Շրջանառվող երաժշտասիրություն


Երաժշտական դպրոցներն արդեն քանի տարի է` տուրուտապի մեջ են` աշակերտ չկա, դիմո°ղ չկա: Իսկ դրա վերջը կրթական հաստատության փակվելն է, գիտենք: Մի պահ մտաբերենք հին ու բարի ժամանակները. երաժշտական դպրոցում երեխա տեղավորելու համար հարկավոր էր զանգ ընկերոջը. այսինքն ծանոթ ու բարեկամ պիտի խառնվեին: Այսօր երաժշտության դասատուները աշակերտ են փնտրում-երազում: Ի՞նչ պատահեց հայ հանրության երաժշտասիրությանը, ինչո՞ւ այն մարեց: Մարելը չմարեց: Պարզապես հայ հասարակությունը հիվանդացավ աստղային հիվանդությամբ: Երաժշտությամբ զբաղվել ասելով մենք հասկանում ենք երգելը` անպայման և ամեն գնով աստղ դառնալու խելահեղ ձգտումով: Ինչո՞ւ: Մոդայիկ է, հրապուրիչ է, թերևս: Թող որ երգը երաժշտաարվեստի մյուս ճյուղերի մեջ թագուհի լինի, բայց ի՞նչ է, մյուս ճյուղերն ասպարեզ չպիտի՞ ունենան: Հարցի պատասխանը թողնելով ոլորտի պատասխանատուներին` անդրադառնանք նրան, որ քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունը երաժշտական դպրոցներն ակտիվացնելու, հասարակության երաժշտասիրությունը թարմացնելու փորձեր է անում: Երաժշտական դպրոցների միջև մրցույթ է անցկացվել` որոշելու թե ո՞րն է լավագույնը և ինչո՞վ է այն լավը: Վարչության պետ Կամո Մովսիսյանը նշում է, թե կազմակերպված միջոցառումներից հետո այս դպրոցներ դիմողների թիվն ավելացել է: Մշակույթի ոլորտում առաջացած մի բաց էլ ազգային նվագարանների նկատմամբ օրավուր նվազող հետաքրքրության պակասն է: Քաղաքապետարանի մշակույթի վարչությունը նախատեսել է իրենց ենթակայության երաժշտական դպրոցներում ազգային նվագարանների մրցույթ անցկացնել: Իսկ 2008 թվականի բյուջեն հատուկ միջոցներ է նախատեսում ազգային նվագարանների ուսուցմանը զարկ տալու նպատակով: Մնում է զարմանալ, թե ինչու մեզ համար ընդունելի չէ զարգացման բնականոն ընթացքը: Սպասում ենք` խնդիրը մի լավ բարակի, եղածն էլ չորանա-ցամաքի ու հետո իրար խառնվենք, թե էսպես ու էսպես` կորցնում ենք, կորցրել ենք: Ու սկսում ենք ժամանակին արշիններով ու մղոններով անցած ճանապարհը նորից ոտ-ոտ անցնել: Այս դեպքում միակ մխիթարությունը մնում է «Վնասի կեսից հետ կանգնելն էլ խեր է» ժողովրդական ասացվածքը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ