Վերջնական հստակեցումները` աշնանը


Խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելուց հետո ընդդիմադիր շատ ուժերի ներկայացուցիչներ մերթ ընդ մերթ ասուլիսներում են փորձում ներկայացնել իրենց վերաբերմունքը և նախապատրաստությունը Նախագահի ընտրություններին: «Ազգային միաբանությունը» լռում է. թերևս` նաև այն պատճառով, որ տիրապետում է` ինչպես ժամանակին արտահայտվելու, այնպես էլ ժամանակին լռելու մարտավարությանը: Նախորդ գումարման ԱԺ-ի ԱՄ խմբակցության անդամ, 3 գումարումների ԱԺ պատգամավոր Գագիկ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ վստահեցնում է, որ լռության պատճառն ամենևին վիրավորվածությունը չէ: - Ժողովրդից նեղանալու իրավունք չունենք: Սակայն մեզ համար էլի մեկ անգամ հստակ դարձավ մեր օրերի համար բնորոշ այն հոգեբանությունը, որ տեսնելով ու համոզվելով ժողովրդի շահերին միտված մեր կուսակցության անաչառ պայքարը և անգամ ոգևորվելով դրանով, ընտրողը, կրիտիկական պահին, այնուամենայնիվ, գերադասում է ոչ թե գաղափարը, այլ այդրոպեա կան շահը: ԱՄ-ն քաղաքական այն ուժն է, որի խոսքին և ընդհանրացումներին ժողովուրդը սպասում է, ուստի նրան հետաքրքրում է նաև Նախագահի ընտրություններին կուսակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքը: - «Ազգային միաբանություն» իր խոսքը կասի սեպտեմբերին` թե ինչ ուղղությամբ պետք է գնա և, անհրաժեշտության դեպքում` ում հետ: Համոզված եմ, այդ ընտրությունը կլինի ամենաճիշտը` անկախ նրանից` դիմությա՞ն, թե՞ ընդդիմության հետ կծրագրենք մեր հետագա քայլերը: Պարզապես` նախ պետք է համոզվենք, որ մեր նոր դաշնակիցը կարող, ունակ ուժ է Նախագահի թեկնածուի համար և կարող է երկիրը լավ ղեկավարել, համախմբել ժողովրդին ու բոլոր առողջ ուժերին, այլ ոչ թե դիմության և ընդդիմության արհեստական ճակատներ ստեղծել: Եվ եթե միասնական թեկնածու, ապա հենց նման որակներով օժտված անհատին էլ մենք կսատարենք: Իսկ արդյո՞ք ԱՄ-ն պատրաստվում է ներկայանալ դաշինքով: Գագիկ Կոստանդյանը տեղեկացնում է, որ դա կուսակցության խորհրդի համագումարի որոշելիք խնդիրն է, միաժամանակ վստահեցնում, որ «ամենալավ լուծումը կգտնի ԱՄ-ը»: Վրաստանից ահաբեկչություն է սպասվում Եվ այս անգամ մարդկային զոհեր էլ կլինեն: Որպեսզի Ռուսաստանը վարկաբեկվի իբրև վրաց-օսական հակամարտության կարգավորման մասնակից, Թբիլիսին կարող է լուրջ սադրանք կազմակերպել վրացի ժողովրդի դեմ. սա` չճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության ղեկավար Էդուարդ Կոկոյտոն: Նման պարագայում Հարավային Օսիան կխնդրի ՌԴ ղեկավարությանը` ուժեղացնել խաղաղարարների քանակակազմը վրաց-օսական հակամարտության գոտում` - …որպեսզի հայտնաբերվի, թե ում ինքնաթիռներն են գնդակոծել խաղաղ բնակավայրերը: Այդ ժամանակ վրացական կողմը սադրանքի թեմա չի ունենա,- հայտարարել է Կոկոյտոն: Հիշեցնենք, որ ըստ Վրաստանի` օգոստոսի 6-ին ռուսական տարբերանշաններով երկու ինքնաթիռ ներխուժել են Վրաստանի օդային տարածք և PLC տիպի հրթիռ բաց թողել Գորի քաղաքի շրջակայքում: Սակայն, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունը հերքում է այդ փաստը: - Իբրև փորձված քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք գնահատում ներկա ԱԺ-ն և քաղաքական իրավիճակն ընդհանրապես: - Քաղաքական դաշտ են մտել ավանտյուրիստներ, նախկին ավազակներ, մարդիկ, որոնց մի մասն ունի մութ անցյալ: Այդ մարդկանցով քաղաքական լուրջ դաշտ ստեղծել անկարելի է: Ինչ վերաբերում է պառլամենտին, դեռևս լավ նշաններ չեմ տեսնում: Գուցե հնարավորություն տանք աշխատել. թող գործնականում բացահայտեն իրենց էությունը. դրակա՞ն, թե՞ բացասականը` ժամանակը ցույց կտա: Բայց անձամբ ես դրական տեղաշարժ չեմ տեսնում: Չկա այն ընդդիմությունը, որը կարող է պայքարել, չկա այն ընդդիմությունը, որը կարող էր դեմ կանգնել դիմությանը, ինչպես նախորդ ԱԺ-ում էր: Իսկ հիմա թե ինչ կստացվի, ես մշուշոտ եմ տեսնում: Այսօր մի տեսակ ինքնանպատակ տարփողման թեմա է դարձել ընդդիմության միավորվելու խնդիրը, և արդյո՞ք լուրջ փորձեր արվում են այդ նպատակով: - Ընդդիմության միավորումը անհեթեթություն է: Ինչ է, նշանակում է ընդդիմությունը միավորվի, որ այս իշխանություններից ազատվե՞նք: Դա՞ է նպատակը: Եթե դա է նպատակը, ապա դիմության հետ նույնպես կարելի է միավորվել: Կան այդ ուժերը, և դրանք տեսանելի են, թեկուզ առկա հակասություններով, նրանց հետ էլ կարելի է միավորվել: Ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնց հետ ես ճանապարհ չեմ գնա, որովհետև լինելով օպերատիվ աշխատող և իմանալով նրանց մութ անցյալը, բնականաբար ոչ մի բանական արարած նրանց հետ քայլել իրեն թույլ չի տա: Գագիկ Կոստանդյանը նույնչափ անհույս է համարում գործող իշխանությունների հետ եթե ոչ միավորվելը, ապա որոշակի ծրագրեր առաջադրելն ու իրագործելը: Նրա կարծիքով, դա կախված է իշխանությունների ցանկությունից: Դիմադիր և ընդդիմադիր ուժերի կողմից առաջադրված լավագույն, ժողովրդի համար օգտակար, պետության շահերից բխող ծրագրերի իրագործումն, անշուշտ, պետք է լինի այսօրվա իշխանությունների ցանկությունը: Ժողովրդի և ընդդիմության միջև առկա անջրպետի գլխավոր և միակ պատճառը կուսակցությունների գաղափարախոսության և կատարած քայլերի անհամապատասխանությունն է, որն էլ ժողովրդի մոտ առաջացրեց խորը հիասթափություն: Եվ զարմանալի չէ, որ նախկինում ընդդիմության կոչին արձագանքող հարյուր-հազարավոր մարդկանց փոխարեն այսօր հրապարակ են դուրս գալիս միայն մի քանի հարյուրը, այն էլ` գերազանցապես «սպորտային հետաքրքրասիրությունից դրդված»: Ժողովուրդն ինչպե՞ս հավատա բաժանվելով բազմացող և դարձյալ միավորվելու փորձեր կատարող կուսակցություններին, երբ անգամ իրենք միմյանց հետ հաշտ չեն: Չէ՞ որ «միասնական թեկնածուով» հանդես գալու կոչերով այլոց դիմող յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ նկատի ունի սեփական առնվազն մտերիմի թեկնածությանը: Մինչդեռ ժողովրդի հավատը վերականգնելու համար հարկավոր է աշխատել նրա հետ, ինչն էլ առաջարկում է ժողովրդի հոգեբանությանը քաջատեղյակ Գագիկ Կոստանդյանը. - Որպեսզի մարդը կարողանա աշխատել և ապրել, անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, ինչը բացակայում է մեր երկրում: Խոսքս տոնավաճառներում և շուկաներում աշխատող մարդկանց մասին չէ, այլ բժշկի, գիտնականի, ուսուցչի` մտավորականության մասին է, ով յուրաքանչյուր ամսվա վերջում պետք է ստանա իր կարիքները հոգալուն բավարարող գումար: Այսօր եթե չլինեին դրամ-դոլարի տատանումները, ապրանքների գնաճ չէր լինի: Այս ամենին գալիս է լրացնելու նաև հարկային մամլիչը: Իսկ արդյո՞ք կգտնվի այնպիսի մեկը, ում կհաջողվի համախմբել ընդդիմադիր բոլոր ուժերը և նրանց կարողությունները ծառայեցնել մեկ հիմնական նպատակի` պետության զարգացմանն ու ժողովրդի բարօրությանը: Դրա համար նախ անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունը նորից միավորվելու ուժ գտնի, սակայն. - Եթե նկատի ունենանք այն մարդկանց, ովքեր բաժանվել են, ապա նրանք երբեք չեն միանա: Եթե լավը լինեին, եթե կարողանային միմյանց հանդուրժել` չէին բաժանվի: Անձամբ ես և իմ ընկերները չէինք ցանկանա նրանց կողքին լինել: Համախմբման համար անհրաժեշտ է վեր կանգնել թվացյալ գաղափարախոսությունից, չէ՞ որ դեռ առկա է պատերազմի վտանգը, շրջափակումը, ժողովրդի կենսամակարդակի անկումը… Այն ուժերը, ովքեր գործով են ապացուցել իրենց կարողությունները, պետք է միավորվեն. դա է մեր փրկությունը,- ասում է Գագիկ Կոստանդյանը: - Իսկ ինչպե՞ս եք գնահատում իրենց ընդդիմություն հռչակող խորհրդարանական, այսպես ասած, 2+1 ուժերը (1-ը պայմանականորեն ՀՅԴ-ն է, որ վերջնական խոսք չի ասել, բայց չի էլ բացառում իր ընդդիմություն դառնալը` դեռ նախընտրական շրջանից): - Եթե 2+1 ուժերի փոխարեն լիներ 3+2, մեծ հույսեր, թերևս, կարելի էր ունենալ, բայց եղածի հանդեպ թերահավատ եմ: Չե°մ կարծում, թե նոր Ամերիկա են հայտնաբերելու: - Քաղաքական համախմբմանը կամ ծրագրերը իրագործելի, հասանելի դարձնելուն որքանո՞վ է նպաստում մամուլը: - Խոսքս, իհարկե, ոչ բոլորին է վերաբերում, սակայն այսօրվա քաղաքական դաշտը որ ապականված է, դրանում իր ուրույն ներդրումն ունի նաև մամուլը: Յուրաքանչյուր ազնիվ մարդու անգամ պատվերով կարող են այնպես վարկաբեկել, որ անգամ «շունը ձեռքից հաց չի առնի»: - Ի՞նչ է, ստացվում է, որ մամուլը նույնպե՞ս կաշառվող է: - Ինչո՞ւ ոչ, նաև կաշառվող է, և փորձում է պարտադրել սեփական կարծիքը, որն էլ շատ հաճախ ոչ օբյեկտիվ է լինում: