ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ` ԱՏԱՄՆԵՐՈՎ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընտրություններից առաջ բոլոր առողջապահական կազմակերպություններին հրահանգել է պրոթեզավորել ծերերին, ատամներ դնել: Եվ այդ բոլոր ծառայություններն` անվճար: Վատ չէ, իհարկե, որ պետության ղեկավարը մտահոգվում է ծերերի խնդիրներով, սակայն զարմանալին այն է, որ նա այդ մասին հիշել է միայն ընտրությունների նախօրյակին:
Սահակաշվիլու օրինակը կարող է վարակիչ լինել մեր համայնքապետերի և ավագանու անդամների թեկնածուների համար:
Ասում են, որ Մասիս քաղաքի քաղաքապետի թեկնածուներն արդե´ն մտածել և այս օրերին սկսել են ցուցակագրել բոլոր այն ծերերին, ովքեր ատամնաշարի խնդիրներ ունեն: Իսկ ահա Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներից մեկն էլ տնետուն ընկած հարցնում է, թե ո՞ր ընտրողը հենակի կարիք ունի:
Հակառակի պես` բոլոր ծերերը հենակներով ապահովված են...