ԿԱ՞Ր ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ... ՉԿԱ° ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ...


Ամառային քաղաքական անդորրը, ինչպես միշտ, հարաբերական է: Կասկածից վեր է, որ ներկայիս սեզոնային խաղաղությանը առաջիկա շաբաթներին ու ամիսներին փոխարինելու է իրադարձություններով հարուստ ներքաղաքական ակտիվությունը: Ակտիվություն, որի գլխավոր դերակատարներն են լինելու խորհրդարանական ընտրություններին արդեն իսկ ներկայացած, ինչու չէ, նաև քարոզչական ողջ ռեսուրսը նոր-նոր օգտագործել պատրաստվող գործիչներն ու քաղաքական ուժերը: Սրանով հանդերձ` արդեն իսկ հետաքրքիր է «ճշտելը», թե ո՞րն է լինելու Նախագահի ընտրությունների գլխավոր քաղաքական ինտրիգը: Հարցադրումը, որքան էլ զարմանալի ու նաև վաղաժամ թվա, պատասխան շատ վաղուց ունի: Ավելին, բովանդակային առումով այն կրկնվում է… Ճիշտ այնպես, ինչպես վերջին բոլոր ընտրություններին: Անգամ հարցադրման պատասխանն է հայտնի. և որքան էլ դրա հայտնիությունը նվազեցնի հետաքրքրությունը սպասվող գործընթացի հանդեպ, այսուհանդերձ, արտառոց ունակություններ պետք չեն` նկատելու, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու: Ասվածի հիմնավորումներն էլ այնքան շատ են, որ պարզապես լրացնում են իրար: Ու այսպես մեկը մյուսին լրացնելով` հիշեցնում են, որ ասենք 2003-ի «խառը» օրերին, երբ ընդդիմությունն իր աստեղային ժամն էր ապրում և պնդում, թե իշխանություն կոչվածն ուղղակիորեն «ընկած է փողոցում», այդպես էլ հնարավոր չդարձավ «վերցնել» այն: Ընդունենք նաև հետևյալ պարզ իրողությունը. նախորդ դեպքում գլխավոր շեշտադրումն ուղղված էր հենց իշխանափոխության հարցի շուտափույթ լուծմանը: Ներկայումս թիվ 1 խնդիրը ընդամենը միասնական թեկնածու գտնելու շրջանակներում է սահմանափակվում: Հետընթացն ակնհայտորեն կտրուկ է և անվիճելի: Նկատենք նաև, որ այս հարցը, առաջիկա ամիսներին ուղղակիորեն սղոցելով միասնականի փնտրտուքին տրվածների ջղերը, այդպես էլ հանգուցալուծում չի ստանա` շատ ու շատ քաղաքական ուժերի ու գործիչների կանգնեցնելով ակնառու պարտության փաստի առաջ: Իսկ քայքայված շարքերով, այդպես էլ կոնկրետ թեկնածու առաջ չմղելով ու, որ պակաս կարևոր չէ, հիասթափված ընտրազանգվածին անորոշության մեջ թողնելով քվեարկության գնալը, կարիք չկա մանրամասնել, թե ինչպիսի արդյունքների կարող է հանգեցնել: Նույնիսկ կարելի է պնդել, թե նման իրավիճակում ընդհանրապես անիմաստ է ընտրություններին մասնակցելը: Վերջին խորհրդարանական ընտրություններն էլ, որոնք, ըստ շատ ընդդիմադիրների, նախագահականի լակմուսի թուղթը պետք է դառնային, նույնպես լավատեսության որևէ հույս չեն թողնում: Եթե դրանց արդյունքները դիտարկենք որպես հասարակական գնահատական, ապա թերևս առաջին անգամ հասարակությունը այդպես էլ չգնահատեց հայրենի արմատականներին: Անցնող ամիսներին էլ իրավիճակը շտկելու ուղղությամբ որևէ քայլ այդպես էլ չարվեց: Սա էլ հենց հիմնավորում է, որ մասնատված ընդդիմությունը ոչ մի դեպքում չի կարող այնպես ինքնադրսևորվել, որպիսին կկարողանար լինել դաշինքով ընտրությունների գնալու դեպքում: Հենց այս հանգամանքն էլ ժամանակից շուտ չեզոքացնում է գլխավոր ընտրական ինտրիգը` միաժամանակ հաստատելով, որ Հայաստանում իշխանափոխության համար հիմքեր չկան: