ԱՂՔԱՏՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ


 

Հայաստանում բացառիկ են դեպքերը, երբ ԱԺ պատգամավորի մանդատ են ստանում համեստ ապրող մարդիկ: Գլխավորապես մեծամասնականով ընտրվածների համար կարևորը ոչ թե քաղաքական ըմբռնումներն են, օրինաստեղծ գործունեություն ծավալելու պատրաստակամությունը, այլ` սեփական ունեցվածքի դիրքերի ամրապնդումն ու հարստության բազմապատկումը: Ասվածը հիմնավորելու համար ծանոթանանք ԱԺ ամենալռակյաց պատգամավորներից մեկի` Արայիկ Գրիգորյանի ունեցվածքին: Այս պատգամավորի որևէ ելույթ ոչ ոք չի լսել, նրա անունը չի հայտնվել որևէ օրինագծի տակ, փոխարենը` նա այսօր Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ինչին նպաստում է նաև մանդատը:

Երևանում Արայիկ Գրիգորյանն ունի 2 բնակարան` 171.4 և 198.1քմ մակերեսով, ավտոհանգրվան, ինչպես նաև մոտ 25 հա խաղողի այգի Արարատի մարզի Այգավան գյուղում, այգեգործական հողամաս` Ուրցաձոր գյուղում, մի քանի հեկտարի հասնող հողամասեր և 679.31քմ մակերեսով բնակելի տուն ու տնամերձ հողամաս` նաև հայրենի Ավշար գյուղում: «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ն պատկանում է պատգամավորին. և գործարանի տարածքն ու հողերը ևս Արայիկ Գրիգորյանի անունով են գրանցված: Ըստ պատգամավորի հայտարարագրի` ընդհանուր առմամբ, ՍՊԸ-ն Ավշար և Մխչյան գյուղերում ունի 4399.3քմ մակերեսով շինություն և 4.47 հա հողատարածք: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է միայն 1999թ. արտադրության «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան: 2011թ. մարտի 1-ից մինչ այս տարվա նույն ժամանակահատվածը Արայիկ Գրիգորյանն ունեցել է 146 միլիոն 966 հազար 160 դրամի եկամուտ, որից 3 միլիոն 135 հազար 310 դրամն ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 90 միլիոն 596 հազար 500 դրամը` «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը, իսկ 53 մլն 234 հազար 350 դրամը` նույն գործարանին վաճառած գյուղմթերքից ստացած եկամուտը: Մարտի 1-ի դրությամբ ունեցել է 1 միլիարդ 2 միլիոն 300 հազար դրամ և 864 հազար դոլար:

Տեղեկացնենք, որ Արայիկ Գրիգորյանը 2009 թվականին ունեցել է 110 միլիոն 72 հազար 40 դրամի եկամուտ, բացի դրանից` 48 միլիոն 395 հազար դրամի գույքային եկամուտ, իսկ 2010-ին` 216 միլիոն 312 հազար 959 դրամի եկամուտ:

Լ.Մ.