Երևանում էլ կարելի է հանգստանալ


Օգոստոս է. ամռան ամենաթեժ ամիսը, երբ ասֆալտը ուղղակի հալչում է ոտքերիդ տակ: Օգոստոսյան տապից շատերը «փախչում» են Սևան, Հանքավան, Ծաղկաձոր… ով` որտեղ պատահի: Բայց ոչ բոլորին է հասու այդ հաճույքը: Թեկուզ մեկ օրով քաղաքի աղմուկից կտրվելը մեկ անձի համար արժենում է նվազագույնը 5000 դրամ: Եվ եթե դիցուք 4 անձից բաղկացած ընտանիքն իրեն թույլ տա Երևանից դուրս զովություն որոնել, ուրեմն ամենահամեստ հաշվարկներով պետք է օրական 20.000 դրամ առանձնացնի` տրանսպորտային ծախսերը չհաշված: Ամիսը 50.000 կամ նույնիսկ 100.000 դրամով սոցիալական կարիքները մի կերպ հոգացողն, ուրեմն, պիտի հրաժարվի ամառային հանգստի մասին երազելուց անգամ: Չէ°, չեղավ, այս ամառ էլ չգնացինք հանգստանալու: Բայց մի հուսահատվեք: Ձեր հանգիստը կարող եք կազմակերպել մայրաքաղաքում, մանավանդ, որ արձակուրդային այս օրերին քաղաքն, ասես, «բեռնաթափվել» է: Ճիշտ է, դրան փոխարինելու են եկել շինարարական աշխատանքների աղմուկն ու փոշին, բայց դրանից էլ կարելի է ձերբազատվել: Փակե°ք ձեր տան բոլոր պատուհաններն ու մուգ գույնի վարագույրներ կախեք, որպեսզի արևի ճառագայթները ներս չթափանցեն: Հնարավորության դեպքում, բոլոր սենյակներում օդափոխիչներ միացրեք, դռները լայն բացեք ու… կզգաք ձեզ` ինչպես Հանքավանում: Հաճախակի սառը ցնցուղ ընդունեք. դա և° առողջարար է, և° ամռան տապը մեղմացնելու լավագույն միջոցներից մեկը: Աշխատե°ք որքան հնարավոր է քիչ դուրս գալ ցերեկային ժամերին: Եթե դա անհնար է ձեզ համար, ապա գլխարկ և արևապաշտպան ակնոց կրե°ք, որպեսզի արևի ուղիղ ճառագայթները չընկնեն ձեզ վրա: Հարևանների ու բակի երեխաների հետ Վարդավառ կազմակերպեք: Համոզված եմ, ամառվա այս տապին քչերը կհրաժարվեն սառը լոգանքից: Կարող եք նաև ընկերներով յուրահատուկ պիկնիկ կազմակերպել քաղաքի այգիներից մեկում ու պատկերացնել ձեզ, օրինակ` Ծաղկաձորում: Միայն թե չմոռանաք ձեր աղբը հետո հավաքել: Մի խորհուրդ ևս. թեթև նայեք ամեն ինչին և չեք էլ նկատի, թե ինչպես օգոստոսյան տապին փոխարինելու կգա զովաշունչ ու մրգաշատ սեպտեմբերը:

Շուշան ՇԱՏԻԿՅԱՆ