Կտրած ձեռքերի մթերանոց


 

Հնագետներն էլ երբեմն աղետալի գտածո են պեղում` բնավ հանցանշաններ ու հանցագործներ չորոնելով: Երկրի ընդերքի նման սարսափելի մի շերտ են օրերս բացել Եգիպտոսի հինավուրց Թել էլ-Դաբա պալատի տարածքում հին քաղաքակրթության հետքեր որոնողները` կտրտված ձեռքեր հայտնաբերելով (գրել է LiveScience.coΗ-ը):

Թել էլ-Դաբայի տարածում հնադարյա Ավարիս քաղաքի ավերակներն են: Այստեղ է գտնվել հիքսոս հինավուրց ժողովրդի մայրաքաղաքը, որը շուրջ 3,6 հազար տարի առաջ նվաճել է Եգիպտոսը: Ու միապետի պալատի փլատակների խորքում հնէաբանները հայտնաբերել են գահասրահը և դրա հարևանությամբ գտնվող 4 փոսեր, որոնց մեջ թաղված են եղել մարդկային աճյուններ:

Փոսերից 2-ում տղամարդկանց կմախքներ են եղել, որոնց աջ ձեռքերից բացակայել է դաստակը: Իսկ այդ դաստակները` թվով 14 հատ, գտնվել են հարևանությամբ փորված մյուս երկու փոսերում:

- Ձեռքերի մեծ մասը բավական մեծ էին, իսկ մի քանիսը` չափազանց մեծ,- պատմել է պեղումների ղեկավար Մանֆրեդ Բյետակը:

Նրա կարծիքով` կմախքները նախկինում ռազմիկներ են եղել, որոնց հիքսոսները սպանել կամ գերի են վերցրել պատերազմի ժամանակ: Անցյալ ժամանակներում եգիպտական ավանդույթի համաձայն ռազմիկը կարող էր կտրել իր սպանած թշնամու ձեռքը, ապա դրա դիմաց դրամական պարգև ստանալ, որը կոչում էին «Քաջության ոսկի»: