ԲԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆ ՖԻԼՄԵՐ


«Ռոլան Բիկով» հիմնադրամի նախաձեռնած մանկապատանեկան ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի ավարտական ղողանջները նույնքան հանդիսավոր ու ներկայացուցչական հնչեղություն ունեցան: 2001-ին անցկացված առաջին փառատոնից հետո, աջակիցների ու անհրաժեշտ նյութականի որոնումների անդուլ պրոցեսում, դժվար էր հավատալ, որ հոգևոր-բարոյական այս կարևոր սկիզբը ավանդական դառնալու միտում հանդես կբերի: Հիմա արդեն բոլոր անհաղթահարելի թվացող արգելքները հնարամտորեն շրջանցվել են: Կարելի է հուսալ, որ հաջորդ մեկնարկներն ավելի դյուրությամբ կկայանան` անժխտելի հեղինակության ձեռքբերման շնորհիվ փառատոնն այժմ արժանացել է պետական լուրջ վերաբերմունքի և կինեմատոգրաֆի անվանիների գործուն հոգատարությանը: Մնում է հուսալ, որ կազմակերպիչներն այսուհետ առավել մանրակրկիտ ու նպատակասլաց նախնական ընտրություն կանեն և հաջորդ փառատոների շրջանակներում հայ հանդիսատեսին կներկայացնեն մեր ազգային նկարագրին, մտածողությանն ու կենսակերպին անհամեմատ համարժեք, նոր սերնդի նպատակասլաց դաստիարակությանը մեծապես օժանդակող բարության սերմնացան ֆիլմեր: Երկրորդ միջազգային փառատոնի հանդիսավոր փակման արարողության կիզակետը, անշուշտ, մրցանակաբաշխությունն էր: Գերհագեցած ծրագրի մշտական հանդիսատեսը հիմնականում համաձայն էր ժյուրիի հետ: Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց ֆրանսիական «Հոգու համար» (ռեժիսոր` Պատրիկ Պուբել) աշխատանքը. անիմացիոն ֆիլմ` գերմանական «Պրոպելլերով թռչունը» (ռեժ.` Յան Լոխեր). լիամետրաժ ֆիլմ` բրիտանացի ռեժիսոր Չարլզ Սթարիջի «Լեսին»: Արենդ Ստինբերգենի (Նիդեռլանդներ) «Դոնը» արժանացավ մանկական ժյուրիի և ՍԻՖԵԺ-ի հատուկ մրցանակներին: «Ռոլան Բիկով» հիմնադրամի (նախագահ` Նունե Մանուկյան) մրցանակը ստացավ Թադեուշ Վիլկոշը (Լեհաստան)` «Ձարխոտի ծաղկի գաղտնիքը» կինոժապավենի համար: «Ռոլան Բիկով» ռուսաստանյան հիմնադրամի (նախագահ` Արմեն Մեդվեդև) մրցանակը հանձնվեց Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, որն, իր հերթին, հատուկ մրցանակ շնորհեց Գարի Բարդինին` «Չուչա-3» անիմացիոն ֆիլմի համար: Փառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ Վալերի Ախադովի (Ռուսաստան) «Ջերմոցային էֆեկտ» կինոժապավենը` հոգեբանական դրամատիկ մի պատմություն երկու լքված երեխաների` միայնակ սրտեր ջերմացնող մտերմության մասին: Կարծում եմ, հատուկ մրցանակների ու խրախուսանքի էին արժանի ցուցադրված 20 մրցութային ժապավեններից շատերը: Վստահ եմ, դրանք պատշաճ ուշադրության կարժանանան կինեմատոգրաֆիական այլ փառատոններում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ