ԲԱՔՈՒՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ


Պաշտոնական Բաքուն չի հրաժարվում Հայաստանի հետ գերիների փոխանակումից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, ներկա պահին հայկական կողմում են գտնվում 2 ադրբեջանցի գերիներ` զինծառայող եւ քաղաքացիական անձ: Արազ Ազիմովը հայտարարել է, թե փոխանակումը գերիների վերադարձման նորմալ միջոց է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, ԼՂՀ Պաշտպանության բանակի նորակոչիկ 23-ամյա զինվոր Համբարձում Մնացականի Ասատուրյանը, զորամասն ինքնակամ լքելով, անհայտ պայմաններում հատել է Ղարաբաղի պետական սահմանը և ապաստան գտել ադրբեջանցիների մոտ… Ուշադրություն դարձնենք` 23-ամյա նորակոչիկ. թերևս արդեն հավելել պետք չէ, որ նա խուսափել է զինվորական պարտադիր ծառայությունից, ու այլևս կասկած չի հարուցում զորամասի հրամանատարության այն բնութագիրը, որ դժվար դաստիարակվող այս զինվորը ծառայությունից խուսափելու հակումներ է դրսևորել: Ավելին, ինքնախեղման փորձի համար նրա դեմ գործ է հարուցված զինդատախազության կողմից: Ի՞նչ խոսքերով հիշես կամ ի՞նչ որակումներ գտնես այսպիսի մեկի համար, ով սեփական պարտքը չկատարելու համար թշնամու մոտ է պատսպարվում: Ախր, զինծառայության ընթացքում Համբարձում կոչեցյալի և մյուսների թիվ 1 պարտականությունը հենց այդ հակառակորդից մեր երկիրը պաշտպանելն է: Նրան «որպես դժվար դաստիարակվող զինվոր» բնութագրող հրամանատարները երևի չեն էլ մտածել, որ նրա նմանների համար հայրենիքին դավաճանելը մեկ բաժակ ջուր խմելուց էլ հեշտ է: Մինչդեռ ադրբեջանական մամուլն արդեն իսկ աղմկում է, որ` հավանաբար շուտով կհրապարակվի «հայտարարությունն այն մասին, որ նա հոգեկան հիվանդ է»: Ադրբեջանցիք, հավանաբար, արդեն հասցրել են դրա համար նախադրյալներ ստեղծել ու այդ պատճառով էլ վստահորեն ադրբեջանահաճ հարցադրումներ մոգոնում: ՊՆ մամլո ծառայության պետ, գնդապետ Էլդար Սաֆարովը, օրինակ, վայնասուն է բարձրացրել, թե Համբարձում Ասատուրյանը, չկարողանալով հանդուրժել Հայաստանի բանակում առկա մի շարք հիմնախնդիրները, տեղափոխվել է Ադրբեջան: Պարզվում է` դավաճան այս դասալիքի ծնողները նույնպես կապեր ունեն Ադրբեջանի ծառայությունների հետ, և նրանց բարբաջանքով էլ Սաֆարովը ծղրտում է. - Որոշ տեղեկությունների (՞-խմբ.) համաձայն, տեղական իշխանությունները գերու հարազատներին տարել են ոստիկանություն և սկսել են սպառնալ: Նրանցից համառորեն պահանջել են, որպեսզի միջնորդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Համբարձում Ասատուրյանին հաղորդեն` անհրաժեշտության դեպքում լռել հայկական բանակում առկա թերությունների մասին: Ա°յ քեզ հանճարեղ անմտություն, մնում է հավատանք, որ միջազգային կառույցով էլ կարելի է հանցագործին (այն էլ` հոգեգար) «քսիֆ» ուղարկել: Իհարկե, ադրբեջանական կողմն այս վայնասունը բարձրացնում է մեկ նպատակով` իբր թե փաստելու, որ` - Հայաստանում զորակոչված զինվորը ի՞նչ գործ ունի Ղարաբաղում: Իսկ այս ֆոնի վրա, բնականաբար, փորձ է արվում անվանարկել տարածաշրջանում ամենահզորը ճանաչված Հայոց բանակը: Ադրբեջանի պաշտպանության պատասխանատուները իբր թե տարբեր աղբյուրներից ճշտել են, որ վերջին շրջանում մեր բանակում հաճախակի են դարձել զորամասն ինքնակամ լքելու «փաստերը», զինվորների հետ վարվեցողության կանոնների խախտումները և այլն: Այսպիսի աղմկարարության ջրաղացին ջուր լցնողները, դժբախտաբար, դարձյալ մեր հայրենակիցներն են, և կոնկրետ այս առիթը պետք է մտահոգի ոչ միայն և ոչ այնքան պաշտպանական մեր կառույցի ղեկավարներին, որքան հասարակությանը, նրա յուրաքանչյուր անդամին:

Հովիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ ,Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ