Խիմկիում հայերը եկեղեցի կունենան


 

Համեմատաբար երիտասարդ է մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հայկական համայնքը: Սակայն միաձույլ է, համախմբված: Այնտեղ բնակություն հաստատած մեր հայրենակիցների կարծիքով` դա պայմանավորված է համայնքի ղեկավար Կամո Ամբարյանի կազմակերպչական ունակություններով և հայասիրությամբ:

- Նա ոչ միայն հայերիս շրջանում, այլև ողջ քաղաքում բարի համբավ է վայելում` անձնվեր իր աշխատանքով: Օգնում է բոլոր կարիքավորներին և հատկապես Հայրենական մեծ պատերազմի հերոսներին ու վետերաններին: «ձԾՌհ» ՍՊԸ մեխանիզացիայի և շինարարական վարչության գլխավոր տնօրենն է և 14 տարի զբաղվում է քաղաքի փողոցների մաքրմամբ ու բարեկարգմամբ: Դրան զուգընթաց` ճակատագրի բերումով այստեղ հայտնված հայերին օգնում է` ավելի հեշտորեն ինքնահաստատվել: Տարիներ առաջ նա երեկոյան դպրոց էր բացել, որպեսզի հայրենիքից հեռու ապրող հայ մանուկները սովորեն իրենց լեզուն ու ժողովրդի պատմությունը: Հետո դպրոցը դադարեցրել էր իր գործունեությունը, բայց այս տարի Կ. Ամբարյանը որոշել է կրկին վերաբացել այն, որտեղ հայերեն սովորել կկարողանան նաև այլազգիները` ցանկության դեպքում: Քաղաքում շուտով նաև հայկական եկեղեցի կունենանք, որի շինարարությունն արդեն սկսված է,- պատմում է Խիմկիում բնակվող Ժենյա Սարգսյանը:

Նա նշում է նաև, որ տեղի հայկական համայնքի մյուս անդամները ևս ցանկանում են, որպեսզի Հայաստանում նույնպես ճանաչեն Կամո Ամբարյանին, ով հեռվում ապրելով` մտահոգ է իր երկրի ապագայով, իր հայրենակիցների ճակատագրով: