«Լեհական օրագիր»


Ընթերցողի սեղանին է Սեդա ԽՈՅԵՑՅԱՆԻ «Լեհական օրագիր»-ը, որից առանձին պատառիկներ հատվածաբար տպագրվել են «Ավանգար դի» նախորդ համարներում: Սեդան այն հայուհիներից է, ով հանուն մի կտոր հացի, բախտ որոնող մեր հազարավոր հայրենակիցներից շատերի նման, ճաշակել է օտարության դառնությունը և օտարության մեջ էլ միշտ ջանացել օգտակար լինել հարազատներին: Հեղինակն իր օրագրով ընթերցողին գրավում է անմիջականությամբ, մտքերի, զգացմունքների և ապրումների պարզ ու անկեղծ շարադրան քով: Ու ակամայից մտածում ես, որ գրքի էջերում կճանաչես դեռևս օտարության մեջ դեգերող եղբորդ, մտերիմիդ ու բարեկամիդ: Գիրքն, այո, ցավի ու տառապանքի մասին է, բայց նաև` հույսի ու հավատի, այն լավատեսության, որը կա հեղինակի խոսքերում. «Դատարկ եմ տուն գնում, բայց կոտրված չեմ եղել... Փողն ինձ համար երբեք էլ արժեք չի ունեցել, ես փողին գերի չեմ եղել... ...Ես չարչարվել, տառապել եմ ընդամենը ապրելու համար...»: Վերջապես տասը տարվա դեգերումներից հետո հեղինակը տուն է վերադարձել և, ինչպես գրքի խմբագիր Գևորգ Ասատրյանն է նշում` այսօր իր օրերն է մթնեցնում երևանյան բազմահարկերից մեկի մեկ սենյականոց բնակարանում: Նա վերադարձավ, սակայն, ավաղ, մայրական սերն ու քնքշանքն արդեն ի զորու չեղան փրկել որդու` Արմեն Ղարագյոզյանի կյանքը: Ու կրկին իր լավագույն ընկերն ու բարեկամը մնացին իր հույզերի թարգման օրագիրը և լավ ու վատ հուշերը` Լեհաստանից: * * * Սեդան իր խորին շնորհակալությունն է հայտնում Երևանի Ավան համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանին` գրքի տպագրությունը հովանավորելու համար, ինչպես նաև Վարսիկ Պետրոսյանին, Հեղինե Կիրակոսյանին և Զորիկ Թամրազյանին` գրքի հրապարակմանը աջակցելու համար: Իսկ գիրքը կազմել և հրապարակման է նախապատրաստել Գևորգ Ասատրյանը, խմբագիրն է Գագիկ Մախսուդյանը, համակարգչային ձևավորումը` Արմեն Մանուկյանի: «Չեմ ուզում իմ հայրենակիցներին ցտեսություն ասել: Պարզապես այստեղ ընդունված չէ. աննկատ հայտնվում են ու աննկատ էլ անհետանում, գնում: Հիմա երբ տուն եմ գնում, նրանց բոլորին նույնիսկ մի տեսակ խղճում եմ: Հավանաբար նրանք դեռ երկար կմնան օտարության մեջ... ...Սիրելի լեհեր, ես երբեք չեմ մոռանա ձեր բարի ու կարեկից դեմքերը: Դուք ինձ պատսպարեցիք, հասկացաք, գնահատեցիք... Շնորհակալ եմ: Բոլորիդ հրավիրում եմ Հայաստան` մարդկության, քաղաքակրթության օրրանը: Եկեք որպես զբոսաշրջիկներ...»:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ