Ինքնասպանության հասցնելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով


 

Գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել. որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքներով, անգիտակից վիճակում, բուժօգնության էր տեղափոխվել 28-ամյա Ա.-ն:

Գիտակցության գալուց և վիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո, կինն ասել էր, թե գիշերը պատահաբար վայր է ընկել Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող դիահերձարանի մոտ: Սակայն ոստիկանության ծառայողները հաջորդ օրը պարզել են, որ կինը վնասվածքներն ստացել էր Աբովյան քաղաքի իրենց բնակարանում ինքնասպանություն գործելու նպատակով խոհանոցային դանակով որովայնին հարվածելու հետևանքով:

Ի՞նչը կարող էր երիտասարդ, ամուսնացած կնոջն ինքնասպանության դրդել, մանավանդ` ամուսնու հետ զրույցներում, նրա պահվածքում և վարքագծում ոստիկանները կասկածելի ոչինչ չէին նկատել: Ավելին, ամուսինն էլ անկեղծորեն ցավում էր և ապշահար էր կատարվածից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների շնորհիվ հաջողվել է պարզել դեպքի իրական շարժառիթը:

39-ամյա Արշալույս Փ.-ն մայիսի 27-ին երեկոյան «Էդեմ» ռեստորանային համալիրում պարտքուպահանջի հարցի շուրջ վիճաբանել էր Ա.-ի հետ, հայհոյել նրան և սպառնացել, որ եթե մինչև հաջորդ օրն առավոտյան ժամը 9-ը չվերադարձնի իր ընկերուհու պարտքը` ապա նա հրապարակավ կպատռի Ա.-ի դիմակն ու նրա ամուսնուն և հարազատներին կպատմի մարմնավաճառությամբ զբաղվելու փաստի մասին:

Վերադառնալով տուն` հոգեկան ծանր ապրումների մեջ հայտնված և ընկճված Ա.-ն դիմել է ծայրահեղ քայլի և ինքնասպանություն գործելու նպատակով դանակով երկու անգամ հարվածել իր որովայնին...

Չփորձելով խորամուխ լինել դեպքի մանրամասներում և առավել ևս` գնահատականներ տալ պատմության հերոսներին, ասենք միայն, որ ոստիկանները Արշալույս Փ.-ին կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածների մեղադրանքներով` ինքնասպանության հասցնելը և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: