Կիսամերկ պարը թանկ արժեցավ


 

Օգոստոսի սկզբներին վիետնամական VietJetAir բյուջետային ավիաընկերությունը օդային աննախադեպ հնարանք էր մոգոնել: Լողազգեստ և կարճ կիսազգեստ հագած 5 ուղեկցորդուհիներն ինքնաթիռի անցարանի մոտ հավայական պար են պարել: Ուղևորներն, իհարկե, մի լավ զվարճացել են ու չեն զգացել, թե ինչպես Հոշիմինից Նյաչանգ քաղաք հասան: Զվարճացել ու բջջային հեռախոսներով նկարահանել են «օդանույշներին»:

Բայց ահա իշխանություններին դուր չի եկել այդ հնարանքը, և ինչպես տեղեկացրել է Tuoi Tre թերթը` ավիաընկերությունը տուգանվել է 20 միլիոն վիետնամական դոնգ (969 դոլար): Պաշտոնատար անձանց մեկնաբանմամբ` VietJetAir-ի աշխատակիցները «խախտել են ուղևորատար փոխադրումների համար տեղական իշխանությունների սահմանած կանոնները»: Մինչդեռ ընկերությունն իր կայքում այլ կերպ է բացատրել նման քայլը: Նրանք կամեցել էին «օդային անհոգ մթնոլորտ» ստեղծել` նոր երթուղու թռիչքի ժամանակ:

Պարեցին, տուգանվեցին, բայց միջադեպը դեռ երկար կհիշվի: Խնդիրն այն է, որ համացանցում տեղադրված 3 րոպեանոց տեսահոլովակում ուղեկցորդուհիները հիմա արդեն պարում են բոլոր հետաքրքրասերների համար: Իսկ դա աշխույժ բանավեճ է առաջացրել պահպանողական երկրում: