Զարմանալի դյուրությամբ ընթերցվող էջեր


Սովորաբար մեծարման հավաքույթներում, հատկապես պաշտոնական, ինչ-որ շինծու, արհեստական զվարթության կենացային տրամադրություն է տիրում: Հենց այդ պատճառով հաճախ խուսափում եմ դրանց մասնակցելուց: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ հոբելյանական հանդիսությունն այս առումով հաճելի բացառություն կազմեց: Առաջին գնահատող խոսքերն ու նվերը (ՀԳՄ «Գրական վաստակի համար» հուշամեդալը) Լևոն Անանյանինն էին` տանտիրոջ իրավունքով: Պերճ Զեյթունցյանը վաղեմի գրչակից ընկերոջ անցած բեղմնավոր ճանապարհը` 1963-ին անհասկանալի կերպով արգելքի տակ հայտնված «Ետ մի նայիր» անդրանիկ գրքից մինչև «Խաղաղ զորանոցներ», «Մենախոսության ժամեր», «Կապույտ Երզնկա», «Թոթովենց», «Ապոկալիպսիս» ու «Համաճարակ», ներկայացրեց առանց ծեքծեքուն ածականների` ծանրակշիռ խոսքի պարզ ու անկեղծ խորքերից բխեցնելով դրանց ուրույն հատկանիշներն ու հավաքական հզոր ուժը: Բարեկամական մթնոլորտը աննկատ դյուրությամբ հագեցավ մարդկային սրտառուչ զգացմունքների ինքնաբուխ արտահայտություններից: Հավաքվածները սրտանց ուրախանում էին Դ. Դեմիրճյանի անվան և «Վահագն» համահայկական մրցանակների դափնեկիր, անվանի գրողի 45-ամյա գրական ու գրականագիտական տքնանքին տրվող նոր գնահատականների փաստերից` ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ: Արմինե Հովհաննիսյանի հայրենասիրական քնարական երգը, Ադալյանի գործերից քաղված խորիմաստ ասույթների ընթերցանությունն, իր` Ադալյանի հուզառատ երախտագիտության խոսքը, հումորախառն ու արժևորող ելույթները տոնակատարության վերափոխեցին միությունում վերջերս առօրյա միջոցառում դարձած հոբելյանական հավաքների շարքում առանձնահատուկ փայլ ձեռք բերած այս հանդիսությանը: Ազգային գրադարանի փոխտնօրենի բողոքը` գրապահոցում ընդամենը մեկական օրինակ ունենք Ձեր վերջին գրքերից` ամենաբարձր գնահատականն էր ընթերցողի հետ հոգևոր կապը անխաթար պահպանող գրողի արարչական գործունեության: Լավ է, որ իր քաղաքացիական-հայրենասիրական հստակ կողմնորոշմամբ, հրապարակախոսական հատու ու պատկերավոր գրչով, ալեգորիկ-ֆանտասմագորիկ գեղարվեստական արձակի ընդգրկուն, բայց փոքրածավալ կտավներով Ադալյանը շարունակում է հարստացնել իր գրական աշխարհը ժամանակի թելադրած նոր գույներով` նախորդներին հաջորդած նոր գրքերով` «Բեմական փորձ», «Թաղման թափոր», «Տեսիլք»... Ասենք, ամենանորը բոլորովին վերջերս լույս ընծայված «Փոխակերպություններ» ժողովածուն է: Նոր առիթ` կրկին խորասուզվելու Ադալյանի զարմանալի դյուրությամբ ընթերցվող նոր էջերում և նրա ենթատեքստային մտասևեռումներում գտնելու թափանցիկ ու հստակ նկարագրությունը մեր ապրած ժամանակի, այդ ժամանակն իր գործերով իմաստավորող մարդ արարածի: