարացիորեն ծաղրվում, ֆարսի է հանգեցվում այս տարաբախտ կանանց անթաքույց, որոշ առումով բնազդային ձգտումը` չապրված կանացի ուրախությունների սփոփիչ պատրանքը հյուսել Ոստանիկի անձի շուրջ£ Հանդուրժեր Արման Վարդանյանը այդ երևութական մխիթարութ յունը` պիեսը անհամեմատ գրավիչ կդառնար, փոքր¬ինչ կթոթափվեր աստիճանաբար ծայրահեղության հասնող հոռետեսությունից£ Նույնիսկ ամենակարճատև երջանկությունը կարող էր պարգևել այս կանանց մի ամբողջ երջանիկ, սիրաշեն կյանքի հուսադրող պատրանքը£ Վարդանյանը գերադասում է սրել իր դատողությունների ընդհանրացնող ուժը£ Դրանց մի մասը հնչեցնելով մանկուց հիմարի համարում ունեցող Շնորհիկի շուրթերից` մոռանում, որ այդպիսով արժեզրկում է ըստ էության իր սեփական կենսահայեցումների լրջությունը£ Ասենք, Վարդանյանի գլխավոր խոսափող Ոստանիկը նույնպես զերծ չի անառողջ տարօրինակություններից£ Ոչ միայն ծերության բերումով («Դեռ առանձին դուն քու հետ կը խօսի՞ս»,¬ հարցնում է Կարինեն£ «Բնական է, նախկինեն ավելին»…)£ Հասուն տարիքում տարվելով գրականությամբ (առաջին` «Թոխորը» պիեսը գրել է 1977¬ին)` 77-ամյա թատերագիրը փաստորեն տուրք է տվել իրենում կուտակված ասելիքը թղթին հանձնելու պահանջին£ Նրա գործերը, իրականում, երևակայության, մտքի քմահաճ խաղեր են` խարսխված սեփական հարուստ կենսափիլիսոփայության, ինտելեկտի վրա, զուրկ հստակ կերպարայնությունից, հարցադրումներից, կոնֆլիկտից ու հանգուցալուծումից, գործողությունից… Դատողություններ, դատողություններ, դատողություններ… Անկումային գրական գրեթե բոլոր ուղղությունների շաղախով ծեփված խոսքեր£ Իր որդեգրած հավատամքին համահունչ, «Խոսքը ինքնին արդեն ամենեն մեծ շարժումն է»£ …«Հայաստանի տարին Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում «Alfortville» մշակութային սրահում սունդուկյանցիները ներկայացրեցին «Ախացել»-ի («Հավերժի կղզին») իրենց բեմավորումը` նշանավորելով Թատրոնի միջազգային օրը ջերմ ընդունելության արժանացած բարձրարվեստ ներկայացմամբ: Ներկա էր նաև հեղինակը: Ի՞նչ խոհեր արթնացան նրանում սեփական գեղագիտության շուրջ… 2. Մայրամուտի մենախոսություն Պիեսի հորդառատ դատողություններում որսալով անցնող կյանքի ունայնության, խեղված մարդկային ճակատագրերի մասին իր ներքին կուտակումներին հոգեհարազատ աղերսները` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը հուզաթաթավ քնարականությամբ հյուսված տխրաշունչ մի պատում է ներկայացնում «փոքր բեմի» իր իսկ հաստատած ներգործուն գեղագիտությամբ: ՀՀ վաստակավոր նկարիչ Եվգենի Սոֆրոնովի խորհրդանշական ձևավորման իմաստալից մանրամասներում դյուրությամբ կողմնորոշվում ես, երբ թեթևասահ, ասես մանկության խորքերից, հայտնվում են հրեշտակակերպ երկու աղջնակ և մի պատանեկիկ, շուրջպարում կենաց ծառի պատվանդանին և իրենց գույնզգույն գնդակները նետելով հանդիսատեսին հեռանում: Մանրաքայլ, երկու դույլերով արագ-արագ առաջանում է Տաթևիկը (Հասմիկ Ալեքսանյան), գործնական կեցվածքով մի դույլից ջուրը լցնում մյուսի մեջ ու նույն կերպ անհետանում` հարուցելով Սիզիփոսի քարը գլորելու հեռավոր ասոցիացիա: Ապա բեմի սևակամար խորքում լողացող ամպերն իրենով ծածկող կենաց ծառին իր երբևԷ քաղած պտուղն է կարծես վերադարձնում Ոստանիկը (Լորենց Առուշանյան): Խոսուն նախերգանքի տագնապալի լռությունը, որ սրվում է Սուրեն Շահվերդյանի համարժեք երաժշտական ձևավորմամբ (մեղեդային լեյտմոտիվային մեխանիզմները այնուհետև մշտապես խորացնելու են բեմական իրադարձությունների զգայական ընկալումը), անսպասելի խզում է անհեռանկար, սևասքող այս միջավայրը որպես կենսատու արևի առաջին շող ներխուժած Կարինե-Նելլի Խերանյանի խոսքը. «Ներե, ուշացա»... Իր երիտասարդական ավյունով, կենսական բարեգութ էությամբ Խերանյանի հմայիչ հերոսուհին աննկատ մտերմանալու է մարդկային պարզ ուշադրության կարոտ Շնորհիկին ու Տաթևիկին` չհարմարվելով սիրելի հայրացուին շրջապատող հիվանդագին միջավայրի հուսահատեցնող խեղդուկին: Հիմնականում հարազատ մնալով պիեսի հեղինակին` Շահվերդյանը բեմադրական վարպետ հնարամտությամբ այնպես է զարգացնում մանրակրկիտ հղկված հերոսների բեմական հարաբերությունները, որ Վարդանյանի պիեսում առկա կյանքային բովանդակությունը արժանահավատ թատերային կերպավորում է ստանում` կենդանանալով խաղացած կերպարներին հավաստի նկարագրերով օժտող փայլուն դերակատարումներով: Այնքան բնութագրական են ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի` բազում հուսախաբություններից ծայրահեղ հոռետեսության գիրկն ընկած Ոստանիկի (կերտած մտավորականների տիպերը, ըստ իս, նրա հաղթանակն են բեմում, մնայուն ձեռքբերումները` Միշկինը, Գաևը…), անիմաստ ապրած կյանքի մայրամուտին այս Ոստանիկի անկառավարելի պաշտամունքով երանությունից շողշողացող Տաթևիկ-Հասմիկ Ալեքսանյանի. սիրառատ, զորավոր երևակայությամբ ծնված գաղափարների իրագործմամբ մշտազբաղ Կարինե-Նելլի Խերանյանի բեմական դրսևորումները, անկաշկանդ ու անմիջական, որ ակամա նույնացնում ես նրանց մարմնավորած դերերի հետ: Քո շուրջը, ծանոթ-մտերիմներիդ մեջ ասես արդեն հանդիպած լինելով մինչև Մայր թատրոնի բեմում տեսնելդ: Դերամարմնավորման իր բացառիկ հարուստ երանգապնակով առանձնահատուկ աչքի է ընկնում Մայր բեմի Մեծ Տիկնոջ` Վարդուհի Վարդերեսյանի Շնորհիկը: Ուշադրությանդ կենտրոնում հայտնվում սև կամարի խորքից, ասես գողունի, երբեմնի ուսուցչության նշան աշակերտական պայուսակը ձեռքին, խաղացկուն աչքերը հարցական-զարմացական թարթելով. «Այսքան մեզը ո՞ւր կերթա»… Կենսախինդ հեգնանքով դիմում է «սիրասուն» Ոստանիկին ծերանոցային առօրյա հարցով. «Ճնշում չունի՞ս, փորդ չի՞ ցավի, գլուխդ չի՞ ցավի»: Մայրական կաթի հետ իրենում ներծծված արևմտահայերենի յուրահատուկ կոլորիտով, արտաբերած ամեն խոսքին, արտահայտությանը հարափոփոխ ձայներանգով հատուկ նշանակություն տալով: Անզիջում համառությամբ մտերմիկ զրույցի, սիրալիր կարեկցանքի է տրամադրում սոսկ հետաքրքրասիրութ յունից մղված իրեն չմերժող Կարինե-Խերանյանին, մղում անկեղծության: Մանկական անմիջականությամբ է վարակվում Կարինե-Խերանյանի սիրային արկածները քննարկելիս` իր զվարթութ յունը ակամա փոխանցելով նրան: Երիտասարդանալու տենչով բռնված` մի կողմ է դնում ծաղկազարդ գլխարկը, որ որպես խաչելության խորհրդանիշ հետո նվիրելու է Կարինեին: Ոստանիկի օգնությամբ ժապավենով հավաքում է մազերը, սեթևեթում, չնայած ծիծաղելի տեսքին: Հանկարծ պոռթկում է սիրատոչոր երգը` «Ինձ մի սիրեր, ես շատ ու շատ հոգնած եմ…»: Շնորհիկ -Վարդերեսյանի տրամադրությունների կտրուկ բևեռացումները աննախադեպ կենսական աշխուժություն են մտցնում փակ միջավայրում դանդաղող գործողություններին: Հապա Տաթևիկի հոգու հետ չարաճճիորեն խաղալը` «սա պարտեզի տղան սիրածիս կնմանի»… Այս Շնորհիկի հետ իր կիսակենդան թմբիրից սթափվում է Ալեքսանյանի ներամփոփ Տաթևիկը, ծերունական մանկամտությամբ «բաբո-բաբո» խաղում, պարան ցատկում, զրույցի բռնվում` պաշտպանելով արժանապատվությունը... Երբեմնի բարեկիրթ սիրահարի ֆրակազգեստ կերպարանքն է վերստանում Առուշանյանի Ոստանիկը, ասպետաբար ծնկելով իրեն մինչև այդ խորշելի Շնորհիկ-Վարդերեսյանի առջև` ձեռքը համբուրում, պարի հրավիրում, քնքշորեն սև ծածկոցով պարուրում կրած զգեստների ծանրությունը թոթափած տարաբախտ կնոջ մարմինը: Կեցցես, Շահվերդյան, երբեք երիտասարդ չեղած այս թշվառականը պե°տք է որ գոնե մի պահ իրեն կին զգար, մարդ… «Աշխարհը երթալու և գալու դահլիճ մըն է»: Եվ Շնորհիկը, իր կարապի պարն ավարտելով, գլխի ժապավենը թողնում է կենաց ծառի ճյուղին և ընդմիշտ հեռանում: Ներկայացումը, շարունակվելով առավել մռայլ մտքերով հագեցած Ոստանիկի ու Կարինեի ընդհատված զրույցով, հանգում է կյանքի անցողիկության գաղափարով ներթափանցված հոռետեսության տրամաբանական ավարտին ողբերգական ակորդով: Կրկին հայտնվում են մանկության կամ մահվան աղավնաթև հրեշտակները: Հաջորդը Ոստանիկն է լինելու: Եվ Կարինեն` կենսահաստատ հույսի միակ ջերմացնող շողը մահվան հովտում, փոշի ցանելով աշխարհի վերջը կանխանշող ունայն շրջապատին, պիտի փախչի այս դժոխքից` երազելով ծերանալ, բայց` չոչնչանալ… Դժվար կլինի Կյանքի մայրամուտի սրտաշարժ մենախոսություններից հետո վերագտնել նախկին առույգությունը: