ԱԶԳԱՆՈՒՆԸ` ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ


Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գրիգոր ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ սակավախոս է, ինքնամփոփ, ջանքեր են պետք նրան զրույցի տրամադրելու համար: Միևնույն ժամանակ զարմացնում է հրամանատարի անկեղծությունն ու իրերն իրենց անուններով կոչելու պատրաստակամությունը: Փոխգնդապետը զուսպ ու չափավոր է իր բնութագրումներում, ժլատ է ժպտալիս: Նա իրատես ու հավասարակշիռ մարդու տպավորություն է թողնում: - Ձեր փաստաթղթերից տեղեկացա, որ ծնվել եք Պրիմորսկի մարզի Նախոդկա քաղաքում, մինչդեռ հայտնի է, որ Խաչատուրովները Վրաստանից են: - Այո, ապուպապերս Վրաստանից են, Թեթրիծղալո քաղաքից: Պատահականություն է, որ ես ծնվել եմ Նախոդկայում, նույն հաջողությամբ ծննդավայրս կարող էր մեկ ուրիշ քաղաք լինել, որովհետև մեր ընտանիքը հաճախ էր փոխում բնակատեղին, նայած թե հերթական հրամանը որտեղ էր ծառայության ուղարկում հորս: Նման ապրելակերպը սովորական էր խորհրդային բանակի ցանկացած զինվորականի համար: Ես տասնամյա կրթության ընթացքում ինը դպրոց եմ փոխել: Պատահել է` ապրել ենք առանց տարրական հարմարությունների, բարաքներում, պատահել է` ավագ եղբայրս ամեն օր 5 կմ ճանապարհ է կտրել ոտքով` դպրոց հասնելու համար: Հայրենիքից հեռու, առանց հայկական միջավայրի ու շփումների ցանկացած մարդ կարող է հետզհետե կտրվել իր ակունքներից, հեռանալ ազգային նկարագրից, ավանդական կերպարից ու տուրք տալ իր միջավայրում ընդունված բարոյական նորմերին: Հայրս լավ էր գիտակցում այս վտանգը և զավակների դաստիարակության հարցում շատ խիստ էր ու ավանդապահ: Մենք երեք եղբայր ենք, ես միջնեկն եմ, հայրս փոքր-ինչ հանդուրժող էր կրտսերի` Իգորի հանդեպ, որովհետև նա բավականին ուշ է ծնվել մեզնից և որոշակի արտոնություններ է ունեցել, իսկ ինձ ու Դենիսին հայրս դաստիարակում էր այնպես, ինչպես ժամանակին Գրիգորի պապս է դաստիարակել իրեն: - Ձեր հայրը Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովն է: Ինչպիսի՞ն է նա որդու աչքերով: - Հայրս խիստ էր, պահանջկոտ, բծախնդիր և° կնոջ, և° երեխաների հանդեպ: Ոչ մի թերություն չէր հանդուրժում, պատահել է` նույնիսկ ծեծել է մեզ վատ, իր բարոյական սկզբունքներին անհարիր արարք կատարելու համար: Նա մեզ սովորեցնում էր լինել ազնիվ, արդարամիտ, համարձակ, պատվախնդիր: Հաճախ էր կրկնում` մի մոռացիր, որ դու Խաչատուրով ես: Սեփական ազգանունը դարձրել էր բարոյականության, առաքինության խորհրդանիշ: Խաչատուրով ազգանունը մեզ պարտավորեցնում էր լինել ամենաառաջավորը, ամենալավը: Մայրս էլ պակաս պատվախնդիր չէր, նա նույնպես խստաբարո էր, անզիջում: Ազգությամբ հույն էր, սակայն մեր ընտանիքում բոլորիցս լավ նա էր հայերեն խոսում: Մայրս էությամբ հայացած էր, ու մեր մեջ ազգային ինքնագիտակցություն արթնացրել է հենց մայրս: Նա Վրաստանում, հայկական թաղամասում էր մեծացել, ու ամեն ինչ անում էր, որ իր զավակները կապված մնան հայկական ակունքին ու սիրեն իրենց պապերի հողը: Մորս ամենամեծ արժանիքն այն էր, որ նա շատ ճիշտ փոխհարաբերություններ էր կառուցում ընտանիքում: Երբ հայրս պատժում էր մեզ, մայրս երբեք չէր միջամտում: Ու մեր հորը Աստված էր դարձրել մեզ համար: Եթե խոսում եմ մանկությանս մասին, ապա անպայման պիտի հիշեմ նաև պապիս, որի անունն եմ կրում: Նա հանգիստ, բարի, պատվարժան մարդ էր, ու Թեթրիծղալո քաղաքում պապիս կողքին անցկացրած օրերը իմ կյանքի ամենահրաշալի պահերն են: - Յուրի Խաչատուրովի երեք տղաները բնավորությամբ նմա՞ն են միմյանց: Ձեզնից ո՞վ է ավելի շատ նման գեներալին: - Բոլորս էլ և նման ենք, և տարբեր: Մեծ եղբայրս` Դենիսը, միշտ լավ է սովորել: Ե°վ դպրոցը, և° բարձրագույն կրթօջախները ավարտել է գերազանցությամբ: Նա խաղաղասեր, օրինակելի, կազմակերպված տղա էր, սիրում էր կարդալ, հետաքրքրվում էր ամեն ինչով, բազմակողմանի զարգացած էր: Ես կարդալ չեմ սիրել, դպրոց չեմ սիրել: Իհարկե, հայրիկի ահից դասերս սովորում էի, բայց երբեք չեմ փայլել առաջադիմությամբ: Տարօրինակ է` բայց չունենալով բարձր գնահատականներ, ես ուսուցիչների և աշակերտների ընտրությամբ դառնում էի կոմերիտական կազմակերպիչ: Ես միշտ էլ շատ ընկերներ եմ ունեցել: Մինչև հիմա կապ եմ պահպանում իմ ինը տարբեր դպրոցների համադասարանցիների հետ: Իգորը ավելի շատ Գրիգորի պապիս է նման` խաղաղ է, բարի, հավասարակշիռ, մենք երեք եղբայրներով շատ կապված ենք, նույնիսկ ուզում ենք երեքիս համար մի առանձնատուն կառուցել, որ միասին բնակվենք որպես մի մեծ ընտանիք: - Դուք Թեթրիծղալոյում չե՞ք ապրել: - Հայրս Աֆղանական պատերազմի մասնակից է: Երբ նա մեկնեց Աֆղանստան, մենք տեղափոխվեցինք Թեթրիծղալո: Ես երկու տարի սովորել եմ այն դպրոցում, որտեղ նաև հայրս էր սովորել: Ուսուցիչներից ոմանք նաև հորս էին դաս տվել: Ինձ համար երանելի ժամանակահատված էր: Միայն հինգեր էի ստանում, այսինքն` ոչ թե ստանում էի, այլ նշանակում էին հորս պատվին: Ընդհանրապես, նախնիների ծննդավայրում ապրելը մի ուրիշ խորհուրդ ունի. քեզ ավելի ուժեղ, հպարտ ու հաստատ ես զգում: Դժվարանում եմ բացատրել, դա նույնն է, ինչ սեփական տանը ունեցած խաղաղության ու հարմարավետության յուրօրինակ զգացողությունը: Ուրիշի տանը որքան էլ գեղեցիկ լինի, սեփական տանը քեզ ավելի լավ ես զգում: - Ասում եք` երանելի ժամանակներ էին… Իսկ չէիք վախենո՞ւմ, որ Ձեր հայրը կարող էր զոհվել Աֆղանստանում: - Հորս հետ կապված միակ զգացողությունը հպարտությունն էր: Ու մեկ էլ կարոտը: Երբեք մտքովս չի անցել, որ հայրս կարող է զոհվել: Ինչո՞ւ… չգիտեմ: Երևի մայրս ջանացել էր, որ մեզ հեռու պահի այդ մտքից: Մենք հետո իմացանք, որ հայրս վիրավորվել է: Քանիցս հորս զոհվելու լուրը հասել էր մորս: Նույնիսկ մի անգամ մայրս գնացել էր Մոսկվա, որ զոհված ամուսնու մարմինը տուն բերի: Բայց մենք այդ մասին չէինք իմացել: Հորս ու մորս կապվածությունը առանձին զրույցի նյութ է: Պատերազմի ժամանակ հայրս գրեթե ամեն օր նամակ է գրել մորս: - Իսկ երեխաների՞ն… - Ոչ, միայն մորս: Երբ հայրս վերադարձավ Աֆղանստանից, թվում էր, թե պատերազմ տեսնելով` պիտի ավելի խիստ ու կոպիտ դառնա, սակայն, ընդհակառակը, միանգամից փոխվեց` դարձավ զիջող, հանդուրժող, ներող: 1992-ին մենք եկանք Հայաստան: Անկեղծ ասած, սկզբում ինձ այնքան էլ լավ չէի զգում հայրենիքում, քանի որ ընկերներ չունեի, շրջապատ չկար (ինչը ինձ համար շատ կարևոր է), հայերեն լավ չէի խոսում, բայց երբ ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ (բուհն այն ժամանակ կոչվում էր բազմաբնույթ հրամայական բարձրագույն ուսումնարան), ամեն ինչ հետզհետե փոխվեց. նոր ընկերներ, նոր շրջապատ, կյանքը հունի մեջ ընկավ: - Ի՞նչ տվեց Ձեզ բուհը ռազմական գիտելիքներից բացի: - Իսկ ուրիշ ի՞նչ պիտի տար: - Ասենք` ընդհանուր զարգացածություն, բարոյահոգեբանական դաստիարակություն… - Դուք մոռանում եք ժամանակաշրջանը: Ես ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտներից եմ, բանակը համապատասխան մասնագետներով համալրելու խնդիրը հրատապ էր, ու ողջ ուժերը նպատակաուղղվել էին այդ խնդրի լուծմանը: Ռազմական ինստիտուտը բարոյահոգեբանական առումով կյանքի դպրոց դարձավ, քանի որ անհրաժեշտ էր ինքնահաստատվել զինվորական կոլեկտիվում, ճիշտ փոխհարաբերություններ կառուցել: - Դուք երկար տարիներ ապրել եք զինվորական միջավայրում, հատկապես ի՞նչը Ձեզ հրապուրեց, որ վճռեցիք զինվորական դառնալ: - Զինվորական միջավայր ասվածը բնավ էլ չէր բնորոշվում ընդհանուր չափանիշներով, արժեքներով ու բարոյականությամբ: Ես դեմ եմ մտացածին ու կեղծ կատեգորիաներին, որոնցից մեկն էլ «ընդհանրական նկարագիրն է»: Չկա ընդհանրական նկարագիր: Նույնիսկ նույն ընտանիքում մեծացած, նույն արյունը ժառանգած ու նույն դաստիարակությունը ստացած եղբայրները չունեն ընդհանրական նկարագիր: Յուրաքանչյուրն ուներ ի°ր նկարագիրը: Մեզ շրջապատող զինվորականների մեջ կային և° բազմակողմանի զարգացած, և° սահմանափակ գիտելիքներով սպաներ, և° ազնիվ, և° անարդար, և° կիրթ, և° բռի: Ինչ վերաբերում է զինվորական դառնալու մտադրությանը, երբեք չեմ ցանկացել զինվորական դառնալ: Հետաքրքիր է, որ զինվորականների զավակների մեծ մասը չէր ցանկանում զինվորական դառնալ, սակայն, չգիտես ինչու, վերջում բոլորն էլ բռնեցին հայրերի ճանապարհը: - Դուք ռազմական ինստիտուտն ավարտելուց տարիներ անց ծառայել եք նույն բուհում: Սերունդների տարբերությունը զգացվո՞ւմ էր: - Այո, զգացվում էր: Մենք ավելի հասուն էինք, լրջախոհ, պատասխանատու, ինքնուրույն: Պատահական չէր, որ վերջին կուրսում կուրսանտների մեծ մասն ամուսնացած էր: Երիտասարդ սերունդը ավելի ուշ է հասունանում, վախենում վճռական քայլերից, ուսերին մեծ բեռ վերցնելու պատասխանատվությունից: Ես նույնպես ուսանող ժամանակ եմ ամուսնացել: - Տարիների ընթացքում փոխվե՞լ են Ձեր պատկերացումները կնոջ կատարելատիպի վերաբերյալ: Ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս: - Ընտրություն կատարելիս տղաներից շատերը մեծ տեղ են տալիս արտաքին գեղեցկությանը: Բայց հետագայում այդ հանգամանքը մղվում է հետին պլան: Ինձ դուր են գալիս ինտելեկտուալ կանայք, որոնք կիրթ են, ունեն մեղմ բնավորություն, կարող են լավ երեխաներ դաստիարակել և բարձրացնել հորը երեխաների աչքում: Կա զինվորականի կին հասկացողութ յուն, որը ենթադրում է անսահման նվիրվածություն ամուսնուն ու ընտանիքին: Ամուսնու կենցաղային հոգսերը թեթևացնելու, ամուսնուն թիկունք լինելու պատրաստակամություն: Զինվորա կանի կնոջ կատարելատիպ է իմ մայրը: - «Ավանգարդի» խմբագրակազմի և ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 30-ամյակի կապակցությամբ: Եղեք առողջ, հաջողակ, եռանդուն, և թող իրականանան Ձեր բոլոր երազանքները: Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ Արարատը ջերմանում է ՄԱՐՄԱՐԱ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքական «Սաբահ» օրաթերթը տեղեկացնում է, որ երկրագնդի գլոբալ տաքացումը եւ Թուրքիային սպառնացող երաշտը իրենց ազդեցությունն են ունեցել նաեւ Արարատ լեռան վրա: 5165 մետր բարձրություն ունեցող Արարատի գագաթին, որ տարին 12 ամիս շարունակ ձյունապատ է, այս տարի ձնհալ է սկսվել: Ըստ «Մարմարա» օրաթերթի, Դողուբայազետի գավառապետ Ջեմալեդդին Դեմիրճօղլուն հայտնել է, որ լեռնագնացները ձնհալի երեւույթներ չեն նկատել: Մինչդեռ օդերեւութաբանական կայանից ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ նախորդ տարիների համեմատությամբ, թեեւ փոքր չափով, այնուամենայնիվ ձնհալ արձանագրվել է: Տնաշինական մոլուցքը նրանց էլ է պատել Բուտովո ավանի տեղաբնակները դուրս են գալու իրենց հողի վրա բնակելի շենքերի շինարարության դեմ, իսկ Միտիշչիում հավաքվելու են տուժած բաժնետերերը: Բուտովոյի շուրջ 100 բնակիչներ մտադիր են իրենց դժգոհությունն արտահայտել` ավանի նրանց հողերում բարձրահարկեր կառուցելու և առաջիկայում բոլոր տեղաբնակներին արտաբնակեցնելու ծրագրի դեմ: Բնակիչներն ասում են, որ մինչ օրս իրենց ցույց չի տրվել շինարարության որևէ թույլտվություն: Տեղի նախաձեռնող խմբի անդամները ցանկանում են հանդիպել կառավարության կամ դատախազության ներկայացուցչին: Իսկ Միտիշչիում բողոքի նախնական ակցիան, ուր ելույթ կունենան «Սոցիալական նախաձեռնություն» ընկերակցության տուժած համաներդրողները, կանցկացվի հենց քաղաքի վարչական շենքի մոտ: Հետագայում նրանց կարող է սատարեն շուրջ երկու հարյուր մարդ: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, դրանք տարբեր շինարարական կազմակերպություններից տուժածների միավորման նշաններ են երևում: Ինչ մոծակ է խայթել Ջորջ Բուշին Շնաճանճի (մամուկ) խայթոցից, պարզվում է, Նահանգների նախագահը վիրուսային վարակ է ձեռք բերել, տառապել հարքթային խոռոչի բորբոքումով և գլխապտույտով, բայց դա չի ազդել աշխատանքի վրա: Բուշի առողջական վիճակի մասին Սպիտակ տան` վերջերս հրապարակած բուժհաշվետվությունից պարզվում է, որ անցյալ տարի ԱՄՆ նախագահը շնաճանճի խայթոցից վարակվել է Լայմա կոչվող ախտով: Այդ հիվանդության ախտանիշներն են ցանը, բարձր ջերմությունը, մկանային և գլխի ցավերը: Անուշադրության մատնելու դեպքում այն կարող է հանգեցնել ուղեղապարկի խորացված բորբոքման (մենինգիտ), հոդաբորբի (արտրիտ), դեմքի մկանային կաթվածի և հիշողության կորստի: Բարեբախտաբար, բժիշկները շուտ նկատել են հիվանդության նախանշանները (կարմիր ցան` ձախ ծնկի տակ) և կանխել դրա զարգացումը: Եվ բուժումը չի խաթարել երկրի ղեկավարի աշխատանքը. նրա ժամանակավոր տկարության մասին հարկ չի համարվել խոսել: Դրան զուգընթաց, Բուշը նաև այլ հիվանդություններ էլ է հաղթահարել. այդ թվում` հարքթային խոռոչի բորբոքում և ականջաբորբ: Իսկ վերջին շրջանում նրան նաև տանջում են գլխապտույտի նոպաները, որոնք, բուժող բժշկի հավաստմամբ, սկսվել են Գերմանիայում ինչ-որ վիրուսով վարակվելուց հետո: Սա դեռ բոլորը չէ. ընդամենն անցյալ ամսին` հուլիսին, նրան վիրահատել են` հաստաղիից հեռացնելով մի քանի նորագոյացություններ, որոնք բարորակ են եղել: Այսուհանդերձ` - Բժիշկները հաստատել են, որ նախագահի վիճակն, իր տարիքի մարդու համար (61 տարեկան) հիանալի է: Դա կհաստատեն հեծանիվ քշելիս նրան բոլոր տեսնողները,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Թոնի Սնոուն: Ի դեպ, Բուշն անցյալ տարի 2 կիլոգրամ «քաշ է գցել» և շաբաթը մի քանի անգամ մարզվում է: Ըստ The New York Times Թալանի համար Լիմուզին էր վարձել Նույնիսկ կողոպուտի համար նախընտրելի է շքեղությունը 22-ամյա Իվոննա Մորիսին ամերիկյան դատարանը դատապարտել է 3 տարվա ազատազրկման խոշորագույն բանկերից մեկի մասնաճյուղը կողոպտելու փորձի համար: Փախուստի համար նա ընտրել է… մի շքեղ Լիմուզին: Համաձայն դատախազական մեղադրանքի` Մորիսն այդ Լիմուզինը պատվիրած է եղել հեռախոսով, ասելով, թե դա պատվիրում է օդանավակայան մեկնելու համար: Սակայն ճանապարհին որոշել է փոխել երթուղին` վարորդին ասելով, որ ուշացել է ինքնաթիռից և հիմա անհետաձգելի գործ ունի բանկում: Բանկի մոտ դուրս գալով մեքենայից` մուտքի պատուհանից բանկի գանձապահին է հանձնել կլոր մի գումարի պահանջագիր: Ի դեպ, գրության մեջ նաև նշված է եղել, որ բանկում մի քանի ռումբ է տեղադրված: Իհարկե, ոչ մի ռումբ էլ այնտեղ չի եղել, որովհետև գանձապահն անմիջապես միացրել է տագնապի ազդանշանը, իսկ աղջիկը նետվել է Լիմուզինն ու փախել: Ֆլորիդայի նահանգում նա կալանվել է 3 տարի մեկ ամիս պատժաչափով: «ձայն մը հնչեց» Մարզերի բնակիչները հաճախ և ընդ որում` միանգամայն տեղին ու իրավացի դժգոհում են` «ձեզ համար ինչ կա (երևանցիներիս են ասում), ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, դրսի կազմակերպությունները Երևանում են հիմնվում ու գործում, մե՞զ ինչ: Մենք էստեղ ո՞նց ենք ապրում, ո՞նց ենք գլուխներս պահում, ո՞վ է տեղյակ և ո՞վ է տերը…»: Երկիրն ընդհանրապես հիմնախնդիրների պակաս չունի, մարզերը` է°լ ավելի և շա°տ ավելի: Ցանկացած խնդիր մարզերում առավել քան սրված է. զբաղվածությունից սկսած մինչև բուժօգնություն և այլ սպասարկումներ: Վստահ կարելի է սրված խնդիրների շարքին դասել նաև բնակֆոնդի պահպանումը: Պետության հարստությունը համարվող բնակֆոնդը վաղուց արդեն պետականապատկան չէ: Պետությունն այլևս չունի այն պահպանելու գործառույթ, սեփականատերն էլ` միջոց ու ինքնասպասարկման կուլտուրա: Ու ճշտված հարաբերությունների և գործող ու չգործող կարգի արանքում բնակֆոնդը շարունակում է քայքայվել: Մարզը մարզային իշխանությունների կառավարման տիրույթներում է, ու տեղական կառավարման մարմիններն են պարտավոր և պատասխանատու` լուծելու տեղական խնդիրները: Պետությունը, հարկավ, նկատի առնելով հիմնախնդիրների առատությունը և դրանց համեմատ մարզային կառավարման մարմիններին հատկացվող դոտացիոն միջոցների սղությունը` որոշել է ֆինանսապես աջակցել մարզերին` լուծելու առաջնահերթ լուծման կարոտ որոշ հիմնախնդիրներ: Դեռևս երկու ամիս առաջ վարչապետը ցուցել էր մարզպետներին` իրավիճակի ուսումնասիրությամբ առանձնացնել ամենաարդիական խնդիրները և ներկայացնել կառավարություն: Օրեր առաջ կառավարությունը քննության առավ մարզերից ստացված առաջարկութ յունները և ըստ այդմ 9,3 մլրդ դրամ տրամադրելու որոշում կայացրեց: Ու թեև սույն նախաձեռնություն-գործընթացը մոնիտորինգի նպատակ բնավ չէր պարունակում, այնուհանդերձ, ստացված առաջարկներն ու տվյալները կարող են լինել մարզերում տիրող իրավիճակի յուրատեսակ ցուցիչ. մասնավորապես առ այն, թե հատկապես որ մարզերն են աչքի ընկնում խնդիրների առատությամբ: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը, ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանի, սոցիալապես ավելի փխրուն են: Իսկ մենք կարծում էինք, որ ավելի ճիշտ` տրամաբանությունը հուշում էր, որ առավել խոցելի պիտի ներկայանան երկրի հիմնականում սահմանամերձ տարածքները: Եվ միայն ուրախանալ կարելի է, որ գոնե սահմանամերձ մյուս մարզերը խնդրառատների շարքում չեն: Իսկ խնդիրները բոլոր մարզերում հար և նման են. անսարք տանիքներ, անբարեկարգ ճանապարհներ, քայքայված ջրագծեր, անխնամ դպրոցներ, գազիֆիկացում: Իսկ որ պետությունը (իմա` կառավարությունը) որոշել է միջամտել մարզային իշխանությունների այս գործառույթին` իր վրա վերցնելով մարզերում ամենաարդիական և առաջնահերթ հիմնախնդիրների լուծումը և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը, կարող է վկայել մարզերում կյանքի որակը բարձրացնելու, կուտակված հոգսերի նկատմամբ ուշադրությունն ավելացնելու մասին: Ու եթե նման «միջատմությունը» շարունակական լինի, եթե ամեն անգամ գտնվի ուշադրություն դրսևորելու մի ձև, ու կառավարությունից «ձայն մը հնչի», մարզերից հնչող դժգոհությունները կնվազեն: Կնվազի այն ընկճվածությունը և մինչև իսկ վիրավորանքը պետությունից` առ այն, որ մարզերն անտեսված են, մարզի բնակիչը` մոռացված: Իմացիր` ինչ ես ուտում Տարվա ամեն սեզոն իր առանձնահատկությունն ունի: Ո՞րն է ամռան առանձնահատկությունը: Դուք կասեք` թռիչք անելու հակված ջերմաստիճանը, օգոստոսյան հեղձուկը կամ այս ամենից գլուխն ազատելու որոնումները: Մենք ասում ենք` սննդային շուկայի ամառային ռիսկերը: Իսկ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն էլ հորդորում է ականջին օղ անել. բարձր ջերմաստիճանային պայմաններում անգամ անվտանգ և բարձրորակ սնունդը դառնում է վտանգավոր: ՍԻՊ-ի վկայակոչած ԱՀՀ տվյալները զգաստացնող-տպավորիչ են. աշխարհում տարեկան 1,5 մլրդ կյանք են խլում սննդային թունավորումները: 3 մլրդ երեխայի համար դրանք ողբերգական ավարտ են ունենում: ՍԻՊ նախագահ Աբգար Եղոյանը հիշեցնում է, որ պակաս չեն և պակաս կարևոր չեն նաև ոչ խոշոր սննդային թունավորումները, որոնց մասին մեզանում ընդունված չէ խոսել: Իսկ որ դրանք հիմնականում չարտոնված-չստուգված, կասկածելի ծագման ու պիտանելիության մթերքի օգտագործման հետևանք կարող են լինել, կասկածից հեռու է: Կասկածների տեղ բոլորովին չեն թողնում ՍԻՊ-ի ուսումնասիրություններն ու դիտարկումները, որոնք իր հերթին դիտարկել կարող է յուրաքանչյուրը: Դրանք ցույց են տալիս, որ Երևանում փողոցային առևտրի ծավալները չեն նվազել: Եվ սա այն բանից հետո, երբ քաղաքային իշխանությունները մի կողմից, սանիտարահիգիենիկ համաճարակային կառույցները մյուս կողմից, համապատասխան գերատեսչություններն ու հասարակական կազմակերպութ յունները բոլոր կողմերից օրենք են ընդունում, կարգ են սահմանում, հսկողություն ու վերահսկողություն են իրականացնում: Այսքանից հետո պաշտոնական ստուգումների արդյունքները պարզապես փշաքաղեցնում են. ստուգված 500 կետերից խախտումներ չեն հայտնաբերվել միայն 6-ում: Նշանակում է` մեր ընդունած սննդի ապահովությունը եղած-չեղած մի տասը տոկոս է: Քանի՞ անգամ քաղաքապետարանն ազդարարեց փափուկ պաղպաղակի` շարժական սարքերով վաճառքն արգելելու մասին: Եվ ինչքան շատ ազդարարեց, ֆրեզներն այնքան շատացան: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է, որ դրանք շարունակում են իրենց տեղերում կանգուն մնալ, հը՞: Սպառողների իրավունքների պաշտպանները նաև ձմերուկից ու սեխից թունավորվելուց են մեզ զգուշացնում: Դեռ անցած տարի քաղաքապետարանի մի պաշտոնյա հանդիսավո¯ր, ծանրումե¯ծ հավաստիացրեց, թե էս է-էս է` ձմերուկը գետնից վեր կբարձրանա ու «կբազմի» հատուկ տակդիրների վրա` ծածկերի տակ: Որ բարձրանա` լա՞վ է: …Էլի մնացին գետնին փռած` այրվող ասֆալտից ու այրող արևից թունավորման իրական վտանգի մեջ: Էլի… էլի… Որոշ սննդային ապրանքատեսակներ էլի չեն մակնշվում, որոշները էլի վաճառվում են առանց պատշաճ հսկողության: Իսկ մենք չենք ուզում էլի թունավորվել: Եվ մեր սննդի և դրանից կախված մեր առողջության անվտանգությունը մեծ չափով մեզնից է կախված, մեր գիտակցությունից: ՍԻՊ-ը օգնում է մեզ ունենալ այդ գիտակցությունը, և այն ամրապնդել սննդի անվտանգության վերաբերյալ իր հրատարակած բուկլետներն ուսումնասիրելով: ՍԻՊ-ը նաև մշակել է վտանգավոր նյութերի օգտագործման և ոչնչացման կարգը, որի կիրարկմամբ ապահովվում է հայաստանյան շուկայից վտանգավոր սննդամթերքի դուրսբերումը: Շուկան փաստորեն վնասազերծվում է: Վաճառողի խղճի փոխարեն դաշտում գործելու է օրենքը, որը պարտադրում է վտանգավոր սննդամթերքի ոչնչացումն իրականացնել ապրանքը տնօրինողի ֆինանսական միջոցների հաշվին: Դե ինչ, այս և այլ կարգերի հաստատումով պետությունը փորձում է ապահովել սպառողների իրավունքների պաշտպանությունը: Մեզ` սպառողներիս, մնում է կրթվել ու իրազեկվել և զգոն լինել` գիտակցելով, որ մեջտեղում առողջության խնդիր կա: Առո°ղջ լինենք: