Հայը հայի դեմ


 

Ոմանք կրկին «խաչակրաց արշավանք» են սանձազերծել` գործի դնելով ստի ու կեղծ մեղադրանքների մի ողջ «զինանոց»: Երևի քիչ են համարում քոչվոր հարևանների` մեր ազգային հպարտությունները վիրավորող վայրահաչոցները, հիմա էլ գիտակցված ու մտածված հակառակորդի կրակին յուղ են ավելացնում:

Ու պատերազմն այս կրկին հայը հայի դեմ է: Բայց ոչ թե շարքային քաղաքացու (ինչը ևս անթույլատրելի է), այլ անվանի գեներալ-մայորի, Արցախի հերոսի: Բարձրաստիճան սպայի, ով դեռ պատերազմի տարիներին լեգենդ էր ու էլ շարունակում է մնալ լեգենդ:

Այսօր թե´ մեծ, թե´ փոքր, բոլորը ճանաչում են նրան, ով դեռ մարտադաշտում մկրտվեց «Կոմանդոս» պատվանունով:

Պատերազմի տարիներին սահմանամերձ բնակավայրերի թոթովախոս մանուկները թնդանոթների մահաշունչ որոտում անգամ հավատում էին, որ թշնամին պարտվելու է, քանի որ Կոմանդոսն է առաջնագծում:

Արցախամարտի արհավիրքը տեսած գեներալը, սակայն, որ այսօր էլ ցավալիորեն դարձել է չկամների թիրախը, շարունակում է ժպտալ իր լուսավոր ու անկեղծ ժպիտով:

Ինչպե՞ս սկսվեց այս ամբողջ սոդոմ-գոմորը. ՀԱԿ ակտիվիստները խոցվել են, որ Արկադի Տեր-Թադևոսյանը պնդել է, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանն իբր «տեղյակ չի եղել», որ Շուշին պիտի ազատագրվի: Ամենահետաքրքիրը սակայն այն է, որ այս մասին խոսվել է նաև շատ ավելի վաղ, սակայն երբեք նման վայնասուն չեն բարձրացրել: Համացանցում ծավալված մեկնաբանություններում նրանց բերած միակ խղճուկ «ապացույցը» 2 րոպե տևողությամբ մի տեսանյութ է` «Շուշին ազատագրված է, Կոմանդոսի շնորհակալությունը» վերտառությամբ: Տեսանյութի բովանդակությանը ծանոթանալով` նույնիսկ չզարմացանք: Ռուսաց լեզվով գեներալ-մայորը հստակ ներկայացնում է Արցախյան ազատամարտի վետերանների խորհուրդը, ապա պատվոգիր է հանձնում Լևոն Տեր-Պետրոսյանին: Բնականաբար, ոչ մի խոսք Շուշիի մասին: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նաև շեշտենք, որ նախագահը խնդրում է իրեն ևս ներգրավել խորհրդի կազմում` որպես շարքային ու ամենավերջին անդամ:

Այո, այս հարցը դեռ երկար է քննարկվելու, դեռ շատերը կտարակուսեն, թե ինչպես կարող էր երկրի նախագահը տեղյակ չլինել պատրաստվող ռազմագործողության մասին: Շատերն էլ կփորձեն միավորներ շահել` անվերջ շահարկելով այս հարցը: Իրականությունը, սակայն, պատկերացրածից շատ ավելի պարզ է: Պետք է հաշվի նստել ընդամենը մեկ փաստի հետ: Ահա թե որն է ճշմարտությունը.

- Այս անվերջ քննարկումների մասին, թե իմացե՞լ է արդյոք ՀՀ առաջին նախագահը Շուշիի ազատագրման մասին, կասեմ միայն հետևյալը. դժվար թե այդ ժամանակ երկրագնդի վրա գտնվեր մի հայ, ով չիմանար այդ մասին: Արցախի ողջ ժողովուրդը, ՀՀ բնակչության մեծ մասը գիտեին, որ Շուշին պիտի ազատագրվի: Հնարավոր է` ես տեղյակ չլինեի, Դուք տեղյակ չլինեիք, սակայն չի կարելի մոռանալ, որ խոսում ենք երկրի նախագահի մասին: Պարզապես հարցադրումն է սխալ և ի սկզբանե սխալ է եղել: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը` որպես ՀՀ ԶՈւ Գերագույն Գլխավոր հրամանատար, Շուշին ազատագրելու հրաման տվե՞լ է արդյոք: Այդպիսի հրաման միանշանակորեն չի եղել: Եթե լիներ` թեկուզ թաքուն, թեկուզ փակ, կհանեին ու կհրապարակեին: (Իսկ դրա փոխարեն նախընտրեցին ներկայացնել քննարկվելիք խնդրի հետ որևէ առնչություն չունեցող տեսանյութ. Հ. Գ.): Այստեղ պատասխանատվության խնդիր կա: Ոչ ոք չցանկացավ պատասխանատվություն կրել իր ուսերին, այդ թվում` ՀՀ առաջին նախագահը: Իրականությունը սա է, ինչպես էլ որ ընկալվի: Շուշիի ազատագրման` «Հարսանիք լեռներում» ռազմագործողության քարտեզի վրա ստորագրել է միայն այն ժամանակ ԼՂ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` պատասխանատվության մի մասը վերցնելով իր վրա: Իսկ դա իսկապես հսկայական պատասխանատվություն էր, քանի որ հնարավոր էր նաև ձախողում: Նույն օրը երեկոյան նաև ԼՂ Գերագույն խորհուրդն է գործողությունն սկսելու որոշում ընդունել,- պատմում է այն ժամանակ ԼՂՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ, այսօր «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ նախագահի տեղակալ Աշոտ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Իրականությունը չափազանց պարզ է և ընկալելի, սակայն գեներալի խոսքերի մեջ խորամուխ լինելու և ճիշտ ընկալելու ցանկությունն է քիչ: Միշտ ավելի հեշտ է մեղադրելը, հատկապես երբ այսօր մեր իրականության մեջ ամենահեշտ ու անվնաս զբաղմունքը մարդկանց վիրավորելն է: Զրպարտելը մի մարդու, ով երբեք ոչ մեկին ոչ մի բառով չի դավել.

- Արկադի Տեր- Թադևոսյանը չափազանց հավասարակշիռ է իր բոլոր արտահայտություններում: Նա որևէ մեկին պաշտպանելու կամ մեղադրելու խնդիր չունի: Պարզապես չի կարող այդպիսին լինել: Նա նույն հանգստությամբ խոսում է նաև Մադրիդյան սկզբունքների սխալ լինելու մասին: Իսկ քննարկվող հարցի մասին խոսելու խնդիր նա երբեք չի դրել, հարցը տվել են, պատասխանել է: Ճիշտ հասկանալ կարող են, միայն ցանկություն է պետք: Սակայն երբ իրենց պնդումների հետ չհամընկնող տեսանյութ են տեղադրում, դա խոսում է այն մասին, որ չեն ուզում հասկանալ: Պարզապես ցավալի է. Ազգային արժեքները վիրավորելը, հերոսին ստախոս անվանելը ոտնձգություն է պետության և պետականության դեմ,- համոզված է Ա. Խաչատրյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ